Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված կար վարկած, որ գերտերությունների տարաձայնությունների պատճառով Իրանը կարող էր մանևրել միջուկային ծրագրի շուրջ երեքշաբթի օրը Վիեննայում մեկնարկած բանակցությունների ժամանակ: Առավել ևս մեծ էր մտահոգությունը, որ Ռուսաստանը կարող էր մեղմացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ՝ կապված հենց ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակի և դրանց հետագա կառուցման վերաբերյալ: Սակայն վերջին օրերին տեղի ունեցած բանակցություններից հետո, ինչպես տեղեկացնում է WashingtonPost-ը, վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենին, ով նաև կոորդինացնում է Վեցնյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցությունները Իրանի հետ: Մենը մասնավորապես ասել է, որ չի նկատել Ուկրաինայի շուրջ ծավալվող դեպքերի բացասական անդրադարձը Իրանի միջուկային խնդրի բանակցությունների վրա:
Բանն այն է, որ Վեցնյակի բոլոր երկրները, սենց թե նենց, կարծես միակարծիք են, որ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք, բայց որոշակի մարտավարական հարցերում միասնականություն, այնուամենայնիվ, չկա: Օրինակ՝ Արևմուտքը պնդում է, որ Իրանին բավարար կլինի ունենալ շուրջ 2000 ցենտրիֆուգ՝ խաղաղ նպատակներով օգտագործելու համար՝ լինի դա բժշկական, թե այլ բնագավառներում: Այժմ, սակայն, Իրանը, ըստ տարբեր վարկածների, ունի շուրջ 9000 ցենտրիֆուգ և պատրաստվում է շարունակել դրանց կառուցումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը, որպես այդպիսին, ոչ մի անգամ հստակ չի արտահայտվել ցենտրիֆուգների քանակի վերաբերյալ: Հենց այստեղ էր, որ կար մտավախություն արևմտյան պաշտոնյաների շրջանում, որ Ռուսաստանը կարող է այդ հարցում «մեղմ» դիրքորոշումը որդեգրել Իրանի հանդեպ, և մեծացնել Իրանի ախորժակը` վնաս հասցնելով բանակցային ամբողջ գործընթացին:
Չնայած այն լավատեսութայնը, որն արտահայտում է Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը, հարկ է նշել, որ այսքանով Իրանի հետ Վեցնյակի բանակցությունները դեռ չեն ավարտվել: Ասեմ ավելին, բանակցությունների հաջորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 7-ից 9-ը՝ Վիեննայում: Իսկ մինչ այդ, դեռ շատ ջրեր կհոսեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այնպես որ, դեռ վաղ է խոսել Վեցնյակի միասնական և վճռական դիրքորոշման մասին:
Մյուս կողմից չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է չափից ավել երես տալ Իրանին, և փաստացի, զուտ ի հեճուկս Արևմուտքի, հնարավորություն ստեղծի Իրանի համար, որպեսզի այդ երկիրը ձեռք բերի միջուկային զենք: Ի վերջո, Ռուսաստանի պես պետությունը չի կարող մանկապարտեզային մակարդակի, կապրիզային տրամաբանությամբ մոտենալ նման կարևորություն ունեցող միջազգային հարցերին: Այլ բան է, որ կախված միջազգային իրադրությունից, Իրանը կփորձի որոշակի դիվիդենտներ շահել և հնարավորինս պահպանել, օրինակ, այն ենթակառուվածքները, որոնք մինչ այժմ ջանասիրաբար կառուցել, ստեղծել են այդ երկրում, և հնարավորինս քիչ զիջել բանակցային սեղանին: Բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարծում, որ Իրանում իրատես չեն և չեն հասկանում, որ ստեղծված իրավիճակում պետք է նաև սերտորեն աշխատել Արևմուտքի հետ և, օրինակ, ակնարկել հետագա էներգետիկ սերտ համագործակցության հնարավոր հեռանկարի մասին, որը որ կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացման առումով:
Դրանից բացի, Իրանում թերևս գնահատում են այն, որ այսօրվա դրությամբ իրենց հանդեպ պատժամիջոցների որոշակի թուլացումը թույլ է տվել տնտեսությանը մի քիչ շունչ քաշել: Ինչքան էլ Իրանում պնդեն, որ իրենք կարող են շարունակել և արդյունավետ կերպով կայուն զարգանալ պատժամիջոցների առկայության պարագայում, փաստ է, որ վերջին շրջանում այս երկրի տնտեսությունը սկսել է անկում ապրել, էլ չեմ ասում այն մասին, որ արտարժույթը լրջորեն դեվալվացիայի է ենթարկվում և ազդում է բնկաչության գնողունակության մակարդակի վրա:
Այնպես որ, չգիտեմ, թե ռուսները մեկ ամիս անց ինչ դիրքորոշում կընդունեն Իրանի հանդեպ, բայց պետք է հստակ հասկանալ նաև, որ Իրանը չի գնա բացահայտ սադրանքների` ելնելով իր իսկ ազգային շահերից: Իրանը չի կարող հավերժ դիմակայել Արևմուտքի պատժամիջոցներին, առավել ևս, եթե դրանք կրկին վերանայվեն և ավելի խստացվեն: