Մինչեւ մարտի 15-ը դեռ ինչ-որ հույսեր կային, որ ապագայում, երբ իշխանափոխության եւ իշխանության գլուխ ազգային ուժերի գալու շնորհիվ Հայաստանը կկարողանար մի քիչ ամրապնդել իր ինքնիշխանությունը, իսկ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները քիչ ավելի կջերմանային՝ նորից օրախնդիր կդառնար Իրանից Հայաստան-Վրաստան-Սեւ ծովի հատակ-Ուկրաինա-Եվրոպա խոշոր տրամագծի (առնվազն 1,5 մ) գազատարի կառուցման նախագիծը: Հիշենք, որ մինչեւ հայ-իրանական սահման Իրան-Հայաստան գազատարը հենց այդ տրամագիծն ունի, ինչը հնարավորություն է տալիս 20 մլրդ. խմ գազ մղել: Իր տարածքով նման ծավալի գազի տարանցումից (շուրջ 600 կմ) Հայաստանը կարող էր ըստ ամենակոպիտ հաշվարկների ստանալ տարեկան 400-600 մլն. դոլարի եկամուտ: Համեմատության համար՝ ընդամենը 100-200 միլիոն դոլարով գազի գինը տարեկան զեղչելու կամ մի այդքան էլ զեղչված ռուսական զենք գնելու համար Հայաստանի գործող վարչակարգը խաչ է քաշում Հայաստանի ինքնիշխանության վրա՝ տանելով մեզ բոլորիս «մաքսային կառափնարան»: Սակայն Ղրիմի միացումը Ռուսաստանին կարծես թե ի դերեւ արեց նաեւ այս հեռանկարը եւ իրանական գազի Եվրոպա տարանցման միակ ուղին մնաց Թուրքիան: Իր տարածքով այս ծրագրի իրագործումից Թուրքիան կկարողանա ստանալ առնվազն մի քանի միլիարդ դոլարի եկամուտ եւ աշխարհաքաղաքական հավելյալ հսկայական դիվիդենտներ: Սա էլ այն մասին, թե ինչ շահեր ունի Հայաստանը Ղրիմում, կամ Ուկրաինայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152031989717199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել