Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները չեն պատրաստվում զորք մտցնել Ղրիմ, որովհետև իրենցից հենց դա են սպասում Կրեմլում, որպեսզի ներխուժեն նաև երկրրի Արևմտյան շրջաններ:
Իրականում Կիևի դրդապատճառները միանգամայն այլ են, ոչ այդքան պրոզայիկ: Վերջին օրերը հստակորեն ցույց տվեցին, որ Ուկրաինան բանակ, որպես այդպիսին, չունի էլ: Ինչպես արտահայտվել էր Ռադայի պատգամավորներից մեկը՝ «Ոչինչ չի թռչում, ոչինչ չի աշխատում»: Զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի բոլոր իշխանությունները մի բանում միասնական են եղել՝ վաճառել ԽՍՀՄ-ից մնացած զենքի հսկայական պաշարները, որոնք լինելով մեծաքանակ, այնուամենայնիվ, անսահման չէին, էլ չասենք, որ 23 տարիների ընթացքում սպառազինությունը հնանում է թե՛ տեխնիկապես, թե՛ բարոյապես, ու այսօրվա դրությամբ, ուկրաինական զինված ուժերը չունեն ադեկվատ պոտենցիալ ոչ թե Ռուսաստանին, այլ անգամ Հայաստանին դիմակայելու, եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանը ինչ-որ ֆանտաստիկ ճանապարհով պատրաստվում է պատերազմել Ուկրաինայի դեմ:
Բացի դրանից, Ուկրաինայում տիրում է տոտալ բարոյալքություն ու հայտարարված զորահավաքի արդյունքում 40-միլիոնանոց երկիրը մի կերպ 30 հազար զորակոչիկ կարողացավ թղթի վրա հավաքել, և այն էլ հարց է, թե նրանցից քանիսը կմնան դիրքերում՝ առաջին իսկ կրակոցից հետո:
Պետք չէ մոռանալ նաև, որ այս ողջ ընթացքում Ռուսաստանը շատ ցուցադրաբար խաղացնում էր իր ռազմական մկանները, ու թեև ռուսական բանակը չես համեմատի խորհրդայինի հետ, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ուկրաինան մեկ ծայրից մյուսը անցնելու համար կպահանջվեն հաշված շաբաթներ: Հատկապես տպավորիչ էին օդա-դեսանտային զորքերի ուսումնական զորավարժությունները, որոնք տեղի ունեցան մի քանի օր առաջ, և որոնց ժամանակ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ միանգամից մի քանի հազար դեսանտային պարաշյուտներով իջան: Ի թիվս այլ բաների, սա նշանակում է, որ ուկրաինական հեղափոխության սիրտ հանդիսացող Լվովը հարկ եղած դեպքում կգրավվի մի քանի ժամերի ընթացքում՝ անգամ առանց ցամաքային զորքերի:
Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ իշխանության եկած բանդիտները հստակ հասկանում են, որ իրենց համար ոչ ոք չի պատրաստվում համաշխարհային պատերազմ սկսել, նրանք գերադասում են ձգել ժամանակը, որպեսզի հասցնեն հնարավորինս շատ թալանել երկիրը, իսկ Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատումը միանգամից վերջակետ կդնեն նրանց բոլոր նկրտումներին ու միակ բանը, որ կմնա նրանց, երկրից արագ ճողոպրելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել