Ղրիմը կատարեց իր հաջորդ քայլը, որը թերակղզին ավելի է մոտեցնում Ռուսաստանին: Քիչ առաջ պարզ դարձավ, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը և Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը համատեղ որոշում են ընդունել երկրամասի անկախության հռչակագրի մասին: Այսպիսով, ըստ պաշտոնական հաղորդագրության, եթե հանրաքվեի արդյունքում ղրիմցիները որոշում կայացնեն միանալ Ռուսաստանին, ապա երկրամասն առաջին հերթին կհռչակվի անկախ պետություն և այնուհետև պաշտոնապես կդիմի Ռուսաստանին՝ ղրիմցիների կամքն ի կատար ածելու համար: Մինչ ղրիմցիներն իրենց անկախ են հռչակում, Ռուսաստանում զուգահեռ մշակվում է օրենք, որը թույլ կտա Ռուսաստանին միացնել նոր տարածքներ՝ հիմնվելով այդ տարածքներում անցկացված համապատասխան հանրաքվեների արդյունքների վրա: Ենթադրվում է, որ այդ նորմը կգործի միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքի հանդեպ իրավասություն ունեցող պետությունում բացակայի արդյունավետ ինքնիշխան պետական իշխանություն՝ պարտավորված պաշտպանել իր քաղաքացիներին, հարգել նրանց իրավունքներն ու ազատությունները: Եկեք սկսենք անկախության մասին հռչակագրից:
Շատ կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչի վրա են հիմնվում Ղրիմի իշխանությունները նման որոշում կայացնելիս: «Մենք՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորներս, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային փաստաթղթերի վրա, որոնք երաշխավորում են ազգերի ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը, ինչպես նաև հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2010թ.-ի հուլիսի 22-ի որոշումը՝ կապված Կոսովոյի հետ, որի համաձայն, պետության մի մասի անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային որևէ նորմի, կայացնում ենք որոշում…»,-ասված է Ղրիմի Գերագույն խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այնպես որ, Արևմուտքի այն թեզը, թե իբր Կոսովոն բացառություն է և «առանձնահատուկ դեպք», հօդս է ցնդում և այսուհետ այն դառնում է նախադեպ միջազգային հարաբերություններում: Հենց միայն այն պատճառով, որ դրա ետևում ոչ թե ինչ-որ փոքր և թույլ պետություն է կանգնած, այլ Ռուսաստանի պես պետություն:
Երկրորդ՝ ևս մեկ անգամ շեշտադրվում է մեզ՝ հայերիս համար շատ կարևոր միջազգային նորմերից մեկը՝ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության նորմը: Սա կարող է բանակցություններում ամրապնդել Արցախի դիրքերը: Կարծում եմ՝ նույնիսկ ճիշտ կլինի, եթե Արցախը Հայաստանի միջոցով պաշտոնական նոտա հղի Ռուսաստանին և խնդրի հարգել և ճանաչել նաև իր պետության անկախությունը, որն ի դեպ, ևս ձևավորվել է տվյալ տարածքում ապրող ժողովրդի կամաարտահայտման հիման վրա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից համապատասխան օրենք ընդունելուն, որն այդ երկրին թույլ կտա Ղրիմը միացնել իրեն, ապա կարծում եմ, որ Ռուսաստանն այս պարագայում ոչ թե պարզապես գործում է եղած միջազգային նորմերի սահմաններում, այլ ինչ-որ տեղ ստեղծում է նորը, կամ էլ որոշ չափով «նորացնում է» մեկ այլ, համեմատաբար նոր նորմ: Խոսքը «պաշտպանելու պարտավորություն» նորմի մասին է (R2P):
Տեսեք, ըստ R2P, ինչպես գիտեք, միջազգային հանրության մոտ բարոյական պարտավորվածություն է առաջանում՝ պաշտպանել օտարերկրյա քաղաքացիներին, երբ տվյալ երկրի իշխանություններն իրենք չեն կարողանում դա անել, կամ էլ եթե հենց այդ նույն իշխանություններն իրենք են հանցանք գործում սեփական ժողովրդի հանդեպ: Սակայն այնպես էլ չէ, որ անմիջապես ով ուզենա կարող է միջամտել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատի առկայություն:
Այժմ, փաստորեն, Ռուսաստանը հերիք չէ գործում է միանձնյա, առանց միջազգային հանրության հետ համատեղ ջանքերի կամ էլ հավանության, և դեռ մի բան էլ ոչ թե պարզապես ներխուժում է պաշտպանելու և հասարակական կարգը վերականգնելու համար, այլև նախընտրում է միացնել «զոհ» դարձած տարաքծն իրեն և այդպիսով «պաշտպանել» տուժող քաղաքացիներին: Այս նոր երևույթը, ստեղծելով նախադեպ, կարող է ստեղծել նաև անկանխատեսելի միտում ժամանակակից միջազգային հարաբերություններում:
Դե ինչ, մնաց ընդամենը մի քանի օր Ղրիմի հանրաքվեին: Այժմ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես սրան կարձագանքի միջազգային հանրությունը: Ի դեպ, երբ ասում եմ «միջազգային հանրություն», նկատի չունեմ միայն Արևմուտքը: Ես անհամբեր սպասում եմ արագ զարգացող աշխարհի մնացյալ խոշոր պետությունների հստակ արձագանքին: Սա լավ առիթ է հասկանալու համար, թե մենք քանի բևեռանի աշխարհում ենք ապրում: Շատ է վերջերս խոսվում այն մասին, որ միաբևեռ աշխարհից մենք այժմ անցում ենք կատարել բազմաբևեռ աշխարհը, բայց վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհը ոչ միաբևեռ է, ոչ էլ առավել ևս բազմաբևռ, այն ավելի շուտ երկբևեռ աշխարհի տպավորություն է թողնում: