Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կարծես բոլորը մոռացել են Սիրիայի մասին: Այդ երկրում տեղի ունեցող ճգնաժամի, քաղաքացիական պատերազմի կամ էլ պարզապես այն քաոսի, որը այժմ տիրում է Սիրիայում, և տևում է արդեն շուրջ երեք տարի: Բայց, փաստորեն, դա այդքան էլ այդպես չէ: Պարզվում է, որ, այնուամենայնիվ, որոշ քայլեր ձեռնարկվում են, և ի դեպ, ձեռնարկվում են իրապես կառուցողական քայլեր միջազգային հանրության կողմից, որպեսզի ինչ-որ ելքեր գտնվեն այդ հակամարտության լուծման ուղղությամբ: Պարզ է դարձել, որ ՄԱԿ-ը վերջապես պատրաստվում է խնդրին որոշ չափով ներգրավել նաև Իրանին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կիրակի կմեկնի Իրան՝ ներսիրիական բանակցությունների շուրջ խորհրդակցությունների: Վերջինիս խոսքերով՝ Իրանը տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից է և կարող է մեծ դեր խաղալ սիրիական հակամարտության լուծման ուղղությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանը կկարողանա համոզել Սիրիայի կառավարությանը ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել Ժնևյան համաժողովին:
Փաստորեն, ՄԱԿ-ում ի վերջո «հասկացան», որ առանց Իրանի այս խնդիրն ուղղակի անհնար է լուծել, և այժմ փորձում են ակտիվացնել շփումները իրանցիների հետ: Բայց հիմա էլ միջազգային իրավիճակն է փոխվել: Տեսեք, թե այն ժամանակ խնդիրը հնարավոր չէր լուծել միայն Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ առանց Իրանի ուղղակի ներգրավվածության, այժմ այն կարծես հնարավոր չէ լուծել միայն Իրանի միջոցով՝ այն դեպքում, երբ տեղի է ունենում լուրջ աշխարհաքաղաքական պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
Այնպես էլ չէ, որ այն ժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև այդ աշխարհաքաղաքական պայքարը բացակայում էր, բայց Ռուսաստանի համար Ուկրաինան շատ ավելի առանցքային նշանակություն ունի, քան Սիրիան, և այս հարցում Ռուսաստանը զիջելու տեղ պարզապես չունի: Այնպես որ, այժմ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները գնալով սրվում են և կարող են հասնել նորագույն պատմության մեջ ամենավտանգավոր մակարդակին: Այլ կերպ ասած՝ Սիրիայի խնդիրը այս երկրների համար որոշ չափով անցել է երկրորդ պլան:
Մյուս կողմից, չեմ կարծում, որ այն, ինչի մասին քիչ առաջ ասացի, չեն մտածում նաև ՄԱԿ-ում, որ փորձում են ներսիրիական բանակցություններին նոր թափ հաղորդել: Հետևաբար ինձ չափազանց հետաքրքիր է, թե ինչու է որոշում կայացվել հենց հիմա ներգրավել Իրանին:
Տեսեք, որոշ փորձագետներ ասում են, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն վերջին շրջանում անուշադրության է մատնել Սիրիան` զբաղված լինելով ուկրաինական ճգնաժամով, մինչդեռ Ռուսաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավածությունը Սիրիայում, և շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել Ասադի ռեժիմին: Ասեմ ավելին, վերջին շրջանում Ասադի դիրքերը կարծես որոշ չափով նույնիսկ բարելավվում են: Այնպես որ, այս տեսանկյունից բացառել, որ Սիրիայի հարցում մոտ շրջանում հնարավոր չի լինի բեկում մտցնել՝ անկախ նրանից, թե դա որ կողմի օգտին կլինի: Բայց չեմ հասկանում՝ նման պայմաններում ինչ հույսով է Պան Գի Մունը Լախդար Բահիմիին գործուղում Իրան: Իրանը կստիպի Ասադին հանձնվել այն պայմաններում, երբ այդ մարդու դիրքերը ամրապնդվո՞ւմ են: Չեմ կարծում:
Մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունների իրական դրդապատճառները որոնք են, բայց մի բան հստակ է, որ Իրանին խնդրին ուղղակիորեն ներգրավել, անկախ ամեն ինչից, դրական քայլ է, քանի որ եթե այժմ հնարավոր չլինի էլ ինչ-որ հաջողություն գրանցել ներսիրիական բանակցություններում, ապա առանց Իրանի դա հետագայում, միևնույն է, հաստատ հնարավոր չի լինի:
Հ.Գ. Չգիտեմ, թե այս ամբողջ աշխարհաքաղաքական շիլան ինչպես կվերջանա, բայց հուսով եմ, որ ոչ երրորդ համաշխարհայինով, առնվազն այն ձևաչափով, որին մենք լավ ծանոթ ենք պատմությունից: