Disney-ի սցենարիստների ոսկե կանոնները ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, որովհետև հենց հիմնադրման պահից ընկերությունը որդեգրել է հոգեվերլուծության Ալֆրեդ Ադլերի տեսությունը: Ադապտացնելով այն` Disney-ում մշակել են մի քանի պարզ հնարք, որոնց միջոցով նրանք հաջողությամբ ստեղծում են մանկական պատմություններ, և նրանք այդ հնարքները կիրառում են ամեն մի աշխատանքում:
1. Ստիպեք մանկական հերոսին հաղթահարել թերարժեքության բարդույթը և պայքարել անզորության դեմ
Բոլոր երեխաները այս կամ այն կերպ, քիչ թե շատ, բայց ունեն թերարժեքության բարդույթ, ինչը բացատրվում է երեխայի աճով, ուժի և փորձի պակասով, մեծահասակներից լրիվ կախվածության մեջ գտնվելով, ինչպես նաև մանկության գլխավոր խնդիրներով՝ անզորությամբ և անօգնականությամբ: Երեխաները չեն կարող լրիվ ինքնուրույն ընտրել, գործել, շփվել ու ժամանակ անցկացնել, և երեխայի կողմից նախաձեռնվող ցանկացած գործողություն վերահսկվում է մեծահասակների կողմից. «Ատամներդ լվա», «Կանաչի էլ կեր», «Վերերկուդ կոճկի», «Տնային աշխատանքդ արա», «Անկողինդ հավաքի», «Դպրոց գնա», «Ալիքը փոխի»… Անընդհատ ստացվող հրահանգները լցնում են երեխայի կյանքը՝ շատ քիչ տեղ թողելով անկախության, անհատականության, արկածների ու վտանգի համար:
Այս պատճառներից էլ բխում է, օրինակ, այն, որ երեխաները շատ են սիրում «Առյուծ արքայի» Սիմբային, ում փրայդից վտարում է նրա դաժան հորեղբայրը, և նա ստիպված է հաղթահարել իր անզորությունը, որպեսզի հաղթի իրեն նեղացնողին:

2. Գլխավոր հերոսին որբ դարձրեք
Մանկական հերոսի կերպարը, որպես կանոն, երեխա է, ով անսպասելիորեն ազատվել է դոմինանտ մեծահասակից. հերոս-երեխան ազատ է և վայելում է անկախությունը: Պիննոկիոն փախչում է, որպեսզի դերասան դառնա. Դամբոն պետք է փորձի ինքնուրույն կայանալ կրկեսի քաոսիկ աշխարհում. Մաուգլին երբեք չի տեսել իր ծնողներին, և ինչպես ջունգլիների բոլոր կենդանիները, ծնվել էր ազատ. Սիմբան միայնակ անտառ է գնում… մի խոսքով, Արթուր արքան, Մովսեսը, Դորոթին, Հարրի Փոթերը, Մոխրոտիկը, Սպիտակաձյունիկը… դիսնեյյան այս բոլոր հերոսները որբեր են:
Երեխաների մոտ որբանալու անգիտակցական ցանկությունը առաջանում է տարբեր պատճառներով: Որոշ երեխաների համար սա միջոց է՝ դաժան ծնողներին պատժելու համար: Ուրիշների համար՝ իշխող ու դոմինանտ ծնողներից ազատվելու հնարավորություն: Երրորդների համար՝ ընտանիքից շեշտակի տարբերվող առանձին անհատականություն կերտելու պահանջմունք: Շատ հաճախ երեխաների երևակայությունը պատկերում է նրանց՝ այլ ծնողների կողմից որդեգրված երեխայի կարգավիճակում:
Դիսնեյյան մուլտֆիլմերի հերոսուհի արքայադստրերը, ինչպիսին են Մոխրոտիկը և Սպիտակաձյունիկը, նույնպես ապրում են չար, խորթ մայրերի հետ: Քնած դշխուհուն մեծացրել էին փերիները, իսկ այլ հերոսներ, ինչպիսիք են Հերակլեսը, Մովսեսը, Արթուրը, դաստիարակվել էին խորթ ընտանիքների կողմից, իսկ նրանց իրական ծնողները արքայական կամ էլ անգամ աստվածային արյուն ունեին: Երեխաները սիրում են երազել ազնվազարմ ծագման մասին, որը կապահովի կյանք, որը նման չէ ձանձրալի իրականությանը:
Ալֆրեդ Ադլերը, ով սկսել էր որպես Զիգմուն Ֆրոյդի կողմնակից, զրկվել էր իր ուսուցչի աջակցությունից, երբ կասկածի տակ էր առել վերջինիս կողմից առաջ քաշած տեսությունը, համաձայն որի, հոգեկանի վրա մեծապես ազդում են ճնշված սեքսուալ ցանկությունները: Ադլերը հայտարարեց, որ հոգեկանի խորքում թաքնված թերարժեքության զգացումը ավելի նշանակալից գործոն է, քան, օրինակ, Էդիպի բարդույթը (որդու անգիտակցական սեքսուալ ցանկությունը մոր հանդեպ):
Վերադառնանք դիսնեյյան մուլտֆիլմերին: Այնտեղ հերոսները, «ազատվելով» իրենց իրական ծնողներից, շատ կարևոր դաս են յուրացնում, որը մասնավորապես այն է, որ իրենք շատ են սիրում իրենց ընտանիքներին և կարոտում են տունը: Նրանք հասկանում են, որ տունը այնտեղ է, որտեղ սիրտդ է, իսկ մայրիկի ու հայրիկի տիրանիա թվացող իշխանությունը իրականում ոչ այլ ինչ է, քան սիրո ու հոգատարության դրսևորում: Այնուհետև, հետևում է հաջորդ փուլը, երբ մանկական հերոսները սկսում են փնտրել տուն վերադարձի ուղին, որովհետև չվերադառնալը պարզապես ճակատամարտի կեսն է, և չնայած, որ ազատության ու անկախության պահանջմունքը բավարարված է, իշխանության ու ուժի տենչանքը մնում է ուշադրության կենտրոնում:
3. Թույլ տվեք մանկական հերոսին դերերով փոխվել ծնողների հետ
Իրական կյանքում երեխայի համար ծնողները իսկական չեմպիոններ են: Միայն նրանք կարող են դուրս գալ փողոց, հաղթել հրեշներին ու փրկել ընտանիքը: Մեծահասակները պաշտպաններն են, իսկ երեխաները՝ անպաշտպան զոհեր: Սակայն երևակայություններում հենց երեխաներն են հանդես գալիս ուժով ու իշխանությամբ օժտված կերպարի դերում, հենց նրանք են կարող սպանել չար հրեշին, գերել վհուկին, հաղթել սև ասպետին ու ոչնչացնել բոլոր մնացած չարագործներին: Մանկական երևակայությունում հենց ծնողներն են անպաշտպան ու խիստ խոցելի արարածների կարգավիճակում և միայն իրենց հերոս-բալիկը կարող է փրկել անխուսափելի մահվանից:
Աշխարհը կամ/և ընտանիքը փրկող հերոս-երեխայի թեման մշտապես առկա է դիսնեյյան մուլտֆիլմերում: Պիննոկիոյի ճամփորդությունը վերջանում է, երբ նա փրկում է իր հորը՝ Ջեպետտոյին, Սիմբան փրկում է իր փրայդն ու ողջ թագավորությունը՝ իր դաժան հորեղբոր բռնապետությունից և այսպես շարունակ:
Շարունակելի…



