Միշտ չափավոր զգուշավորությամբ եմ մոտեցել ինչպես հենց «Անոնիմուսների», այնպես էլ իրենց՝ որպես «Անոնիմուսների» տեղական մասնաճյուղեր ներկայացնող անանուն խմբավորումների տարածած բացահայտումներին: Նախ դրանք բավականին հակասական են, հետո էլ չեն տեղավորվում մեկ ընդհանուր տրամաբանության մեջ: Հատկապես կասկածամտությունս սրվեց, երբ համաշխարհային չարիքի դեմ պայքարող անոնիմուսները կոտրեցին Բաշար Ասադի կնոջ էլեկտրոնային փոստը... եթե դա իրոք իրենք էին...

Մի խոսքով, անոնիմուսներին հավատալ-չհավատալը թողնում եմ ձեր հայեցողությանը, բայց այսպիսի մի խիստ ուշագրավ տեղեկատվություն է տարածել «Անոնիմուս Ուկրաինա» կիբեր-թիմը, որում պնդում են, որ կոտրել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ռազմական խորհրդականի ու մի շարք այլ անձանց էլեկտրոնային փոստերը ու սկանդալային նամակագրություն են գտել:

Բերված նամակներում քննարկվում է Ղրիմում խոշոր սադրանք կազմակերպելու հարցը և եռաստիճան համակարգով հրաման է իջեցվում՝ կեղծ հարձակում կազմակերպել Մելիտոպոլ քաղաքում տեղակայված ուկրաինական օդուժի 25-րդ բրիգադի վրա:

Ամերիկացի ռազմական խորհրդականը սկզբում քննարկում է նման սցենարը Ուկրաինայի ԳՇ-ն ներկայացնող մի գնդապետի հետ, որը շղթայով փոխանցում է հանձնարարությունը ոմն Վասլի Լաբայչուկին, որն էլ իր հերթին փոխանցում է կարգադրությունը մեկ այլ անձի: Իսկ վերջնական պլանն ունի հետևյալ կերպը.

«Մինչև մարտի 15-ը հարձակում իրականացնել Մելիտոպոլի ավիացիոն բրիգադի ժամանակ: Հարձակումը պետք է իրականացնեն աջ-ծայրահեղական Տրեզուբի մարտիկների ուժերով, բայց ամեն ինչ այնպես պետք է արվի, որ բոլորը վստահ լինեն, որ հարձակվողները ռուսական հատուկ նշանակության զորքերն են: Հարձակման արդյունքում պետք է ոչնչացվեն մի քանի անսարք ինքնաթիռներ, հարձակվողները պետք է խոսեն միայն ռուսերեն, ընդ որում, այնպես պետք է արվի, որ դիակներ չլինեն»:

Էլի եմ ասում, սա, իհարկե, չի կարելի համարել 100%-անոց մաքուր ու վստահելի տեղեկատվություն, բայց մտորումների տեղիք կա հաստատ, ու որ ամենակարևորն է, եթե իրոք նման բան էր պլանավորվում, ապա այս տեղեկատվության տարածումից հետո ակցիան կչեղարկվի, բայց սա չի նշանակում, որ այլ սադրանքներ բացառվում են:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել