Իշխանափոխություն: Այդ չարչրկված տերմինը, որը ծամոնի պես բերաններն առած անվերջ, անդադար կրկնում են բոլորը, հաճախ առանց հասկանալու բառի բուն էությունը: Հայ իրականության մեջ արժեզրկվում է հերթական մի բառ, հերթական արժեք, գաղափար, համալրելով արժեզրկումների քաղաքականության «դամբարանը» ևս մեկով: Ավելի քան երկու տասնամյակ միևնույն մարդիկ, միևնույն դեմքերը զավթել են երկրի իշխանական, տնտեսական, քաղաքական և մնացած բոլոր բնագավառների լծակները, ժամանակ առ ժամանակ այդ նույն մարդիկ տեղփոխություններ են անում զբաղեցրած աթոռներից ու պաշտոներից, մերթ ընդ մերթ հայտնվելով իշխանության կամ ընդդիմության դաշտերում ու էլի անվերջ օրակարգային հայց դարձնում «իշխանափոխության» խնդիրը:

Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպիսի հանցանքներ են գործվել ու գործվում հայ ժողովրդի հանդեպ «անկախության» հռչակումից ի վեր, որի արդյունքում երկիրը գրեթե դատարվել է, հայտնվելով աշխարհի ամենաանապահվ երկրների շարքում, որտեղից մարդիկ փախչում են ուր պատահի՝ պարզապես փրկվելու ֆիզիկական բնաջնջումից:

Ստեղծված ավազակապետության բոլոր հանցագործությունները արվել և արվում են քաղաքական թիմակից երեք նախագահների ու նրանց աջակիցների ձեռքերով: Բացի երկրի ու ժողովրդի ունեցվածքի տևական և անխնա թալանից, իրականացվել են բազմաթիվ չբացահայտված աղմկահարույց սպանություններ: Եվ այս բոլորը՝ կրկնում եմ քաղաքական միևնույն թիմակիցների իշխանությունների օրոք, որոնք ժամանակ առ ժամանակ իշխանափոխություն հորջորջելով, իրականացնում են ընդամենը աթոռնեի, պաշտոնների տեղփոխություն, միաժամանակ «կոլեկտիվ» ջանքերով պահելով իշխանական և «ընդդիմադիր» դաշտերն իրենց ձեռքերում:

 Որքա՞ն պետք է տևի այս ափաշկարա աչքակապությունը, որքա՞ն կարելի հիմարացնել ու թոզ փչել մի ամբողջ ժողովրդի երեսին: Ինչպե՞ս կարող են ավազակապետության օրոք միասին թալանած, միասին կողոպտած, միասին սպանած հանցագործները, ոչնչից միլիոններ դիզած երեկվա ընչազուրկները, միմյանց նկատմամբ «ընդդիմություն» խաղալ ու իշխանափոխությամբ ժողովուրդ խափել, երբ այդ նույն ժողովրդի փրկության ՄԻԱԿ ճանապարհը ավազակապետության տապալումը և թիմակից ավազակներին կոլեկտիվ պատասխանատվության ենթարկելը պետք է լինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել