Երեկ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես հիշում եք, իրեն հատուկ ցինիկ ոճով, ասել էր, որ Արցախը պետք է մտնի ՌԴ կազմի մեջ: Անձամբ ես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված նման հայտարարությունը ընդունեցի մեծ վրդովմունքով և, պետք է անկեղծ լինեմ, ակնկալում էի, որ Հայաստանը ինչ-որ ձև սրան կարձագանքի: Այսօր ինձ համար պարզ դարձավ, որ դեռ երեկ` մարտի 13-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է իր պաշտոնակցի հայտարարությանը:
Այսպիսով՝ Շարմազանովը մասնավորապես ասել է հետևյալը. «Ես տեղյակ եմ պարոն Ժիրինովսկու հայտարարությանը։ Մենք էլ մեր կողմից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը։ Մեր կարծիքը մնում է անփոփոխ. Արցախի ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով որոշել է Արցախի ճակատագիրը։ Հանրաքվեի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության անկախությանը, և այսօր Արցախը փաստացի պետություն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք` հասնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը»:
Այսքա՞նը: Վե՞րջ: Սա՞ է մեր պատախանը Ժիրինովսկուն: Լսեք, եթե այս ամենն ասեր Պուտինը, թերևս կհասկանայի, որ մեր իշխանությունների մկան ծակը փողով գնեին, բայց այս դեպքում սրա մասին է խոսում ընդամենը Ռուսաստանի Պետդումայում չորրորդ տեղում հայտնված կուսակցության ղեկավարը և ընդամենը Պետդումայի փոխխոսնակը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի Շարմազանովը: Չեմ ուզում Ժիրինովսկուն թերագնահատած լինեմ, բայց այս մարդն այն դեմքը չէ, ով Ռուսաստանում պետական լուրջ հարցեր է լուծում, և բնավ այն մարդը չէ, ումից պետք է դողալ:
Ո՞ւր մնացին Շարմազանովի այն բոցաշունչ, հեգնական պատասխանները տարբեր երկրների պաշտոնյաներին: Էլ չեմ խոսում Ադրբեջանի պաշտոնյաներին պատասխանելիս մեր փոխխոսնակի հայտարարությունների մասին, երբ մեր հարևան երկրի պաշտոնյաները մի քիչ «ծուռ» բաներ են ասում մեր հասցեին: Շարմազանովը կատու է ճղում նման դեպքերում: Ո՞ւր է այդ մարդն այսօր: Ամոթ է, պարոն Շարմազանով, Ձեզ «կուռկուռի ձագ»-ի կերպարը բնավ չի սազում: Մի քիչ ավելի վստահ և գլուխը բարձր պահեք: Ձեզ դրա համար կախաղան չեն հանի: Ի վերջո, մի խայտառակեք մեզ: Եթե Դուք եք այն մարդը, ով պետք է արձագանքի Ժիրինովկուն որպես պաշտոնակից, ապա գոնե արեք դա մի քիչ արժանավայել կերպով:
Ամոթ մեր իշխանություններին, ովքեր չեն կարողանում մեր ազատագրված Արցախի պատիվը բարձր պահել անգամ միջին մակարդակի ռուս պաշտոնյաների մոտ: