Առաջին անգամ Թագուհին նրան տեսավ կիրակի օրը՝ տան մերձակայքի կրպակներից մեկի մոտ, երբ վերջինիս՝ մնացե՞լ է հարցադրմանն ի պատասխան՝ վաճառողն, առանց գլուխը բարձրացնելու, առանց գնորդի դեմքին նայելու, նրան պարզեց շախմատային պարբերականի հերթական համարը, փոխադարձ ըմբռնումի կատարյալությամբ, սակավախոսության բացարձակ արդյունավետությամբ, պարզ քայլի հանճարեղությամբ, սև ու սպիտակով, հաշվարկված, գեղեցիկ, մի խոսքով՝ շախմատային, այսինքն՝ ներքին ալեկոծությունները զսպած արտաքնապես...

Թագուհին հետո էր իմանալու, որ գնորդն ու հաճախորդը տասնհինգամյա ամուսիներ են, որոնք ամբողջ յոթնօրյակի ընթացքում միմյանց տեսնում են միայն այդ օրը, որովհետև շաբաթվա մյուս օրերին, երկուսն էլ առավոտ կանուխ, տարբեր ժամերի, մեկնում են աշխատավայր:

Կրպակավաճառուհին ավելի շուտ՝ երեկոյան ժամի վերադառնում է անկողակից բնակարան, ապաև՝ մեկուսի քնում, քանզի եկողը կեսգիշերն անց է գալիս, անկանոն մտաթափառումներով, մարզաձևի ներկայացուցչին բնորոշ ցրվածությամբ, գերհոգնածությամբ, ջախջախված քնամեռյալության անխոսւափելիությամբ՝ ծանր ու աշխատաար օրվա, պարապմունքների, մրցաշարերի և այլնի հետևանքով, և քնում է կինը, քանզի այլ զբաղմունք չունի (կենցաղայինները հասցնում է նախանձելի արագությամբ, էգ, տնային տնտեսուհի խաղալու կարոտ-նազանքով), և փակում է աչքերն՝ աներազանք, անակնկալիք, որովհետև կարդալու բան չունի այլևս, կրպակ-հիմնարկում օրվա մամուլին ծանոթանալու, իսկ առանձին օրաժամերին՝ նաև որևէ գիրք ընթերցելու, մեկ-երկու խաչբառային լիցքաթափումներ անելու պատճառով, և, որովհետև տեղեկացված լինելու իրավունքը գերակատարված է, բացառված է մեծ իրադարձության սպրդումն իմացությունից, թիվիներն էլ առանձնապես գրավչությամբ չեն կարող խաթարել նրա ձանձրույթի չափաբաժինը, որովհետև նաև երաժշտական ու մշակութային իրադարձությունների մասով էլ հագուրդ կա՝ կրպակի ռադիոձայնարկիչի շնորհիվ....

Այնպես որ, կնոջ համար չիմացության հորիզոնն ավելի գրավիչ կարող է լինել, թերևս, քան իմացությանը, որ օրավուր բնականոնությամբ է այլևս…Կուզեր ոչինչ չիմանալ, բայց երջանիկ լինել, կուզեր ոչինչ չիմանալու դժբախտությունն ունենալ կամ էլ…

Ամուսնու պատճառով ատում էր ամեն ինչ, հիշեցնում էր շախմատը...թե՞ հիշեցնում էր ամուսնուն...կամ երկուսը՝ միասին: Ատում էր զինվորներին, ձիերին, նավերին, թագավորներին, Թագուհի անունով կանանց, աղջիկներին. նախապաշարմունքային եղկելի հակակրանք էր սողոսկել իր սիրտը, որը ժամանակին կենսուրախ, բազմասեր էր: Գնումներ անելիս, առաջին հերթին, հարցնում էր վաճառողի անունը, և, թեթևացած հոգով շարունակում էր գործարքը կամ սակարկումը, եթե Թագուհին, Թագուշն ու հարանման անվանյալը չէր, այլապես ամենաընտիր ապրանքը կարող էր մերժել՝ իր համար բացատրելի, երկրորդ, երրորդ կողմի համար անիմանալի պատճառաբանությամբ...

Ամուսինը, նույն է թե՝ Թագավորը, ով բավականաչափ անվանի էր հայրենի և արտերկրի մարզական շրջանակներում, հաջողել էր մի քանի տիտղոս նվաճել, որոշակիորեն ապաովել էր վաստակ ու եկամուտ, որով երկուսի գոյությունը սոցիալական իմաստով միջինից բարձր էր դարձրել: Սև ու սպիտակի գոյությունը՝ 64 քառակուսի մետր վանդակաբնակարանում հեքիաթային դեկորներով էր, բայց ֆիգուրների սառնությամբ...Երրորդ չեղավ. առաջնեկին վիժեց, երկրորդի ժամանակ խորհուրդ չտվեցին բժիշկները, երրորդն էլ մնաց առաջինի ու երկրորդի դառը հիշողության ու իրականության մատույցներում, ավելի ուշ, այդ ամենին ավելացավ տարիքն ու հարաբերությունների բացարձակ բացակայությունը... 

***
Երբ Թագավորը թերթն ամուր պահած ձեռքերում, զինվորաքայլ, համաչափ առաջանում էր դեպի կանգառը, Թագուհին մտովի պատկերացրեց նրան, ինչպես է զարթնում առավոտյան, լվացվում հայելու մեջ, սափրվում բծախնդրությամբ, մաքրում ատամները, թևատակերը ցայում, սանրվում անհապճեպ խաղաղությամբ, նույնպիսի անշտապությամբ հանդերձվում, նախ, վերնաշապիկը, որի կոճակները մինչև վերջ ամրացնում է, գարնանային ոչ ցրտաշունչ եղանակին, ապահովության համար հագնում կիսաբրդյա վերնազգեստը, որպեսզի նկուղային աշխատասենյակում չմրսի հանկարծ, հետո հանդերձվում պիջակով, կնոջ արդուկած թաշկինակը մանկությունից եկող անխախտ-ավանդականությամբ դնում աջ գրպանը, որ չշփոթի (վաղամեռիկ մայրն, ամեն անգամ, ասում էր, աջ գրպանում եմ դնում թաշկինակը, չմոռանաս, իմ թագավոր տղա...), և, ահա, այդկերպ նաև ծես-խնկարկում կար մոր հանդեպ, հետո գազօջախին դրված երկբաժին սուրճը լցնում էր զույգ բաժակներում, որոնցից մեկը ծածկում էր ափսեով, վրան շոկոլադ, ավելի ուշ արթնացող կնոջ համար, ինքն իր դառնամրուրն ախորժելուց հետո, սեղանին դնում էր նաև որոշակի գումար և ապա դուրս գալիս տանից՝ առանց միջանցքի հայելու մեջ իր ամբողջականությունը հայացքով վավերացնելու: 

Հայելու մեջ նույնիսկ սափրվելիս չէր նայում: Նույնիսկ վարսահարդարի մոտ, երբ այլ դիտանկյուն ու հորիզոն չունես, նա չէր նայում պատկերադարձիկ ապակու մեջ, այլ փակում էր աչքերն ու սպասում արարողության ավարտին: Հայելու մեջ չէր նայում արդեն երեսուն տարի, երբ մահացավ հայրը...Ամեն անգամ հարբած հայրը նրան ու մորը պատժելուց, ծեծելուց հետո, քարշ էր տալիս լոգասենյակ, մազերից բռնած դեմ տալիս հայելուն և գոռում.

-Նայեք, հիացեք ձեզնով, ողորմելիներ...

Իրենք նայում հայելուն՝ տեսնում էին միակ ողորմելիին, որ հայրն էր, հարբեցող, ձախողակ, մահացու հիվանդ, կյանքի նավաբեկության, ալեբախության դեմ-հանդիման անզոր, տկար, նիհար, ջղաձիգ, խղճահարության ու ատելանքի բոլոր չափաբաժիններն իր անձի հանդեպ վաստակած…

Այդպես է, կյանքում ցանկացած իր, մարդ՝ յուրահատուկ բույրով, պատկերանականությամբ, հիշողությամբ նշան է դառնում քեզ համար, ճակատագրական խորհրդանիշ, որով կամ զարդարում ես կյանքդ կամ բացառում այն, ըստ որի՝ սիրում կամ ատում հավերժաբար: Կենցաղականությունն էլ խորհրդապատկերային է, հուզական: Ամեն ինչ այնքան պարզ ու առերևույթ չէ, որքան թվում է: Ամեն ինչին նախորդում է հուշը, իրադարձությունը, բնազդն ու զգացումը, ապաև՝ հաջորդում հաշվարկը, քայլը, վերաբերմունքը, կուզեք՝ տանը, կուզեք՝ դրսում և այլուր, կուզեք՝ շախմատում…

Թագուհին այդ օրը վստահ էր, որ գտել է իր Թագավորին՝ համոզված լինելով, որ նրա արքայության սահմաններում Կին կա, բնակարան կա, պարտավորություններ կան, չկա իր ու իրենց համար ժամանակ: Բայց համոզմունքն այնքան աներկբա էր, որքան հմուտ գրոսմայստերի համար անվիճելի էին դասական սկզբնախաղերն ու վերջնախաղերը, զոհաբերությունների աննշան հավանականությամբ, շեղումների՝ միայն տեսական վարկածայնությամբ…

Թագուհին նրան հետևեց մինչև շախմատի տուն, որտեղ նրա թիկունքին ավելի ու ավելի մերձենալով իջավ նկուղային հարկ տանող աստիճաններով, իր կնոջական (աղջկական) ներկայությունը շոշափելի դարձնելով առաջնորդողի համար (կույր շախմատային պարտիա), դռան բացվելուն զուգահեռ նաև արտառոցաբար արագացնելով իր իսկ սրտի համազարկերը (արագ պարտիա), մինչև որ նրանց հայացքները կայծակնային թարթում խաչվեցին (բլից, հայելի)…

-Լրագրող չեմ,-առաջինը խոսեց Թագուհին:

Թագավորը խաղաքարային շվարության մեջ էր:

-Կներեք, ես Ձեզ ճանաչում եմ,-շարունակեց Թագուհին՝ կենդանի անբռնազբոսությամբ:

Թագավորն անարքայական անորոշության մեջ էր:

-Այսինքն, Ձեզ ճանաչում են բոլորը,-ժպտաց Թագուհին, այնուհանդերձ, լրագրողի շաղակրատությամբ,-Մուրացիկ չեմ, ոչինչ չեմ ուզում…ուղղակի, եղե՞լ է այնպես, որ մարդուն տեսնեք ու միանգամից հասկանաք, որ նրան ավելի շուտ եք ճանաչել, քան տեսնելը…

Թագավորն անկառավարելիորեն տագնապում էր: 

-Ես հասկանում եմ, որ իմ ասածն առնվազն տարօրինակ է, բայց, հավատացեք, ես այնքան չեմ ապրել, որ կարողանամ կեղծել ինձ, կամ դերասանել: Ես գոնե սխալվելու իրավունք ունեմ, բայց անկեղծ չլինելու, չհամարձակվելու իրավունք՝ ոչ….

Թագավորն առաջին անգամ ժպտաց և համերաշխ երազականությամբ, հուսադարձությամբ ու համոզվածությամբ մոտեցավ, համբուրեց աղջկա աչքերը, բարձրացրեց նստեցրեց տարազան գրականությունից, մասնագիտական իրերից, շախմատային ժամացույցներից ու խաղատախտակներից կքած փոշոտ սեղանի վրա ու ասաց.

-Սը՜սսսս…..Ոչինչ չասես…..Անունդ՝ գիտեմ….Այսինքն, եթե նույնիսկ չգիտեմ էլ, կարծում եմ, դեմ չես լինի, եթե քեզ Թագուհի ասեմ:

Թագուհին ժպտաց՝ թագադրվողի ու թագադրողի հոգոց արձակելով, պատրաստ լինելով նոր պարտիայում խաղալ բոլոր խաղաքարերի դերերը, կարել բոլոր ֆիգուրների գիշերազգեստները, որպեսզի Թագավորն անկողնում գիշերային վերջնախաղերում ու սիրերջանիկ սկզբնախաղերում չձանձրանա, որպեսզի սիրի ռազմուհուն ու նավապետուհուն միաժամանակ, տարագիշեր, բազմաքայլ, խորն ու նրբագիտակ, որպեսզի սև ու սպիտակը դառնա գիշերասավան, մարմնաքրտինք, մեղեդահեշտականչ, որպեսզի ներդաշնակվի, պոլիֆոնիկ, բազմերգ սիրո պարտիան ամբողջացնելով…

Նրանք ազնիվ էին, որովհետև երկուսն էլ սկզբնախաղի դժբախտություն ունեցել էին, և այժմ երազում էին գոնե երջանիկ վերջնախաղի արժանանալու մասին…

********************************************************************

Արա Ալոյան, 
մարտ 17, 2014 թ. 
ԵՐԵՎԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել