Ռուսաստանը հասկացել է, որ Ուկրաինայի հարցում իր քաղաքականությանը միջազգային հանրության արձագանքը դարձել է բավական կոշտ ու անսպասելի, ինչը կարող է հանգեցնել իր համար տխուր հետեւանքների, եւ փորձում է Ուկրաինայի հարցում իրականացնել նվազագույն ծրագիրը, այսինքն՝ ինկորպորացնել Ղրիմը:
Ղրիմի եւ Սեւաստոպոլի կորուստը, որը կարող է տեղի ունենալ, այդ թվում ՆԱՏՕ-ի առաջանցիկ ինտերվենցիայի արդյունքում, կնշանակեր աշխարհքաղաքական շրջափակման, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը, ճեղքման որեւէ հույսի ավարտը: Ներկայում Ռուսաստանը փակված է մնացել սեւծովյան ավազանում, որտեղ բոլոր երկրները նրա հանդեպ ունեն թշնամական վերաբերմունք:
Սակայն ՆԱՏՕ-ն միակ սպառնալիքը չէ: Ղրիմին բացահայտ հավակնում է Թուրքիան: Ընդ որում, Ղրիմը Թուրքիայի քաղաքականության մեջ դիտարկվում է որպես նեոօսմանիզմի հայեցակարգի բաղկացուցիչ, ներառյալ նաեւ Բեսարաբիայի ուկրաինական մասը եւ Մոլդովայի հարավ-արեւմտյան մասը, Ռուսաստանի սեւծովյան տարածքները եւ Հյուսիսային Կովկասի արեւմտյան մասը:
Ռուսաստանի խնդիրն այն է, որ նրան չի հաջողվել զսպել Թուրքիայի էքսպանսիան այս տարածաշրջաններում: Տպավորություն է, որ ռուսները հասկացել են, որ առանց Ղրիմի վերահսկողության չեն կարողանալու դիմակայել Թուրքիայի ներթափանցմանը Սեւծովյան-կովկասյան տարածաշրջան (հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է Ռուսաստանն իրականացնել այդ խնդիրը, վերահսկողություն հաստատելով Ղրիմի վրա):
Ներկայում պարզ է դարձել նաեւ, որ Ռուսաստանն ընդունակ չէ ինքնուրույն կանխել Սեւ ծովում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ներկայության ուժեղացումը եւ ստիպված է դիմել Թուրքիայի օգնությանը, որը նույնպես շահագրգիռված չէ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներթափանցմամբ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժեղացումը Սեւ ծովում կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկորցնի առաջատարությունն ու գործառույթները, որոնք նա կատարում է ՆԱՏՕ-ի օպերատիվ եւ ռազմավարական ծրագրերում:
Սա անթույլատրելի է Թուրքիայի համար, եւ նա պատրաստակամությամբ ընդունել է Ռուսաստանի առաջարկը Սեւ ծովում ԱՄՆ ուժեղացումը թույլ չտալու համար: Ընդ որում, վերջին երկու տասնամյակում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն Սեւ ծովում իրենց ծրագրերից հրաժարվել են հենց Թուրքիայի ու Ռուսաստանի «կապի» պատճառով:
Պետք է նշել, որ այս իրադարձությունները ժամկետի ու տրամաբանության մեջ համընկել են Հայաստանի շահերի հաշվին Թուրքիայի ու Ռուսաստանի բանակցությունների ու պայմանավորվելու փորձերի հետ (Մեդվեդեւի փորձը՝ կարգավորելու ղարաբաղյան խնդիրը): Այնուամենայնիվ, Սեւծովյան-կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի էքսպանսիայի խնդիրը մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի առաջնահերթություններից մեկը:
Կասկած չկա, որ Թուրքիան կկորցնի շատ լծակներ, եթե Ղրիմը հայտնվի Ռուսաստանի կազմում, քան եթե մնա Ուկրաինայի կազմում: Սակայն հարցն այն է, թե ինչ չափով եւ որ սցենարի դեպքում կուժեղանա Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ դիմակայությունը՝ եթե Ղրիմն անցնի Ռուսաստանի՞ն, թե մնա Ուկրաինայի կազմում: Հետագայում, իրավիճակն ու ուժերի հարաբերակցությունը լինելու են ուժեղ դինամիկայի մեջ, եւ շատ բան կախված է լինելու նրանից, թե որքանով Թուրքիան կկարողանա ազդել Ռուսաստանի վրա Ղրիմի թաթարների գործոնով:
Ներկայում Թուրքիան արդեն կարողացել է ցույց տալ, որ ընդունակ է օգտագործել Ղրիմը որպես Ռուսաստանի դեմ ուժեղ լծակ: Մոսկվան ստիպված է ներգրավել Թաթարստանը եւ այլ քաղաքական լծակներ, որպեսզի ինչ որ չափով չեզոքացնի Թուրքիայի միջամտությունը, որը ներկայում խիստ շահավետ դիրք ունի՝ նա կարող է աջակցել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, կամ Ռուսաստանին, կախված հանգամանքներից:
Առավել անբարենպաստ իրավիճակում են հայտնվել ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, որոնք հասկացել են, որ Սեւ ծովում ուժերի հավասարակշռության քաղաքականությունը ձեռք է բերում այլ բովանդակություն: Այսինքն, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ըստ էության կորցնում են Ղրիմը, որը մի կողմից կդառնա Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ դիմակայության ասպարեզ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը ձեռք է բերում Սեւ ծովում «թիվ 1 տերության» դերը:
ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ուշացել են, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամերիկացիները պատրաստ չեն եղել Ուկրաինայի իրադարձություններին: Սեւ ծովում «երրորդ ուժի» հայտնվելու խնդիրը պետք էր լուծել 10 տարի առաջ: Ուկրաինան չկարողացավ պահել Ղրիմը, եւ Սեւ ծովը դարձել է շատ կոշտ դիմակայության ասպարեզ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար Ղրիմի հեռավորությունը Ռուսաստանից ու Թուրքիայից ամենաբարենպաստ իրավիճակն էր, սակայն պետք էր հասկանալ, թե երբ եւ ինչպես գործել, եւ ոչ թե ակտուալ խնդիրների լուծումը հետաձգել ավելի լավ ժամանակներ:
Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ վերահսկելով Ղրիմը, Ռուսաստանը կարող էր Հարավային հոսք գազատարի լիովին այլ երթուղու հնարավորություն ստանալ, խուսափելով Թուրքիայի տարածքային ջրերից: Այնպես որ, Ղրիմը նաեւ «տրանզիտային» միլիարդներ են:
Ղրիմը կարող է առիթ դառնալ Օբամայի քաղաքականության հանդեպ ԱՄՆ ընդդիմության քննադատության եւ հարձակման համար եւ ազդել նախագահի ընտրության վրա: Վաշինգտոնն ըստ ամենայնի ջանքեր կձեռնարկի փոխզիջումային լուծման ուղղությամբ, հույս ունենալով, որ Ռուսաստանը, մտահոգված լինելով միջազգային իրավունքի հետ ունեցած խնդիրներով, կգնա դրան:
Սակայն Ռուսաստանը վարում է ոչ թե գաղափարական առաջնահերթությունների, այլ իրական ու բավական ագրեսիվ քաղաքականություն: Ներկայում Մոսկվայի համար էլ արդեն ուշ է փոխզիջման փորձերի համար: Մոսկվայում պատրաստել են «պահեստային պլան» Ղրիմում Ուկրաինայի հետ ասոցացված պետություն ստեղծելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում չկա: Մոսկվան հասկացել է, որ իրեն ներքաշել են երկարատեւ ու բարդ դիմակայության մեջ, եւ գազի ու այլ գործոններն այս խաղում բավարար չեն:
Բացի այդ, Ռուսաստանը զգուշանում է Թուրքիայի հետ դիմակայությունից, որի հետ մրցակցությունը մի շարք տարածաշրջաններում արդեն պարտվել է, սակայն դեռ ի վիճակի է զսպել թուրքական էքսպանսիան, քանի որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն այս ուղղություններով Թուրքիային չեն աջակցում: Սովորաբար Ռուսաստանը քաղաքականության «կտրուկ շրջադարձերին» համաձայնության է գալիս Թուրքիայի հետ, երբ այս պետությունները հայտնվում են նման՝ խիստ անբարենպաստ միջազգային իրավիճակներում: Ընդ որում, առաջանում են ազդեցության ոլորտները սահմանելու հակումներ:
Այսպես կոչված Ղրիմի նախադեպը միջազգայնորեն չճանաչված պետությունների հարցում կիրառելը դիտարկելը լիակատար հիմարություն է: Ռուսաստանը գործում է անսկզբունքորեն եւ երբեք նախադեպերը չի տարածի այլ խնդիրների վրա: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչվի որեւէ պետության կողմից: Միայն ԼՂՀ անվանումն արդեն իսկ սրտխառնուք ու իրարանցում է առաջացնում ռուսների մոտ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն առաջինը կճանաչի ԱՄՆ-ն, մնացյալ ամեն ինչ բարդույթավորված ու թերամիտ մարդկանց հույսեր են:



