Ծնվեցի՞ր, շատ լավ: Ո՛չ, ո՛չ, դեռ չեմ շնորհավորում: Ինչու՞ չեմ շնորհավորում: Դե ես առհասարակ պրոլներին չեմ շնորհավորում:
Նապոլեոնի (Օրուելի «Անասնաֆերմայից»), կամ այլ կերպ ասած՝ իշխանության պարտքն է դաստիարակել քաղաքացիական հասարակություն: Իշխանությունը ծնողներից «խլում» է զավակներին և դաստիարակում այնպիսի քաղաքացի, ինչպիսին ուզում է տեսնել: Երբևիցե փորձե՞լ եք հարց տալ իշխանությունը զավթած պարագլուխներին, թե ինչպիսին է լինում լավ քաղաքացին: Ո՞չ: Դե իհարկե, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, քանզի շատ հեշտորեն կարելի է տարբերել նրանց. «Լավ քաղաքացիները ավելի եռանդուն են աշխատում»: Դմբուզը կամ, ընդհանրացնենք, «լավ քաղաքացիները» միշտ մեկ ժամ շուտ են արթնանում, ավելի շատ աշխատում են, ավելի քիչ քնում, «ազատության» համար մղվող կռիվներում միշտ նրանք են հարձակվողի դերում, նրանցն են տրվում շքանշանները, նրանցով է հերոսանում ազգը: «Լավ քաղաքացիների» շնորհիվ է, որ դասագրքերը վերածվել են գովասանագրերի, իսկ ազգը շնչահեղձ չի լինում: Բայց այստեղ մի ՄԵ՜Ծ «ԲԱՅՑ» կա. միևնույն է, վայելում են խոզերը:
Քաղաքացիական հասարակությունը այնպիսի վեհ երևույթ է, որ կարող է իշխել իշխանությանը: Ինչպես թույլ տղամարդն է շարունակ ճնշում կնոջը, այնպես էլ թույլ իշխանությունն է ճնշում ժողովրդին: Վախենալով կորցնել իշխանության ղեկը՝ իշխողները քաղաքացիական հասարակություն դաստիարակելու փոխարեն դաստիարկում են «անասնական հասարակություն»: Անասնական հասարակությանը կամ այլ կերպ ասած՝ պրոլներներին է բնորոշ «Երկիրը երկիր չի» սրբազան կարգախոսը, որով լուծվում են բոլոր հարցերը: Թեև պրոլները անցումով չեն անցնում, ճանապարհը սխալ տեղով են հատում, աղբը փողոց են նետում, ծամած մաստակը այգիների նստարաններին կպցնում, իրենց տան մուտքի առջև փոքրիկ, քառակուսի սալահատակից այն կողմ ոչինչ չեն խնայում, բայց միևնույն է. պրոլները երբեք չեն ապստամբում:
Քաղաքացիական հասարակության առաջ պատասխանատու է իշխանությունը: Քաղաքացիական հասարակությունը թքած ունի թե՛ իշխանության, և թե՛ հետմահու շքանշանների վրա: Քաղաքացիական հասարակությունում դաստիարակված լավ քաղաքացիները ամեն ինչ կուլ չեն տալիս և «վերևներում գտնվողների ճշտին» անվերապահորեն չեն հավատում: Լավ քաղաքացիները ամենևին հնազանդ ու խոնարհ չեն լինում. նրանք իրենցն են ասում, իսկ քաղաքացիական հասարակության խոսքին ականջ է դնում իշխանությունը: Այնուամենայնիվ, մինչ լավ քաղացի դառնալը՝ պետք է դիմակայել Նապոլեոնի շների հարձակմանը, ովքեր գզում են չենթարկվողներին ու դարձնում պրոլներ:
Էսսեն գրվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակի և «1984» վեպի հիման վրա:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2014/03/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել