Իրատես.ամ

Պետք է հպարտությամբ արձանագրել, որ վերջին շրջանում սկսված հայոց քաղաքական կլոունադան շարունակվում է ստախանովյան տեմպերով: 
Աշխարհը շուռ է գալիս, «քամակը դեմ է անում», երկիրը կրկին կանգնած է գրեթե անլուծելի աշխարհաքաղաքական հարցերի առաջ, իսկ Ծառուկյանը հանդիպումների շարք է իրականացնում` անհայտ նպատակներով (այլ կերպ ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո տարընթերցումներն ու տարաձայնությունները չես որակի), անհայտ օրակարգով, հիմա էլ պարզվեց` անհայտ տեղերում:
Յոթ օր-յոթ գիշեր հայ քաղաքական-բանական միտքը գլուխ է ջարդում հասկանալու` որտեղ են հանդիպել այդ երկու խիստ օդիոզ ֆիգուրները և «իքստիքյան» ինչ են խոսել աշխարհի մասին, արդյո՞ք յուր «փաթասխանի» մեջ կոնկրետ ու գործնական է եղել Գագիկ Ծառուկյանը` ֆինանսների պակասից տնքացող ՌԱՀՀԿ-ի և մնացած «կկ»-ների փակման տակ կքած Րաֆֆի Հովհաննիսյանի հարցադրումներին պատասխանելիս:
Եվ այնուհանդերձ, կոնկրետանալուց հետո ինչո՞ւ գաղտնի պահվեց հանդիպման վայրը: 
Որովհետև այլ ասելիք ու «փաթասխան» հանրությանը տալու՝ չկա՞ր:
Լավ, էդ երկուսի կողքին մի, գոնե կես խելոք մարդ չկա՞ր՝ ասեր` չի կարելի այդքան ծիծաղելի լինել, առավել ստույգ` ողբերգություն լինել երկրի գլխին:
Շատ պարզ պատճառով. ֆարսը կրկնվելիս անխուսափելիորեն ողբերգության է վերածվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել