Ilur.am-ը գրում է.
ЛІГАБізнесІнформ-ի տրամադրության տակ են հայտնվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորիեի առանձնատան խցիկների տեսանկարահանումները, որոնք կատարվել են փետրվարի 19-22-ը՝ «Խոնկա» օբյեկտում, որտեղ բնակվել է նախկին նախագահը: Տեսագրությունները հստակ ցույց են տալիս, որ անտիվարիատի և այլ արժեքավոր իրերի դուրսբերումը Մեժիգորիեից սկսվել է դեռևս փետրվարի 19-ին, երբ իրադրությունը Կիևի Մայդանում խիստ թեժացած էր, սակայն իշխանության և ընդդիմության միջև դեռևս բանակցություններ էին ընթանում՝ արյունահեղությունը դադարեցնելու և ճգնաժամերից ելքեր որոնելու վերաբերյալ: Ավելի ինտենսիվ, սակայն առանց ավելորդ խուճապի՝ թանկարժեք իրերի տարհանումն սկսվել է փետրվարի 21-ին՝ ընդդիմության և Յանուկովիչի միջև ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ:
Ֆուրգոնների բեռնումը և առաքումը շարունակվել է մինչև փետրվարի 22-ի առավոտյան ժամը 4-ը: Տառացիորեն դրանից մի քանի ժամ անց հայտնվեց առաջին հաղորդումը, թե Մեժիգորիեն լքել են նրա բոլոր բնակիչները և սպասարկող անձնակազմը: Նստավայրում մնացել էին միայն մի քանի անզեն պահակներ: Դրանից հետո նստավայրը հայտնվեց Մայդանի ակտիվիստների վերահսկողության ներքո և հասանելի դարձավ բոլոր ցանկացողներին: Ի դեպ, դատելով տեսախցիկների արձանագրած՝ ունեցվածքի տեղափոխման կադրերից՝ կարելի է պնդել, որ Մայդանի ակտիվիստների կողմից «դիակապտության» վերաբերյալ լուրերը խիստ չափազանցված են: