Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում, հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիրը»:

Միաժամանակ Մամեդյարովն ասել է, որ այս ամենին հասնելուն խոչընդոտում են «հայկական կողմի ապակառուցողական գործողությունները» (հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը):

Գործընթացին անտեղյակ շրջանակները Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ղեկավարի հայտարարությունից կենթադրեն, թե պրոցեսը եզրափակիչ փուլում է, որտեղ միակ խնդիրը փաստաթուղթ ստորագրել-չստորագրելն է: Ու սա այն դեպքում, որ կողմերը ոչ միայն չեն բանակցել «Խաղաղության պայմանագրի» շուրջ, այլև նույնիսկ չեն համաձայնեցրել «Հիմնարար սկզբունքների փաստաթուղթը»:

Դեռ 2011 թվականին, երբ թվում էր, թե կողմերը շատ մոտ էին «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի ստորագրմանը, Կազանում Ադրբեջանը հետ կագնեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից ու այդպես էլ չստորագրեց փաստաթուղթը: Ավելին՝ Ադրբեջանը հանդես եկավ 10 նոր առաջարկություններով, որոնք միջնորդների կողմից որակվեցին որպես բանակցային սեղանին դրված փաստաթղթի սկզբունքներին հակասող:

Ստեղծված իրավիճակում, սեփական դեմքը փրկելու նպատակով, Ադրբեջանը հրապարակային դաշտ նետեց թեզն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է անցնել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին: Դա չհաջողված փորձ էր սեփական հեղինակությունը փրկելու ճանապարհին: Ակնհայտ էր, որ առանց սկզբունքների փոխհամաձայնության, այն է` առանց հիմնական բազայի, անհնար էր անցնել խաղաղության պայմանագրի:

Պարզ ասած, 2011 թվականի կազանյան հանդիպումից ի վեր, Ադրբեջանը միմիայն զբաղված է բանակցային գործընթացի խեղաթյուրմամբ (փաստացի նրա կողմից ձեռնարկված քայլերն ու հայտարարությունները ոչ մի կապ չունեն իրական պրոցեսի հետ):

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել, որում հակիրճ անդրադարձել էր մարտի 10-ին և 11-ին, համապատասխանաբար Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը` ներկայացնելով իր տպավորությունները:

«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է Ուորլիքը:

Ուորլիքի այս մեկնաբանությունը, ոչ միայն պատասխանն էր Ադրբեջանի ԱԳ նախարարի` Հայաստանին ապակառուցողականության մեջ մեղադրելուն ուղղված հայտարարությանը, այլ գնահատական էր` բանակցային գործընթացում կողմերի դրսևորած իրական նպատակների վերաբերյալ:

Ուղիղ մեղադրանք կամ քննադատություն չուղղելով Ադրբեջանին, այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետը ընդգծում է, որ Հայաստանի ձգտումները` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում, միջնորդների կողմից որպես փաստ է ընդունվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել