Երեկ Հայաստանը, կարելի է ասել՝ հստակեցրեց իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք արդիական հարցեր: Այդ հարցերից, սակայն, ամենաարդիականը և սպասվածը, թերևս, հենց Ղրիմի հարցն էր, որին ևս անդրադարձել են երկու նախագահները: Այսպիսով՝ հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեին, կողմերը արձանագրել են, որ այն ազատ կամքի արտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Մամուլի հաղորդագրության մեջ շատ հստակ նշված է, որ նման եզրահանգման են եկել կողմերը, այլ ոչ թե կողմերից մեկը, ասել է թե, ռուսական կողմը: Այնպես որ, մենք էլ մեր հերթին կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ճանաչել է Ղրիմի հանրաքվեի լեգիտիմությունը:
Սա շատ պատասխանատու որոշում է Սերժ Սարգսյանի կողմից: Չմոռանանք, որ Ուկրաինայի տարածքում ապրում են հարյուր-հազարավոր հայեր, և Հայաստանի ցանկացած դիրքորոշում կարող է ուղղակի անդրադարձ ունենալ այդ մարդկանց վրա: Եթե Ղրիմում ապրում է շուրջ 15.000 հայ, ապա Ուկրաինայի մնացած տարածքում հայերի թիվը, միջին հաշվարկներով, տասնապատիկ ավել է: Դրա պատճառով, անձամբ իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ մի քիչ սպասել` Ղրիմի հարցում հապշտապ որակումներ և գնահատականներ տալուց առաջ:
Մյուս կողմից, սակայն, եթե համեմատականներ տանենք Կոսովոյի հետ, ապա հարկ է նշել, որ երբ Կոսովոն մի քանի տարի առաջ անկախացավ, մենք այն ժամանակ էլ կարծես ողջունեցինք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նույնիսկ ամեն պատեհ առիթի Կոսովոն ներկայացնում էինք որպես նախադեպ Արցախյան հակամարտության կարգավորման համար, բայց դրա հետ մեկտեղ մենք այդպես էլ այդ երկիրը պաշտոնապես չճանաչեցինք` ելնելով Սերբիայի և Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կոնյուկտուրայից:
Այնպես որ, հաշվի առնելով նույնիսկ Սարգսյան-Պուտին երեկվա հեռախոսազրույցը, կարելի է ասել, որ առայժմ Հայաստանը վերջնականապես, դե յուրե չի ճանաչել Ղրիմի` Ռուսաստանին միանալու որոշումը: Ճիշտ է, մենք խոսում ենք զուտ իրավական հարթության մասին, քանի որ, այնուամենայնիվ, դե ֆակտո մենք արդեն ճանաչել ենք այդ որոշումը, բայց հաշվի առնելով այն, ինչ քիչ առաջ ասացի, առկա է մեղմացուցիչ հանգամանք:
Այժմ պետք է հուսալ, որ Ուկրաինայի իշխանությունները, որոնցից առնվազն մի մասը բաղկացած է ազգայնականներից, չեն դիտարկի սա որպես թշնամական քայլ Հայաստանի կողմից և չեն հալածի հայ համայնքին, որի վտանգը միանշանակ կա: Բայց դե իրավիճակն էլ այսօր այնպիսին է, որ Հայաստանը առանձնապես ելք էլ չունի չեզոքություն պահպանելու: Ներկայիս աշխարհաքաղաքական պայքարում, երբ մեր դաշնակիցը, թե´ ռազմական, թե´ տնտեսական, թե´ առհասարակ բոլոր առումներով Ռուսաստանն է, տրամաբանական էլ չէ, որ մենք գործենք ի հեճուկս Ռուսաստանի…