Առաջին մասն՝ այստեղ.

4. Օգնեք մանկական հերոսին փրկել ծնողների ամուսնությունը

Երեխայի աշխարհը փոքր է: Նրա տիեզերքը հիմնված է սեփական ծնողների հարաբերությունների վրա: «Թակարդ ծնողների համար» ֆիլմում երեխայի իրականությունը փրկվում է, հենց վերականգնվում է նրա ընտանիքի միասնականությունը: Բարեկամներին կամ աշխարհը փրկելու փոխարեն, երեխան փրկում է իր ծնողների ամուսնությունը, ինչը նրա համար համարժեք է ամբողջ մարդկությանը փրկելուն:


5. Սյուժեում ավելացրեք կենդանիներ ու անկենդան առարկաներ

Երեխաները շատ են սիրում մարդկային հատկանիշներով օժտված կենդանիներ և անկենդան իրեր, այդ իսկ պատճառով դիսնեյյան շատ մուլտֆիլմերում տեսնում ենք հերոս կենդանիների. «Բեմբի», «Դամբո», «Ջունգլիների գիրքը», «Լեդին ու թափառաշրջիկը», «101 դոլմատիններ», «Առյուծ արքա» և այլն:

Երեխաները սիրում են նաև պրոյեկտել սեփական անձի վրա տարբեր զարմանալի էակների կերպարներ, ինչպիսին, օրինակ, «Հրեշների կորպորոցիա» մուլտֆիլմի հերոսներն են: Երեխան կարող է անգամ նույնականացնել իրեն անշունչ առարկաների հետ, որոնց մենք հանդիպում ենք «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմում, կամ կահույքի ու սպասքի իրերի հետ, որոնց տեսնում ենք «Գեղեցկուհին ու հրեշը» կամ «Փոքրիկ քաջ թոսթերը» մուլտֆիլմերում:

Երեխայի համար իրեն անշունչ առարկա պատկերացնելու հնարավորությունն անգին է, որովհետև երբ կենդանիները, հրեշները կամ իրերը փրկում են մեծերի աշխարհը, երեխան մի քանի մակարդականի հոգեբանական հաղթանակ է տանում:


6. Թույլ տվեք, որ չարագործները, հերոսի ուսուցիչներն ու ընկերները ևս հաղթահարեն թերարժեքության բարդույթը

Հոգեբանությունում լրիվ բնականոն երևույթ է, երբ չափազանց սրված թերարժեքության բարդույթը առաջացնում է չափազանց սրված գերակայության տենչանք: Նման փոխհատուցումը, բնականաբար, պաթոլոգիա է, որը եթե լինի բնածին, զարգանալով կարող է բերել նոր՝ գերակայության բարդույթի, որի ժամանակ մարդը հիվանդագին ցանկություն ունի նսեմացնել ու գերակայել շրջապատող մարդկանց:

Սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերում, գլխավոր չարագործները սովորաբար մուտացիաներ կամ «դեֆորամցիա» ապրած կերպարներ են, ովքեր տառապում են իրենց անմեղսունակությունից ու գերակայության մոլուցքից: Նրանց ֆիզիկական թերությունները ձևավորում են թերարժեքության բարդույթ, իսկ փոխհատուցման անհագ ձգտումը՝ գերակայության բարդույթ: Նսեմացնելով ու տանջելով այլոց՝ չարագործը ընդամենը պայքարում է ամոթի ու սեփական անձի նկատմամբ տածած զզվանքի դեմ:

Նման մոտիվներ կարելի է հետևել ոչ միայն էկրանային չարագործների մոտ, այլև երկրորդ պլանի հերոսների ու անգամ հիմնական հերոսի ուսուցիչների մոտ: Օրինակ, երբ մարզիչը, անտեսելով ամեն ինչ, մղում է սեփական թիմը հաղթանակի, որպեսզի կոմպենսացնի սեփական անհաջող կարիերան: Սա դասական օրինակ է, երբ գերակայության բարդույթը նկատվում է դրական կերպարի մոտ:

7 թզուկները պետք է հաղթահարեն Չար թագուհու հանդեպ իրենց կարճահասակությունից բխող բարդույթը ու վախը, որպեսզի կարողանան պաշտպանել Սպիտակաձյունիկին: Խոսող մկները պետք է մոռանան այն բանի մասին, թե որքան փոքրիկ են իրենք, և դադարեն վախենալ կատվից, որպեսզի փրկեն Մոխրոտիկին: «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմում մոմակալն ու կենցաղային այլ իրերը պետք է հաղթահարեն իրենց բարդույթները և մենամարտի բռնվեն գազազած ամբոխի հետ, որպեսզի փրկեն իրենց ամրոցը, և այսպես շարունակ:


7. Վերջում մանկական հերոսին վերադարձրեք ընտանիք

Մանկական հերոսները իրենց արկածների վերջում, որպես կանոն, վերամիավորվում են իրենց ընտանիքների հետ: Օրինակ՝ «Պինոկիո» մուլտֆիլմը շատ պատկերավոր նկարագրում է մանկական հերոսի մոդելը: Ցանկացած երեխա իրեն կարող է նույնականացնել գլխավոր հերոսի հետ: Բոլոր երեխաներն էլ ինչ-որ առումով իրենց «ոչ իրական են» համարում, քանզի մեծահասակները միշտ սահմանափակում են նրանց ազատությունը: Երեխայական երազանքը «մի օր մեծանալու» և բաղձալի ազատությունը ստանալու մասին շատ նման է Պինոկիոյի՝ «իսկական տղա» դառնալու երազանքին: Հերոսի պատմությունը սկսվում է նրանից, որ նրան բաժանում են հորից, ով ստեղծել էր Պինոկիոյին: Այդ պահից Պինոկիոյի երկարաժամկետ հեռանկարով նպատակը հոր հետ վերամիավորվելն է, բայց դրան հասնելու համար նա պետք է վերամիավորվի իր հոգևոր ծնողի՝ Երկնագույն փերու հետ, ով նրան կյանք էր պարգևել:

Ի վերջո, Պինոկիոն փրկում է հորը, և նա վարձատրվում է իր քաջության ու հավատարմության համար. Երկնագույն փերին Պինոկիոյին իրական տղա է դարձնում, բայց բոլորին պարզ է, որ Պինոկիոյի իրական տրիումֆը հոր հետ վերամիավորումն էր:

Գրավելով երեխայի երևակայությունը՝ դուք կգրավեք նրա սիրտը: Disney ընկերությունը մի ամբողջ կայսրություն է կառուցել՝ շնորհիվ այն բանի, որ երեխաներն իրենց անպաշտպան են զգում այս աշխարհում, որն ամբողջովին ղեկավարվում է մեծահասակաների կողմից: Դիսնեյյան հերոսների արկածները նույնականացվում են այն բարդությունների ու փորձությունների հետ, որոնք ապրում են բոլոր երեխաները: Այսպիսով՝ Disney-ը հավատարիմ երկրպագուների բանակ է կերտում հենց այն տարիքում, երբ երեխան հատկապես ընկալունակ է ներշնչանքի հանդեպ և մուլտֆիլմերը դառնում են հանդիսատեսի ինքնանույնականացման անբաժանելի մասը: Այս կապն այնքան ուժեղ է, որ անգամ մեծանալով ու մեծահասակ դառնալով, ստիպում է մարդուն վճարել ու ժամանակ հատկացնել դիսնեյյան բրենդի համար, որպեսզի վերադարձնի մանկական զգացողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել