Ռուսական խորհրդարանում քննարկվող նախագիծը՝ համաձայն որի ազգային քաղաքացիությունից հրաժարվելու եւ ռուսաց լեզվի իմացության նախապայմանով ցանկացած օտարերկրացի կարողանակու է ստանալ ռուսական հպատակություն եւ բնակվել Ռուսաստանում` Հայաստանի համար ստեղծում է պատերազմական իրավիճակ: Վերջին քառորդ դարում չկար ավելի վտանգավոր ու կործանարար մարտահրավեր՝ ուղղված մեր երկրի դեմ՝ ներառյալ երկրաշարժն ու Արցախյան պատերազմը: Սա բոլորովին էլ չափազանցություն չէ: Ամենածանր բնական կամ քաղաքական աղետների դեպքում էլ ազգը կամ գոնե դրա մնացորդները պահպանում են ազգի կենդանի հոգին` նրա լեզուն: Պուտինի հաշվարկը անվրեպ է` առանց հողի ու լեզվի հայն ուծացվում է Ռուսաստանում մեկ սերնդի ընթացքում: Բավական է նայել, եթե զսպեք զզվանքը՝ քանի «հայ» այսօր ռուսից ավելի ռուս ու կատաղի են հարձակվում ազատատենչ Ուկրաինայի վրա` Մոսկվայում ու Դոնեցկում, մամուլում ու հեռուստատեսությամբ: Էլ ավելի մեծ ատելությամբ են լցվում մեր արագ ուծացող նախկին ազգակիցները իրենց նախկին Հայրենիքի դեմ` հոգեբանորեն պարզ պատճառով` արդարացնելու սեփական դավաճանությունն ու դասալքությունը:
Ի՞նչ է նշանակում սույն «նախագիծը» հայերիս համար: Դավաճանած, հյուծված, կողոպտված, աղքատացած ու հիասթափված հայ ժողովրդին նենգորեն առաջարկվում է գրեթե անվճար պանիր աշխարհի ամենամեծ թալակում` Ռուսաստանում: Պանիրը կարող է թվալ բավական համեղ ու հյութալի՝ համեմված Լյուդմիլա Զիկինայի երգերով, ոսկեզօծ եկեղեցիների գմբեթներով, թեթեւաբարո շիկահերներով ու համեմատաբար բարձր աշխատավարձներով` հատկապես Մոսկվայում եւ Մագադանում: Սակայն թալակը թալակ է ու փակվում է Կալաշնիկով գնդացիրի անվրեպ ճշգրտությամբ եւ ուժով, բավական է միայն ոտք դնել ներս: Գնացողներին պետք է հիշեցնել, որ որդիներին բանակից ազատելու հույսը սին է` հաշված տարիներ անց ձեր զավակը ռուսական բանակի կազմում շպրտվելու է հերթական Չեչնիա, Ղրիմ, կամ միգուցե անգամ Ղարաբաղ` Մայր-Ռուսիայի նորանոր նվաճումներն ապահովելու համար: Ընտանիք պահելու ցնորքով առաջնորդվողներին պետք է հիշեցնել խոպանից իրենց ամուսիններին սպասող ու այդպես էլ միայնակ մնացած հազարավոր հայ կանանց ճակատագրերը, որոնց հեզ ու նազ համեստությունն ու համբերությունն անչափ զիջում են անբռնազբոս ու փորձառու ռուս բլյանդինկաներին մեր չտես ու անճաշակ ապերոների տեսակետից: Բարձր աշխատավարձ ու երեխաների ապագան ապահովելու հավատքով գնացողներին պետք է զգուշացնել, որ դուք այնտեղ «խաչիկ» ու «չուրկա» եք դիտվելու, եւ նույնը վերաբերելու է ձեր կանանց ու երեխաներին, անգամ եթե ներկեն մազերը դեղին ու արծվաքիթ դեմքերը վիրահատեն-թոխեն բադիկի քթով, ու անուններն էլ հարմարեցնեն ռուս ականջին՝ հրաժարվելով, բնականաբար Սասուն, Մկրտիչ, Խաչատուր, Հակոբ ու նման անհեթեթ հնչող հայրական ժառանգությունից:
Մեզ հասցնում են մահացու հարված: Բնականաբար, դա արվում է մեր ռազմավարական դաշնակցի ու եղբայրական ազգի կողմից՝ առանց որեւէ հետին մտքի: Ավելին, մեզ կասեն, որ սույն օրինագիծն ուղղված է Ուկրաինայում եւ Մերձբալթյան երկրներում ապրող ռուսների եւ ռուսախոսների ներգաղթն ապահովելու համար: Դե իհարկե: Այդ ո՞ր մի ռուսը Եվրամիության անդամ Մերձբալթյան հանրապետություններից կամ արագ եվրոպացող Ուկրաինայից մեկնելու է Ռուսաստան, որտեղից տարեկան տասնյակ հազարներ փախչում են նույն Եվրոպա կամ Ամերիկա: Ոչ, հարգելիներս, ամենամեծ վնասն ու վտանգը մեզ է հասցեագրված: Կայսերապաշտ ու ստրկասեր մեր ազգակիցները կարող են ճամպրուկները հավաքել, եթե միայն հակապետական ու հակաազգային իրենց գործունեության համար ստացվող աշխատավարձը չափսոսան: Ռուսաստանում նրանց ծառայությունները այդքան էլ պետք չեն լինի, դրա համար կան Կիսելյովն ու Մարգո Սիմոնյանը: Իսկ այ չինական սահմանի շառավիղով՝ Ալթայում, որտեղ դեռեւս մեծ լեզվաբան ընկեր Ստալինն էր աքսորում մեր պապերին, հայի խելքն ու աշխատանքը պետք կգան, երկար ռուսական ձմեռներն էլ կլուսացվեն հայի բախտի ու նորակառույց հայկական եկեղեցիների քարոզներով:
Ի՞նչ անել, մնացողներ: Գոտկապնդվել, պատսպարվել, պատրաստվել պաշտպանության: Սա ամենալուրջ մարտահրավերն է: Մեր լեզուն է մեզ փրկելու: Մեր կենդանի խոսքը, մեր մշակույթն ու մեր պատմությունը, այդ թվում եւ նորագույնը` արցախյանը: Մենք ենք, մեր սարերը: Պետք է դիմանալ: Այս ջրհեղեղն էլ կանցնի՝ խորտակելով եւս մի կայսրություն, որը ծիծաղում էր մեզ վրա ու հեգնում է մեզ այսօր: Վաղը մերն է լինելու: Չվախենաք: Դա ես ձեզ ասում եմ որպես լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել