Դե ֆակտո Ուկրաինայում արդեն ընթանում քաղաքացիական պատերազմ, ուղղակի դեռևս դա առավելապես տեղեկատվական ոլորտում և փողոցներում, հայկական լեքսիկոնով ասած, թաղի խուժանի ու բանդերականների մակարդակով: Սակայն փաստը մնում է փաստ՝ քաղաքացիական պատերազմ ընթանում է, ու կան բոլոր նախադրյալները, որպեսզի այն հասնի իր էսկալացիոն պիկին:

Հատկանշական է, որ ուկրաինական սցենարը խիստ նման է հարավսլավականին, ու արժի անցկացնել զուգահեռներ, որպեսզի ուրվագծվի Ուկրաինայի հեռանկարը, եթե այնտեղ խելքի չգան ու արտաքին միջամտություն չլինի Ռուսաստանի կողմից:

- Մինչ քաղաքացիական պատերազմի բովը մտնելը՝ Հարավսլավիայում իշխանության եկան չափավոր ազգայնականները՝ Միլոշևիչի գլխավորությամբ, որոնք սկզբնական փուլում ինտենսիվ համագործակցում էին Արևմուտքի հետ:

Ուկրաինայում էլ, անգամ Կուչմայի օրոք, ակնհայտ էր արևմտամետ զարգացման վեկտորը, որը հասավ իր պիկին Յուշչենկոյի օրոք ու, ըստ էության, չփոխվեց Յանուկովիչի օրոք:

- Հարավսլավիան բնակեցնող ժողովուրդները գրեթե միատարր էին էթնիկական առումով, ու եթե չհաշվենք Մակեդոնիայի բնակչությունն ու ալբանա-գնչուական փոքրամասնությունները, մնացած ժողովուրդները, ըստ էության, սերբեր էին, որոնք տարբերվում էին բացառապես կրոնական պատկանելիությամբ ու աշխարհաքաղաքական ուղղվածությամբ. խորվաթները նույն սերբերն են՝ ուղղակի կաթոլիկ են ու ավստրո-իտալական մեծ ազդեցություն են կրում, բոսնիացիները նույն սերբերն են, ուղղակի մահմեդական են ու թուրք-օսմանական ազդեցության տակ են, և այլն:

Ուկրաինայում էլ, ըստ էության, տեսնում ենք եթե ոչ նույն, ապա խիստ մոտ ազգերի արհեստական բաժանում՝ կրոնական ու աշխարհաքաղաքական սկզբունքներով: Եթե անգամ մոռացության մատնենք, որ մինչև 1917 թվականը գոյություն չուներ ռուս-ուկրաինացի բաժանում, իսկ Ուկրաինան ու Ռուսաստանը սերում են միևնույն Կիևյան Ռուսիայից, ապա երկրի արևմուտքը բնակեցված է առավելապես կաթոլիկներով և ունիատներով, որոնք մեծապես ազդվել են Լեհաստանի կողմից, արևելքում էլի նույն էթնոսն է, որը սակայն ուղղափառ է ու կրում է ռուսական կայսրության ազդեցությունը, դե իսկ բացի ուկրաինացիներից, Ուկրաինայում կան ռուսներ, հրեաներ, թաթարներ, հայեր, որոնք ևս ունեն իրենց կրոնական տարբերություններն ու վեկտորները:

- Հարավսլավիայում արյուն սկսվեց թափվել, երբ Խորվաթիան հռչակեց անկախություն ու հետևեց անկախությունների շքերթ, բայց ծագած քաղաքացիական պատերազմը շատ արագ անցում կատարեց երկրի միասնականությունը պահպանելու կամ անկախանալու գծից՝ կրոնական ու էթնիկ հողի վրա եղբայրասպան պատերազմի: Չէին ասում՝ մենք ուզում ենք անկախ լինենք կամ երկրի միասնականությունը վերականգնենք, այլ ասում էին՝ «Մահմեդականներին/կաթոլիկներին/քրիստոնյաներին՝ մահ»:

Ուկրաինայում էլ մեծ արյան դեպքում էլ ոչ ոք չի հիշելու տարածքային ամբողջականության կամ անկախության մասին, այլ կոչ են անելու սպանել բանդերականներին, ռուսներին, ռուսական ստրուկներին, մահմեդական թաթարներին, դե մեկ էլ ուկրաինական ադաթների համաձայն՝ հրեաներին: Ու ասեմ ձեզ, Ուկրաինան խիստ հարուստ ու տխուր պատմական փորձ ունի նման եղբայրասպան նախճիրների, որի հետ չի կարող համեմատվել անգամ ռուսական քաղաքացիական պատերազմը:

Իհարկե, տարբերություններ էլ կան ու տարբերությունները հիմնականում բխում են նրանից, որ ի տարբերություն 20 տարի վաղեմություն ունեցող հարավսլավական ողբերգության ժամանակ առկա էր լիարժեք աշխարհաքաղաքական դիսբալանս, իսկ հիմա Ռուսաստանը ակտիվացել է, ուստի հեռանկարներն էլ անկանխատեսելի են: Ամեն դեպքում, հուսանք, որ Ուկրաինայում բանը չի հասնի մեծ արյան ու գոնե այս անգամ ուկրաինացիները դասեր կքաղղեն իրենց ու այլոց պատմությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել