1in.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին գնում է բավական թուլացած: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Նրա հիմնական հակառակորդը, անխոս, Գյուլենն է, որը սկսել է վախենալ իր անվտանգության համար: Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա բոլոր հաշվարկներով, Էրդողանը ՏԻՄ ընտրություններին կարող է հավաքել առավելագույնը 35 տոկոս ձայն: Հարցումները ցույց են տվել, որ Էրդողանին հավատացող ընտրազանգվածի մեծ մասը երես է դարձնում նրանից ու նրա կուսակցությունից: Չնայած սրան՝ Էրդողանը մեծ քաղաքականությունից դուրս չի գա, քանի որ եղել և մնում է բավական ուժեղ քաղաքական գործիչ: Ինչ վերաբերում է այս տարի Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, ապա դրանց ընթացքն ու արդյունքները մեծապես կախված են ՏԻՄ ընտրություններից»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիայի ինստիտուցիոնալ, արդարադատության համակարգում և ժողովրդավարական մյուս օղակներում ակնհայտ է դառնում էրոզիան, լրատվամիջոցները ենթարկվում են ճնշումների, դրանցից շատերը փակվում են:
Անդրադառնալով Ղրիմի հարցում թուրքական դիրքորոշմանը՝ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ այստեղ Էրդողանը փորձում է օգտագործել երկու սցենար, մեկը՝ ներքին, մյուսը՝ արտաքին ուժերի համար:
«Ղրիմի հարցը չի կարող անտարբեր թողնել Թուրքիային: Անվտանգության տեսանկյունից այս երկիրը շահագրգիռ չէ, որ Ռուսաստանն ուժեղանա Սևծովյան ավազանում, ուր ինքն է ամենահիմնական դերակատարը: Հետևաբար Թուրքիան Սևծովյան ավազանում ուժերի ապակայունացում և բալանսի խախտում չի ցանկանում: Էրդողանը, որպես խորամանկ և պրագմատիկ քաղաքական գործիչ, ուկրաինական դեպքերն օգտագործում է երկրում անհնազանդությունները կանխելու համար»,- ասաց թուրքագետը:



