Ահա և եղավ այն, ինչ որ կարելի էր սպասել: "Շանթի" գաղափարախոսները, հազար ճիշտ ու սուտ իրար խառնելով, սրա-նրա խոսքը վարպետորեն խուզելով ու մտածելու համար ժամանակ չտալու նպատակով կադրերն արագ-արագ փոխփխելով, դիմում գրողների թույլ ու անկայուն օղակները գտնելով ու նրանց "մեղա գալ տալով", հայտնի ու հարգված մտավորականներից մի երկուսին «կթվորուհիների» շարքը դասելով, ինքնահիացումի ու ինքնագովազդի հախուռն գրոհների դիմելով՝ "հաջողացրին" ճանապարհ հարթել "Անծանոթը" կոչվող նոր սերիալի համար, որը խոստանում է շատ ավելի վնասակար լինել հասարակության և հենց իրենց համար, քան նախորդները ("Բանակումը" նկատի չունեմ, որի համար գուցե կարելի է որոշակի վերապահում անել):
Բնականաբար, համաձայն անխափան գործող կարմայի օրենքի՝ դրա արդյունքում զոհերն էլ "Որոգայթի" մեկի փոխարեն մի քանիսը կլինեն, և էլի բոլորն էլ հայ մարդիկ... Ի վերջո, ով ինչ անի՝ իրեն կանի: Եվ կրկին Ա. Աբրահամյանը տեղի ունեցածը կպատճառաբանի "բիզնեսում գործող անառողջ մրցակցությամբ"՝ դրանով իսկ "Շանթի" մեղքի բաժինը փորձելով բարդել մյուս հեռուստաալիքների վրա...



