![]() |
| ՀՀ ԱԺ երիտխորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղար |
Հաշվի առնելով թեմայի արդիականությունն ու կարևորությունը, ինչպես նաև հասարակության շրջանում առաջացրած խորը դժգոհությունը, ես ևս ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի թերություններին: Լրջագույն խնդիր է կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի կառավարիչների հարցը: Ինչ հիմունքներով ընտրվել Ավստրիական և Գերմանական ֆոնդերը, ինչի հիման վրա այսօր ՀՀ քաղաքացին պետք է վստահի վերջիններիս, ինչ երաշխիքներ է տալիս պետությունը, որ վերջիններս ի վերջո տարիների ընթացքում տարբեր ճգնաժամերի և այլ պատճառներով չեն փոշիացնի մեր գումարները: Ի վերջո ինչ մեթոդներով է իրականացվելու համակարգի գործունեությունը և վերահսկողությունը: Կառավարությունը մշտապես մեջբերում է Եվրոպական զարգացած տարբեր երկրների հաջողված փորձի օրինակը, սակայն եթե ուսումնասիրում ենք Շվեդիայի փորձը, նման տնտեսական կայունություն ունեցող երկիրն անգամ համակարգը ներդրել է 9 տարիների ընթացքում, իսկ մեր երկրի պարագայում համակարգը ներդրվեց հապճեպ, ֆոնդերը ընտրվեցին Կենտրոնական բանկի կողմից գաղտնի հիմունքներով, հասարակությունը լիարժեք չտեղեկացավ համակարգի էությանը: Վերջին շրջանում սրտացավ կառավարության չակերտավոր բարեփոխումները գնալով խորացնում են սոցիալական դժգոհությունները և դառնում իրական չարիք ժողովրդի համար: Եթե հարցին նայենք մասնագիտական կողմից, ապա 1. Պարտադիր կենսաթոշակային բաղադրիչը սահմանվում է համախառն աշխատավարձի նկատմամբ, այն է` 5%,սակայն գանձվում զուտ աշխատավարձից, որի հետևանքով քաղաքացին վճարում է ավելի քան 5%: Այսինքն քաղաքացին հայտնվում է խաբեության մեջ: 2. ՀՀ տնտեսությունում առկա չէ երկար փողերի պլանավորում և ցանկացած կանխատեսում կատարվում է 5-10 տարիների կտրվածքով: Սակայն պարտադիր կենսաթոշակային համակարգը ենթադրում է 30-40 տարի կանխատեսում և պլանավորում, որը չի համապատասխանում մեր ներկայիս տնտեսության ժամկետայնությանը: Որի հետևանքով հավանական է, որ ներդրված գումարները ոչ միայն եկամուտ չեն ապահովի, այլ նաև հնարավոր է արժեզրկվեն ինֆլյացիայի անկանխատեսելի ցուցանիշի պատճառով: Հաշվի առնելով համակարգի հակասահմանդրական լինելը, հարկավոր է կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ և վերջնական տարբերակը դնել հանրաքվեի:




