Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունների համախմբման մասին խոսելիս ասաց, թե իրենք միայն ուրախ կլինեն, եթե այդ ուժերը համախմբվեն, քանի որ իրենց համար ավելի հեշտ է աշխատել ուժեղների, քան՝ թույլերի հետ:
«Այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլինի հակադարձել նրանց, այլ ոչ թե ինչպես հիմա՝ գնան, պատերի տակ սկսեն խոսել, բամբասել, մենք էլ արժանապատվությունից ելնելով չկարողանանք հակադարձել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:


-Պարո՛ն Սահակյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը իշխանությանը 
խորհուրդ է տվել ճիշտ գնահատել իրավիճակը և դառնալ հինգերորդը՝ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության շրջանակում։ Կհետևե՞ք այս խորհրդին:

-Այն, որ Ռուբիկ Հակոբյանին ընդունել ենք մեր շարքերում՝ նորություն էր ինձ համար, որովհետև առնվազն պետք է Հանրապետական կուսակցության ղեկավարությունից մեկը հայտարարի, որ հինգերորդը լինելու է Հանրապետականը: Եթե դա ուղղակի կանխատեսում է, ապա թե՛ իր, և թե՛ հատկապես «Ժառանգության» կանխատեսումները մենք բազմիցս տեսել ենք: Եթե միանալու և համախմբվելու մասին է խոսում՝ վատ օրինակ է, որովհետև այնպիսի մի քաղաքական թիմի խմբակցության ղեկավար է, որի համար միավորվելը կատեգորիա չէ: Առհասարակ, եթե նայում ենք այն հետագիծը, որ անցել է «Ժառանգություն» կուսակցությունը, ապա այդպիսի հզոր ու իշխող դիրքերից  խոսել է՛լ չեն կարող, ուստի չեմ կարևորում նրա ասածները, որովհետև չեմ կարծում, թե այդ հայտարարությունից կարելի է ինչ-որ եզրահանգում անել՝ անհանգստանալու կամ ուրախանալու առումով:

-Ռուբիկ Հակոբյանը նշել է նաև, թե իշխանության ներկայացուցիչները արտաքուստ «լոյալ են վերաբերվում» սկսված գործընթացին, բայց «իրականում ամեն ինչ անում են, որպեսզի խոչընդոտեն այս 4 ուժերի համագործակցությունը»։ Այդպե՞ս է:

-Ես հասկանում եմ իր և իր հետ կոնսուլտացիաներ անողների մտահոգությունները. նրանք մտածում են, թե այնպիսի խառնաշփոթ էին ստեղծելու, որ իրենք իրենց հաջողությունից գլխապտույտի մեջ են ընկնելու: Բայց տեսան, որ իսկապես ո՛չ անհանգստանալու առիթ կա, ո՛չ անհանգստանում ենք, ո՛չ էլ կարևորում ենք: Ամենաբարի ցանկություններով եմ ասում, ընդամենը ցանկանում ենք, որ նրանք համախմբվեն, ավելի հզորանան, քանի որ այդ պարագայում մեզ համար շատ ավելի հեշտ է և՛ իրենց բացատրել, և՛ մեր ասելիքը տեղ հասցնել, և՛ ժողովրդին ներկայացնել մեր տեսակետներն ու պարզաբանումներն այն հարցերի շուրջ, որոնք իրենք համարում են վիճահարույց: Ուստի՝ մենք իսկապես շահագրգռված ենք, որ նրանք համախմբվեն: Այդ փոքրիկ քաղաքական թիմերը երբ միավորվում ու ավելի մեծ միավոր են դառնում, այդ դեպքում ուժեղների հետ աշխատելը մեր համար ավելի հեշտ է դառնում, քան՝ թույլերի: Փոքրաթիվ լինելու դեպքում մի հարց երբ չեն կարողանում քննարկման թեմա դարձնել, ամբողջ պատասխանատվությունը գցում են մեր վրա, ասելով, թե՝ տեսե՛ք, իրենք չդարձրեցին: Հիմա նրանք կարողանում են բարձրացնել այն հարցերը, ինչի մասին իրենք խոսում են: Հետևաբար, մեզ շատ ավելի հեշտ է նրանց հակադարձել այս դեպքում, այլ ոչ թե գնան պատերի տակ սկսեն խոսել, բամբասել, մենք էլ արժանապատվությունից ելնելով չենք կարողանում հակադարձել: Հիմա հրապարակային մեր տեսակետը հայտնում ենք: Ես հասկանում եմ այն հիասթափությունը, որ նրանք են ապրում, քանի որ այն աժիոտաժը չեղավ, որ իրենք էին ուզում. ո՛չ քննարկման առարկա դարձավ հասարակության, ո՛չ էլ քաղաքական ուժերի շրջանում, դրա համար ստիպված այդպես պետք է ասեն, որ արտաքուստ կամ ներքուստ մեզ այդպես ենք պահում: Ներքուստ բավական հանգիստ ենք, ամեն ինչ նորմալ է, սպորտային վիճակում ենք, տարբեր հիվանդություններից հեռու ենք, և հատկապես որոշների նենգ հարցադրումներին չենք պատասխանում, դպրոցական աշակերտների խոսքերն էլ լուրջ չենք ընդունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել