Հայկական երկու հանրապետությունները անդրադարձել են վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես Ղրիմում անցկացված հանրաքվեին և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի կարգավորման հեռանկարին: Հայտնի է, որ միջազգային հարցերում, որոնք վերաբերում են այնպիսի հիմնարար, կարևորագույն սկզբունքների, ինչպիսիք են երկրների տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, պաշտոնական Երևանը կա՛մ ցուցաբերում է շատ հավասարակշռված մոտեցում, կա՛մ էլ սար ու ձոր ընկնելով, անուղղակի կերպով ողջունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է Արցախի դիրքորոշմանը, ապա շատ անգամ այնպիսի տպավորություն է, որ կարծես Ստեփանակերտը, լինելով չճանաչված հանրապետություն և չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, ասում է այն, ինչը «հոգու խորքում» ուզում է ասել Երևանը, բայց չի անում, որպեսզի չվնասի իր պաշտոնական հարաբերությունները ինչ-ինչ երկրների հետ: Բայց այս անգամ իրավիճակը մի քիչ այլ էր. Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը տարբերվող էր՝ ի տարբերություն այլ հարցերի վերաբերյալ հնչած պաշտոնական դիրքորոշումների:

Երեկ գրեթե զուգահեռաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները անդրադարձան Ղրիմի հանրաքվեին: Ինչպես և սպասելի էր, Ստեփանակերտը արտահայտվեց բավական վստահ, հստակ և ողջունեց Ղրիմի ժողովրդի կամաարտահայտման իրավունքը և հանրաքվեի անցկացումը դիտարկեց որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում` հիշեցնելով, որ տվյալ իրավունքը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերում: Իսկ Երևանը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, «Առաջին» լրատվական ծրագրին տված հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանեց հետևյալ կերպ. «Մենք կողմ ենք, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»:

Տեսեք, բանն այն է, որ Ռուսաստանը վերջին շրջանում խոսելով Ղրիմի կարգավիճակի մասին, մշտապես պնդում էր և շարունակում է պնդել, որ պետք է հարգվի երկրամասի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համաձայն մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերի և ՄԱԿ-ի կանոնադրության: Հիմա այդ համատեքստում Արցախը ողջունում է Ղրիմի ժողովրդի կամարտահայտման իրավունքը և կոչ է անում դրանից բխող հետագա ցանկացած խնդիր լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերի հիման վրա: Իսկ Արցախին զուգահեռ, պաշտոնական Երևանը, անդրադառնալով Ղրիմին, բաց է թողնում երկրամասի ժողովրդին «շնորհավորելու մասը», բայց կողմ արտահայտվում, որ ճգնաժամը կարգավորվի ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա:

Ես բնավ չեմ ասում, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, կամ էլ մնացած բոլոր միջազգային փաստաթղթերը նախատեսում են բացառապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքները: Բայց ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, որտեղ ներկայացվում են այդ ամենամեծ և ամենահեղինակավոր միջազգային կազմակերպության նպատակները առկա է հետևյալ բովանդակությամբ սկզբունք. «Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները` հիմնվելով հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հարգանքի վրա և ձեռնարկել այլ համապատասխան միջոցներ՝ հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման»:

Ասեմ ավելին, բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանը կոչ է արել խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, դա մշտապես եղել է Արցախի հակամարտության կոնտեքստում, ասել է թե, կոչ է արել հակամարտությունը լուծելիս հաշվի առնել հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այնպես որ, հաշվի առնելով առկա բոլոր հանգամանքները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը, ինչպես և Արցախը, երեկ ողջունեցին Ղրիմի ինքնորոշման իրավունքը, թեկուզև յուրահատուկ ոճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել