1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը արջին` ՌԴ-ին, որջից հանել է, որջ վերադարձնելը գրեթե անհնար է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով թեմային, թե ինչ կփոխվի Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո տարածաշրջանում:
Նա նշեց, որ Ղրիմում կատարվածը ավելի մեծ կարևորություն ուներ, քան Ուկրաինայի ժողովրդի ուրախությունը, իսկ հետո՝ ողբերգությունը, քանի որ սկսվել է աշխարհաքաղաքական գլոբալ բախում, որը բերելու է գործող աշխարհակարգի վերանայմանը: Սա մեծ փոփոխությունների մի շրջանի սկիզբն է, մի փուլ, երբ ամեն օր փոփոխություն ենք տեսնելու:
Մեծագույն բախումներ, որոնց առաջին նշանը, ըստ Մանուչարյանի, Չինաստանի ու ՌԴ-ի՝ համաշխարհային ֆինանսական կարգը փոխելու լուրջ համաձայնությունն է: Կսկսվեն պատժամիջոցներ, և աշխարհը կսկսի թոթափել աշխարհակարգը:
Աշոտ Մանուչարյանը նշեց, թե ինչ դասեր պետք է քաղել ուկրաինական զարգացումներից: «Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, պետք է երբեք թույլ չտա, որ իրեն օգտագործեն: Ուկրաինայի ժողովուրդն ուզում էր ապրել առանց օլիգարխների, առանց կոռուպցիայի և ավելի բնականոն, նորմալ կյանքով երկրում, նա ուզում էր ինչ-ինչ հարաբերություններ Եվրոպայի հետ և ուզում էր խորացնել ու պահպանել ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունները: Ուկրաինայի ժողովրդի համար հստակ էր հարցը, սակայն Մայդանը դարձավ Եվրամայդան: Ինչո՞ւ ուկրմայդանը դարձավ եվրահրապարակ: Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն տվեց իրեն օգտագործել և մտավ ողբերգությունների շրջան:
Երկրորդ`ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև մոլորակային բախման հետևանքով ժողովուրդը դարձավ լծակ ու առարկա: Ամերիկայի նպատակարդրումն էր՝ էապես սահմանափակել ՌԴ-ին, որն ԱՄՆ-ին պարբերաբար ասում է՝ «ոչ»: Այդ ճանապարհին մինչ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, պետք է լիներ թատերաբեմ, բախում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև: ՌԴ-ն պետք է շրջապատվի արյունալի տարածաշրջաններով, խեղճանա, կարևոր չէ, թե ինչ է կատարվելու ժողովուրդների հետ:
ՌԴ-Եվրոպա միասնությունը խիստ մտահոգում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի վրա խարսխված կարգը փլվելու է, որի ճանապարհը բախումներն են եվրաասոցացման տարածքում: ՌԴ-ի նպատակն է թույլ չտալ, որ Ուկրաինան վերածվի պլացդարմի, թույլ չտալ, որ վերածվի արյունալի բախումների:
ՌԴ-ն զարմանալի կերպով արագ սովորում էր ԱՄՆ-ից այն, ինչ կատարվում է: Կոչվում է ցանցային կիբեռպատերազմներ, և ՌԴ-ն արագ սովորեց այն, ինչ ԱՄՆ-ն էր անում: Ուկրաինան ինքը թույլ տվեց, որ դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»,- նշեց նա` շարունակելով, որ արջին, այսինքն` ՌԴ-ին, ԱՄՆ-ը որջից հանել է, իսկ որջ վերադարձնելը գրեթե անհնար է»,- կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:



