Չնայած Հայկոմկուսի Կենտկոմում ամիսներ առաջ ղեկավարի փոփոխությունից հետո քար լռություն է տիրում (իսկ հրաժարական տված նախկին 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այս ընթացքում ֆեյսբուքային ակտիվությամբ է առանձնանում իր պաշտոնական էջում), սակայն Վանաձորի կոմկուսի գրասենյակում շարունակում է պահպանվել եռամսյակը կամ կիսամյակը մեկ ասուլիս հրավիրելու ավանդույթը: Հերթականը մարտի 19-ին էր՝ նվիրված Ուկրաինայի ու Ղրիմի դեպքերին եւ ՀԿԿ Կենտկոմում տեղի ունեցած փոփոխություններին. այն է՝ Թովմասյանից հետո պլենումով ընտրված Տաճատ Սարգսյանը վերահաստատվել է պաշտոնում՝ մինչեւ համագումարը: (Այսպիսով, պաշտոնական կոմկուսը դեռ լռելու շատ ժամանակ կունենա, իսկ մինչ այդ՝ նույն պլենումով ընտրված գաղափարական քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ստիպված կլինի վանաձորյան ասուլիսներում ներկայացնել նաեւ մայր-կուսակցության դիրքորոշումը: Ասուլիսում արտահայտված մտքերի էությունն այն էր, որ հայ ժողովրդի փրկությունը Ռուսաստանն է, որ նաեւ Ղրիմի ժողովրդի փրկիչը հանդիսացավ ուկրաինական նացիոնալիզմի ոտնձգություններից, հայ ժողովրդի ապագան էլ, ըստ կոմկուսի, Մաքսային միություն մտնելն է, այնուհետ՝ Եվրասիական միությունը: Իսկ Եվրամիությանը կոմունիստները քննադատում են մի շարք արժեքների ներմուծման կամ այս կամ այն օրենքը պարտադրելու համար (որոնցից մեկն էլ 12-ամյա կրթական համակարգին անցնելն է): Ղուկասյանը քննադատեց ոչ միայն նրանց, ովքեր հակառուսական ու հակապուտինյան քննադատությամբ են հանդես գալիս, այլեւ նրանց, ովքեր չեն ճանաչում Ղրիմի Հանրապետությունը՝ որպես Ռուսաստանի մի պատմական մաս: Հարցիս՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ղրիմը, ընդունել է հանրաքվեի արդյունքները, իսկ պաշտոնական Երեւանը չի ճանաչում: Մի՞թե Արցախն ու Հայաստանը տարբեր են» խուսափուկ պատասխանեց տվեց եւ այդ փաստը պայմանավորեց հայ-ուկրաինական հարաբերությունների հետ կապված էթիկական (բարեկրթությունից դրդված) հանգամանքով, ինչը «թարգմանաբար» կնշանակի՝ «Բա որ հանկարծ Ուկրաինան նեղանա՞»: Ներքաղաքական զարգացումների ֆոնին կոմունիստներն իրենց պաշտպանության տակ առան վարչապետին՝ քննադատելով խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, թե ինչո՞ւ նրանք նախագահի հրաժարական չեն պահանջում, այլ՝ վարչապետի, բայց եւ նկատեցին, թե «3 նախագահ ենք փոխել, 8 վարչապետ, ի՞նչ է փոխվել»: Թե Ղուկասյանը եւ թե ասուլիսին մասնակցող 2 քարտուղարները համոզված էին, որ խորհրդարանական ընդդիմությունը «վախենում է նախագահի անունը տալ», քանի որ «վախենում են, թե բիզնեսներից կզրկվեն»: Դե իսկ կոմկուսը բիզնես չունի, բայց մտահոգված է, թե ինչո՞ւ ներկրվող մեքենաների համար մաքսատանը մեծ տուրք են մուծում. «4000-դոլարանոց մեքենայի համար՝ 2000դոլար»: Հարցիս՝ «Դուք դրանում անձա՞մբ եք համոզվել, թե ձեզ պատմել են»՝ բանախոսը տեղեկացրեց, որ ծանոթներն են դժգոհել: Քաղկոմի 1-ին քարտուղարը համոզված է, որ վարչապետին ցանկանում են նորով փոխարինել, որպեսզի այդ նորին էլ հետո դարձնեն նախագահ: «Իսկ ո՞ւմ են ուզում դարձնեն նախագահ»՝ հարցիս էլ ծիծաղելով պատասխանեց. «Մաքսային միություն կմտնենք՝ կերեւա»: Սա էլ «թարգմանաբար» կարելի է հասկանալ՝ «Պուտինն ում կցանկանա»: Քանի որ ասուլիսի ընթացքում նաեւ արտագաղթի առթիվ մտահոգություն հնչեց, ուստի հետաքրքրվեցի, թե արդյո՞ք այդ հարցում տեղական իշխանությունների մեղքի բաժինը չկա, Ղուկասյանը պատճառաբանեց, թե օրենքով տեղական ինքնակառավարման լիազորությունները սահմանափակ են, քաղաքապետը լիազորություններ չունի գործարանների վրա: «Իսկ չէ՞ որ ՏԻՄ-երին են պատկանում մանկապարտեզները, դպրոցները, քաղաքապետարանը, եւ այս ոլորտում չարաշահումների, առանց մրցույթի կադրային նշանակումների մասին քանիցս խոսվել է, մի՞թե դա արտագաղթի պատճառ չէ», Ղուկասյանը ստիպված էր համաձայնել, եւ անգամ հիշատակեց, որ խորհրդային տարիներին մերձավոր ազգականներն իրավունք չունեին նույն վայրում աշխատել: Ասուլիսը վերջում վերածվեց «բաց դասի»՝ պատմական էքսկուրսի կարգով, որին մասնակցում էին թե՛ կոմկուսի ներկայացուցիչները, թե՛ լրագրողները: Իսկ 2-րդ քարտուղար, Քարաձոր գյուղի բնակիչ, մասնագիտությամբ մանկավարժ Մյասնիկ Հովակիմյանը հայտնեց, թե «Մենք անբարոյական ազգ ենք՞: Ինչո՞ւ՝ «որովհետեւ ո՛չ Հոկտեմբերի 27-ը բացահայտվեց, ոչ Մարտի մեկը»: Նաեւ քննադատեց, թե ինչո՞ւ Ռուբեն Թովմասյանը հրաժարական տվեց, եւ այդ հարցում համոզված էր, որ իշանությունների մատը խառն է: Ասուլիսի վերջում հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ «Ազատություն« ռ/կայանը չի լուսաբանում կոմկուսի ասուլիսները, Ղուկասյանը պատասխանեց, որ մի քանի անգամ ասուլիսներին հրավիրել է «Ազատությանը» բայց չեն եկել, ինչը բացատրվեց ռադիոկայանի եվրոպամետ լինելու համգամանքով: Ի դեպ, Ղուկասյանը, վկայակոչելով Սոլովյովի քաղաքական հաղորդումը, Եվրոպային էլ մեղադրեց Ղրիմի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու հարցում: Ասուլիսից հետո պատահաբար հանդիպեցինք երբեմնի հնագույն կոմունիստ, նախկին երեւանաբնակ, Երեւանի թիվ 162 դպրոցի նախկին երկարամյա տնօրեն կենսաթոշակառու Սվետլանա Համբարյանին, եւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այլեւս չի մասնակցում կոմկուսի ասուլիսներին, պատասխանեց, որ խորապես հիասթափված է ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքականությունից, եւ չնայած կապերը խզել է կոմկուսից, սակայն տոմսը սրբությամբ պահպանում է (ինչպես շատերը): Թեպետ տեղեկացրեց, որ ոգեւորված է Ղրիմի դեպքերով, եւ հատկապես՝ Պուտինով:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ