Ուկրաինական ճգնաժամը նոր-նոր կարծես դառնում է իրապես միջազգային և զգացնել է տալիս աշխարհի` բազմաբևեռ լինելը: Թե մինչ վերջերս, պայմանականորեն ասած, առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև էր, և աշխարհի մնացած հզորները առանձնապես ձայն չէին հանում` պահպանելով չեզոքություն, այժմ պատկերը փոխվում է: Մարտի առաջին օրերից սկսած Չինաստանը սկսեց ակտիվանալ՝ չնայած այն բանի, որ մինչ այդ էլ անուղղակիորեն և կուլիսների ետևից ցուցաբերում էր բարոյական աջակցություն Ռուսաստանին՝ ուկրաինական ճգնաժամում: Այժմ չինացիք սկսել են ավելի հստակ հանդես գալ՝ ընդդեմ որևէ պատժամիջոցի, որն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և հավելում, որ նման քայլերը կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»: Չինաստանի ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվացավ մեկ այլ ասիական, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեծ տերություն: Ճապոնիան, որը մինչ այժմ զսպվածության կոչ էր անում Արևմուտքին և Ռուսաստանին, նախընտրեց ևս կողմ ընտրել և վերջինիս ընտրությունը, ինչպես և կանխատեսելի էր, կանգ առավ Արևմուտքի վրա:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը: Իսկ ճապոնական թերթերը գրում են, որ այդ երկիրը պատրաստվում է ԵՄ-ի կողմից ձեռնարկվող պատժամիջոցներին համարժեք քայլեր նախապատրաստել և գործադրել, եթե ԵՄ-ում որոշում կայացվի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Կարծում եմ՝ Չինաստանի ակտիվացումն այս հարցում ուղղակիորեն սադրեց Ճապոնիային, որպեսզի այդ երկիրը ավելի հստակ դիրքորոշում որդեգրի ստեղծված իրավիճակի պայմաններում:
Տեսեք, Չինաստանը համարվում է Ճապոնիայի ամենալուրջ աշխարհաքաղաքական հակառակորդը, և եթե այս պարագայում ճապոնացիք շարունակեն պահպանել չեզոքություն, և չխոստանան Արևմուտքին, որ դեմ դուրս կգան Ռուսաստանին, այն դեպքում, երբ որ չինացիք հստակ ցույց են տալիս, որ ռուսների կողքին են, ապա Ճապոնիան ինքը կարող է հայտնվել մեկուսացման մեջ:
Փորձեմ ավելի պարզաբանել միտքս: Իրավիճակն այնպիսին է, որ Արևմուտքի առջև այսօր դրված է գերխնդիր Ռուսաստանին ճնշել բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի այդ երկիրը գնա զիջումների, բայց փաստը փնում է փաստ, որ եթե միջազգային հանրությունը մեկ ճակատով հանդես չգա Ռուսաստանի դեմ, ապա շատ հավանական է, որ Արևմուտքի ջանքերը լինեն ապարդյուն, և ի վերջո այն պարտվի այս աշխարհաքաղաքական պայքարում: Իսկ այսօրվա դրությամբ հենց այդ նույն միջազգային հանրությունն առայժմ հանդես չի գալիս մեկ միասնական ճակատով, իսկ եթե այս պարագայում Արևմուտքի դաշնակիցներն էլ այս ֆոնի ներքո, կոպիտ ասած, չաջակցեն Արևմուտքին, ապա Արևմուտքի ուլտիմատումներն ու սպառնալիքները Ռուսաստանի դեմ կարող են արժեզրկվել և ի վերջո մեծ արդյունք չապահովել: Դեպքերի նման զարգացումներն էլ կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն էլ, օրինակ, իր հերթին, միայնակ թողնի Ճապոնիային Չինաստանի՝ օր-օրի աճող ուժի և ազդեցության պայմաններում: Իսկ Ճապոնիան նման բան թույլ տալ իրեն դեռևս չի կարող:
Կոպիտ ասած՝ այն պարագայում, երբ Չինաստանը խաղադրույք է կատարում Ռուսաստանի վրա, Ճապոնիային այլ խոհեմ քաղաքական քայլ չի մնում, քան խաղադրույք կատարել Արևմուտքի վրա: