Civilnet.am-ը գրում է.

Ղրիմում մարտի 16-ին տեղի ունեցածհանրաքվեն առաջին հերթին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում էր. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԼՂՀ-ն ճանաչում է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

«Մենք այս նույն ձևով իրականացրել ենք մեր ազգային ինքնորոշման իրավունքը: Նույն ձևով հանրաքվե ենք անցկացրել, այն էլ երկու անգամ` 1991-ին և 2006-ին, և հետևաբար կարծում ենք, որ անկախ հետևանքներից և արդյունքներից, դա ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորում էր»,- ասաց Բաբայանը:

Ղրիմում մարտի 16-ին անցկացվել է թերակղզու կարգավիճակի հարցով հանրաքվե, որը նախապես անօրինական էր ճանաչվել Կիևի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։ Քաղաքացիների առաջ դրվել էր երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։

Ինչպես մարտի 17-ին հայտարարել է Ղրիմի Գերագույն ռադայի՝ հանրաքվեի կազմակերպման հարցերով հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը, Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․ մարդ։

Հանրաքվեից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ միջազգային հանրությունը երբեք չեն ճանաչի Ուկրաինայի Սահմանադրությունը խախտող և Ռուսաստանի ռազմական ինտերվենցիայի ճնշման ներքո ընթացած «հանրաքվեն»։

Հանրաքվեի արդյունքները չճանաչելու մասին հայտարարել են նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի համատեղ հայտարարությունում ասված է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է, և դրա արդյունքները երբեք չեն ճանաչվի։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել է որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել