Lurer.com-ը գրում է.

Լուրեր.com-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը

-Ղրիմի անկախանալու դեպքում` Հայաստանն, ըստ Ձեզ, կճանաչի՞ Ղրիմի անկախությունը:

-Ես դժվարանում եմ կոնկրետ ասել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում կունենա, բայց կարող եմ մի բան փաստել, որ Ղրիմի անկախացումը կամ Ուկրաինայից անջատումը, ստեղծում է նախադեպ, որ ազգերը, կամ էթնիկ միավորները կարող են ինքնորոշվել: Այսինքն` սկզբունքն այն է, որով մենք արդեն երկար տարիներ առաջնորդվում ենք և փորձում ենք բոլորին բացատրել, որ ազգերի ինքնորոշումը նույնպես կարևոր է, կարևոր է այնքան, որքան տարածքային ամբողջականությունը: Այս դեպքում տարածքային ամբողջականությունն, ըստ էության, արդեն ետին պլան է մղվում:

Հայաստանն ինչ դիրք կգրավի և թե ինչ քաղաքականություն կվարի, ես դժվարանում եմ ասել, սակայն սա նախադեպ է ստեղծում դիրքերն ավելի ամրապնդելու համար:

-Իսկ Հայաստանի` Մաքսային Միությանն անդամագրվելուց հետո, արդյո՞ք ճնշում չի գործադրվի Հայաստանի` Ղրիմը անկախ ճանաչելուն:

-Ես չեմ կարծում, որ ՄՄ-ի կողմից որևէ ճնշում կգործածվի Հայաստանի վրա, որովհետև ես դրա նախադրյալները չեմ տեսնում, ես կրկնում եմ, որ սա կարող է լավ նախադեպ լինել:

-Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են քննարկել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ղրիմի խնդիրը: Նրանց հայտարարություններից և մեկնաբանություններից կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանում խուճապային իրավիճակ է ստեղծվել:

-Ոչ թե խուճապային իրավիճակ է ստեղծվել, այլ լուրջ մտահոգություն և մտավախություն ունեն: Նրանք շատ լավ են հասկանում, որ Ղրիմի դեպքերը, անկախացումը, կամ Ռուսաստանին միացումը, նայած թե ինչ կլինի, ես հիմա դժվարանում եմ ասել, ցանկացած դեպքում վտանգ է ստեղծում, բուն Ղարաբաղի գործընթացի համար, Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ որոշման համար, որը նրանք այսքան տարի փորձում էին իրականացնել:

Բացի դրանից, ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական տրամադրվածություններ և նոտաներ են նկատվում:

-Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքել, բայց որոշ նախապայմաններով: Այս ընթացքում ինչո՞վ է պայմանավորված Էլմար Մամեդյարովի հայտարությունը: 

-Եթե այս հայտարարությունը համեմատենք իրենց մյուս հայտարարությունների հետ, ապա կարող ենք ասել, որ սա մի փոքր մեղմ հայտարարություն է, մեղմ ասելով` ոչ ռազմատենչ:

Ստացվում է, որ շատ պատճառներով Ադրբեջանը մտավախություն ունի, և ինչու չէ, փորձում է այնպես անել, որ Ղարաբաղի հարցը դուրս չմնա օրակարգից, որովհետև Ղրիմի դեպքերի համատեքստում, Ղարաբաղի հարցը երկրորդ պլան է ընկել:

Այն որ, Մամեդյարովն այսպիսի ոչ ռազմատենչ հայտարարություն է արել, այն որ նրանք զերծ են մնում այդպիսի հայտարարություններից, ուրեմն սա պատահական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել