Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քիչ առաջ հրապարակեց իր փաթեթային առաջարկը՝ ուկրաիանական ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ: Եկեք առաջին հերթին տեսնենք, թե այդ ինչ առաջարկներ է պարունակում իր մեջ այդ փաթեթը, այնուհետև փորձենք հասկանալ, թե ինչքանով է այն հավասարակշռված և խնդրի լուծման համար հավանական տարբերակ:
1. Ուկրաինայի համար ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համատեղ ձևավորել կոմպակտ աջակցության խումբ, այնպիսի կազմով, որն ընդունելի կլինի ուկրաինական քաղաքական բոլոր ուժերի համար:
2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով ամրագրել Ուկրաինայի չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակը:
3. Ճանաչել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
4. Գերագույն ռադան պետք է առանց հապաղելու հրավիրի սահմանադրական հավաք (ժողով) բոլոր շրջանների ներկայացուցիչներից, որպեսզի մշակվի դաշնային նոր սահմանադրություն:
5. Համաժողովրդական հանրաքվեի դնել նոր սահմանադրությունը, իսկ դրա ընդունվելուց անմիջապես հետո անցկացնել համապետական ընտրություններ:
6. Ռուսերենին շնորհել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ:
Իմ կարծիքով, սա բավականին ողջամիտ առաջարկ է: Ասեմ ավելին, եթե Ուկրաինայի նոր իշխանությունները իշխանության գալիս ցուցաբերեին մի քիչ զսպվածություն և ազգայնականների ազդեցության տակ հակառուսական ալիք չբարձրացնեին, ապա նույնիսկ չէին կանգնի Ղրիմը կորցնելու փաստի առջև: Ռուսաստանի կողմից առաջարկված սկզբունքները արտացոլում են այն օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը վաղուց հասունացել էր Ուկրաինայում:
Տեսեք, կրկին պետք է ասեմ, որ Ուկրաինայի նոր իշխանությունների անհեռատեսության պատճառով Ղրիմն արդեն իսկ անցավ Ռուսաստանին, և սրանով Ռուսաստանը փաստացի անցավ այն կարմիր գիծը, որից ետ դարձի ճանապարհ չկա: Այլ կերպ ասած՝ Ղրիմն այլևս պատմություն է, և այս հարցում Ռուսաստանից զիջում սպասելը` անհնար: Բայց միևնույն ժամանակ ռուսներն առաջարկում է վերջ տալ ներկայիս քաոսին և, կոպիտ ասած, չսադրել իրենց «պաշտպանել» նաև Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանները: Փոխարենը առաջարկում են իրավականորեն երաշխավորել այդ շրջաններում ապրող մարդկանց ինքնավարությունը` ստեղծելով դաշնային պետություն և շնորհելով ռուսերենին պաշտոնականի կարգավիճակ: Սա, կարծում եմ՝ միանգամայն բնական է, քանի որ երկրի շրջանների միջև առկա են բազմաթիվ տարբերություններ՝ սկսած լեզվամշակութայինց վերջացրած տնտեսականից, իսկ երկրի գրեթե կեսն իր մայրենի լեզուն է համարում ռուսաց լեզուն:
Սրան ի հավուլմն՝ ռուսները առաջարկում են Ուկրաինային որդեգրել չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակ: Սա այն հարցն է, որի ակունքում հիմնականում ընկած է Ռուսաստանի և Արևմուտքի պայքարը Ուկրաինայի համար: Սա փայլուն լուծում է: Կոպիտ ասած, ռուսներն առաջարկում են «ոչ մեզ, ոչ էլ ձեզ» տարբերակը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ուկրաինան պատմականորեն մշտապես եղել է Ռուսաստանի ազդեցության ներքո՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով, ապա կարելի է սա դիտարկել նույնիսկ զիջում Ռուսաստանի կողմից: Այնպես որ, այս սկզբունքը ևս ողջունելի է:
Մի խոսքով, սա փայլուն շանս է, որպեսզի Ուկրաինայի ճգնաժամը՝ առնվազն դրա քաղաքական մասը, ավարտվի, և այդ երկիրը կարողանա քիչ թե շատ պահպանել իր միասնականությունն ու ամբողջականությունը: Բայց իրավիճակն էլ այսօր այնպես է դասավորվել, որ և՛ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, և՛ Արևմուտքը, ինչքան էլ հասկանան, որ սա ճգնաժամը լուծելու բավական ռացիոնալ տարբերակ է, չեն համաձայնի, քանի որ ժամանակին շտապել են և արել են այնպիսի հայտարարություններ, որոնցից հրաժարվելը կնշանակե պարտվել: Կարճ ասած, երես փրկելու խնդիր ունեն:
Շատ ափսոս, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը մոտ ժամանակներս հեռանկարային չէ: