Ահա այսպիսին է Մայդանը Լվիվում (ես կգերադասեմ Ուկրաինական գրելաձևը, կարծում եմ՝ դա ավելի ճիշտ է): Այստեղ Պուտինը նույնացվում է չարիքի, բռնապետության ու դավադրության հետ, իսկ Ռուսաստանը՝ կայսրության, բիրտ ու անզիջում ուժի աղբյուրի: Լվիվի Մայդանը վերածվել է ազգային վերածննդի հրապարակի, որն էությամբ խիստ հակառուսական տրամադրություններով առլեցուն է, իսկ ձևով՝ շատ հանդուրժողական, մտերմիկ, խաղաղ: Այստեղ մարդիկ հավաքվում են համախմբվելու, մի տեսակ մեկմեկու անհրաժեշտությունը զգալու, ուկրաինական ինքնությունը վերապրելու, վերարժևորելու և ուղիղ եթերով Ուկրաինական ճգնաժամի մասին նոր տեղեկություններ ստանալու համար: Այս ամենը յուրօրինակ մշակույթ է ձևավորել Լվիվում. բոլորը, կարծես, լցված են միմյանց օգնելու պատրաստակամությամբ, բոլորը սգում են Մայդանի զոհերին, մեծարում նրանց, ձևովորվել է համընդհանուր աֆեկտիվ վիճակ, երբ բոլորը բոլորին հասկանում են, բոլորը բոլորին բարեկամ են: Ցայսօր էլ Լվիվի ԲՈՒՀ-երում առանձնացված են սգո անկյուններ այն ուսանողների համար, ովքեր զոհվել են Մայդանում:
Այս վիճակը հրապարակ է նետել նաև ուկրաինական ազգը միավորող կարգախոսներ, իսկ դրանք հնչում են գրեթե ամենուրեք՝ cлава Україне-героем слава! Բայց, միևնույն ժամանակ, ակնհայտ նկատվում է Ուկրաինայի արևմտյան ու արևելյան հատվածների հստակ տարանջատման միտումը հանրության շրջանում, մարդիկ իրենց քաղաքական լեքսիկոնում խստորեն կիրառում են Արևմտյան Ուկրաինա և Արևելյան Ուկրաինա եզրը, նույնիսկ նկատվում է որոշակի թշնամական վերաբերմունք արևելցիների նկատմամբ, հավանաբար, արևելքում էլ նույն վերաբերմունքն է արևմուտքցիների նկատմամբ: Նույնիսկ արևելյան հատվածի պետհամարանիշներով մեքենաներն իրենց վրա էին գրավում տեղի բնակչության բացասական ուշադրությունը, մի տեսակ լարված վիճակ էր առաջ բերում այն ամենը, ինչը կապված էր արևելյան հատվածի կամ, առավելևս, Ռուսաստանի ու հատկապես Պուտինի հետ: Այսպիսով, Լվիվը վերածվել է Ուկրաինական մշակույթի կոնսերվացման, դրա քաղաքական տրանսֆորմացիայի յուրօրինակ կենտրոն: Այստեղից է ամենաթարմ և արագ ինֆորմացիան եվրոպայից հոսում դեպի Ուկրաինայի այլ շրջաններ: Լինելով հին և մշակութապես շատ հարուստ քաղաք՝ Լվիվն իր վրա է վերցրել արևմտյան արժեքների պրոպոգանդման և ուկրաինական քաղաքական մշակույթի դինամիկան ուղենշող ավանգարդային օկրուգի դերը: Չնայած ամեն ինչ արտաքուստ շատ խաղաղ է և հանգիստ, սկայն կարող է պայթել յուրաքանչյուր պահի, եթե հատկապես դրանում շահագրգռված լինեն գերտերությունները, որովհետև դրա համար կա լավ նախադրյալ՝ երկրի երկփեղկվածության քաղաքական-մշակութային խորացումը, որն իր առաջին ճաքերը տվեց դեռևս «նարնջագույն հեղափոխության ժամանակ» և խորացավ Մայդանում՝ կանգնելով փլուզման եզրին: Հիմա ժամանակը ուկրաինական նոր քաղաքական էլիտայինն է, որքա՞ն ճկուն, ստրատեգիական մտածողություն կցուցաբերի, որքա՞ն կլինեն ադապտիվ նոր իրողությունների նկատմամբ, կկարողանա՞ն, արդյոք, գտնել հակաճգնաժամային լավագույն որոշումներ և կանխել կոնֆլիկտի նոր հնարավոր էսկալյացիան: Դրա համար, առաջին հերթին, պետք է օգտագործել հասարակական կարծիքի «արտադրման» ծանր հրետանին՝ ԶԼՄ-ն և օգտագործելով ամերիկացի գիտնական Լիպսետի «կախարդական գնդակը»՝ կտրելով մարդկանց ուղեղներում արևելյան ու արևմտյան Ուկրաինա արմատացող հասկացությունները: