PanARMENIAN.Net-ը գրում է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Ղրիմում կայանալիք հանրաքվեի դեմ հռչակագիր ընդունել։ Որպես ԱԽ մշտական անդամ, Ռուսաստանն օգտվել է վետոյի իր իրավունքից ու արգելափակել հռչակագրի ընդունումը։ Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքով, ՌԴ-ն հարգելու է Ղրիմի բնակչության որոշումը, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ-ի կողմից այս շաբաթ ներկայացված հռչակագրի նախագիծը ենթադրում էր Ղրիմում կայանալիք հանրաքվեն «ուժ չունեցող» հռչակել ու բոլոր երկրներին կոչ անել չընդունել դրա արդյունքները։
«Տեքստի հեղինակների նման փիլիսոփայությունը հակասում է միջազգային իրավունքի հիմնական դրույթներից մեկին՝ ժողովուրդների հավասարության ու ինքնորոշման դրույթին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածում»,- Խորհրդում իր ելույթում նշել է Չուրկինը։
Նա ասել է, որ Ռուսաստանը չի վիճարկում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։ Նրա խոսքով, գոյություն ունեցող երկրից տարանջատվելն արտակարգ միջոց է, երբ մեկ պետության շրջանակում համատեղ հետագագոյատևումն անհնարին է դառնում։ Չուրկինը նաև նշել է, որ նման տարանջատումը մեծամասամբ առանց կենտրոնական իշխանությունների համաձայնության է եղել։
«Ղրիմի պարագայում նման դեպք, հավանաբար, ստեղծվել է իրավական վակուումի արդյունքում․ այն առաջացել է հակասահմանադրական պետական հեղաշրջման պատճառով, որն ազգայնական-ռադիկալներն արեցին Կիևում 2014-ի փետրվարին․ ևս մեկ պատճառ վերջիններիս կողմից Ուկրաինայի տարածքում «իրենց կարգը» հաստատելու ուղիղ սպառնալիքներն են»,- ասել է Չուրկինը։
ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով, միջազգային իրավունքի յուրաքանչյուր սկզբունք պիտի դիտարկվի կոնկրետ քաղաքական հանգամանքների, պատմական առանձնահատկության ու այլ միջազգային նորմերի լույսի ներքո։
Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, ԱԽ մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է արդյունքները․ «Այդ նախաձեռնությունն ինքնին ոչ մի հիմքեր չի ունեցել․ Ուկրաինայում իրադարձությունները միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը չեն սպառնում, ինչով ՄԱԿ կանոնադրությամբ զբաղվում է նաև Անվտանգության խորհուրդը։ Ամերիկյան կողմի այս քայլը կարելի է բացատրել միայն հանուն իր աշխարհագրական շահերի անդիմադրելի ձգտմամբ հնարավորինս քաղաքականեցնել առանց այն էլ դժվար իրադրությունը, ինչպես նաև շարունակել միջազգային մասշտաբով ավելացնել Ուկրաինայի շուրջ հիստերիան։
Ցավոք, Վաշինգտոնում ամենևին էլ այդ երկրի կայութության, անվտանգության ու ժողովրդի բարգավաճման մասին չեն մտածում։ Նախագծում ոչինչ չի ասվում ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի հիմնական բաղկացուցիչների մասին՝ առաջին հերթին, ուժային ճանապարհով Կիևում իշխանության զավթման ու Գերմանիայի, Լեհաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ երկրում կայունացման հասնելու մասին պայմանագրի վերաբերյալ․․․
Փաստաթղթում ուշադրություն է դարձվում Ղրիմում հանրաքվեի, այսպես ասած, «անօրիանականության» վրա։
Դրանում հերքվել է նաև ազատ արտահայտման Ղրիմի ժողովրդի իրավունքը, այն նաև մյուս երկրներին դրա արդյունքները չճանաչելու կոչ է պարունակել։
Բազմիցս զգուշացրել ենք Արևմուտքի մեր գործընեկերներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, նման անմտածված քայլերի անարդյունավետության մասին։ Ինչպես ցույց է տվել ՄԱԿ ԱԽ-ում ամերիկյան նախաձեռնությունը, գիտակից լինելու մեր կոչերը չեն ուզել լսել։ Այս առումով, ռուսական պատվիրակությունը հռչակագրին, որը չի ընդունվել, դեմ է քվեարկել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ տվյալ դեպքում մեկնարկային կետը պիտի լինի Ուկրաինայում խաղաղության ու կայունության հասնելու միջազգային հանրության ընդհանուր հետաքրքրությունը»։
Մինչև այդ, Ղրիմում մարտի 15-ին «լռության օր» է։ 23 երկրից 135 դիտորդ է գրանցված, 169 ԶԼՄ-ից 623 լրագրող հավատարմագրված, տեղեկացրել է Գերագույն խորհրդի՝ հարնաքվեի պատրաստմամբ հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ ևս 1240 դիտորդ է գրանցված Ղրիմի կազմակերպություններից։
Մալիշևը նաև նշել է, որ լրագրողները չպիտի խախտեն քվեարկության գաղտնիությունը, խառնվեն ընտրական գործընթացին ու աշխատեն միայն հավատարմագրման դեպքում։
Միևնույն ժամանակ, Ղրիմի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին նշել է, որ ներկա պահին այնտեղ աշխատում է տարբեր ԶԼՄ-ներից ավելի քան 2․5 հազար լրագրող։



