Newsbook.am-ը գրում է.

Ղրիմի ինքնավարության առթիվ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը կրեմլյան քաղաքագետները, հավանաբար, ունենալով հատուկ հանձնարարություններ, սկսել են մատուցել որպես Ղարաբաղի հարցում Ռուսաստանի «կառուցողական» վերաբերմունքի դրսևորում: Այսինքն, եթե Պուտինը պաշտպանում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, սրանից պետք էենթադրել կամ էլ հավատալ, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը նույնպիսի մոտեցում կցուցաբերի։ Ահա այսօր այս «կուտն» են կամենում տալ բոլորին կրեմլյան քարոզիչները՝ այսպիսով Հայաստանին պարտադրելով առավել հավատարիմ լինել Մոսկվային ու նրա տերերին:

Իսկ հայ դիվանագետներն էլ հալումաշ եղած այս քարոզչությունից, համաձայնել են այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում: Արտաքուստ, կարծես անսպասելի կամ իրադարձային ոչինչ չկա, որ հանդիպումը տեղի ունենա համանախագահող երկրներից մեկի մայրաքաղաքում: Սա՝ միայն արտաքուստ: Այժմ փորձենք ընկալել, թե ինչ վտանգավոր նախադեպեր են ստեղծվում Հայաստանի և Ղարաբաղի համար և Նալբանդյանի մոսկովյան հանդիպումը որքան կարող է վնասակար լինել մեզ համար:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մամեդյարովը համանախագահողների հետ հանդիպելու է Փարիզում: Դարձյալ՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահող երկրներից մեկում: Ավելի ստույգ՝ Եվրոպայում: Մինչդեռ Նալբանդյանի հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում, այսօր արդեն Եվրոպայի կողմից սուր քննադատության ու դատապարտումների արժանացող երկրում, որի մասին նորից շրջանառության մեջ են դրվում «չարիքի կայսրություն» բնութագրումները: Եվրոպան մերժում է Ռուսաստանի՝ Ղրիմի հարցում դրսևորվող ջանքերը, Մայդանի ողբերգության մեջ Եվրոպան ձգտում է տեսնել ռուսական հետքը, իսկ ահա Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների է գնում Մոսկվա՝ բնականաբար իր վրա կրելով կրեմլյան ճնշումները: Եթե Փարիզում տեղի ունենալիք Մամեդյարով-համանախագահներ հանդիպումը դիտարկվելու է կրքերի ու հույզերի դաշտից դուրս, ստանալու է օբյեկտիվ գնահատական, ապա Նալբանդյան-համանախագահողներ հանդիպումը բոլոր դեպքերում դիտարկվելու է «մոսկովյան լույսի ներքո» և կորցնելու է իր իմաստն ու արժեքը:

Ավելին, արդեն ակնհայտ է դառնում, որ մինչև այժմ գործելով կուլիսներում և նպաստելով ղարաբաղյան հարցում ադրբեջանական դիրքորոշումներին, Մոսկվան այժմ ամեն ինչ անելու է Հայաստանին զրկելու վճռական խոսք ասելու իրավունքից և ստանձնելու հարցեր լուծողի ու թելադրողի դերը: Այսինքն, Հայաստանն ինքնակամ զիջում է նախաձեռնությունն ու դառնում Մոսկվայի կցորդը, կամակատարը: Հազիվ թե հայ դիվանագետները, ՀՀ նախագահն ու Էդվարդ Նալբանդյանն այնքան քաջություն ունենան՝ ընդդիմանալու Մոսկվայի կամքին ու պահանջներին:

Այս համատեքստում, արդեն բացահայտվում են Զորի Բալայանի տխրահռչակ նամակի «ակունքները»: Վերջերս ռուս քաղաքագետները, Կրեմլի թելադրանքով, հայտարարում են, որ Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու վերականգնել պատմական ճշմարտությունը: Ի՞նչ է նշանակում պատմական ճշմարտություն ըստ Մոսկվայի: Պատմական ճշմարտության ակունքները Զորի Բալայանի նամակում էին շարադրված՝ ամեն ինչ դարձնելով Գյուլիստանի պայմանագրի առանցքի շուրջ:

Պայմանագիր, որի արդիականացումն այսօր բխում է հենց Ռուսաստանի շահերից և կարող է արդարացնել Ղրիմի հանդեպ նրա հավակնությունները: Պատահական չէ, որ Ռուսաստանը Ղրիմի հարցում ևս պատմական արդարության դրույթն է շրջանառում: Ուրեմն, Զորի Բալայանի նամակը, որը հեգնանքով ընդունվեց շատերի կողմից, իսկ ոմանք էլ հայտարարեցին, թե դա «դատարկ կրակոց» է Ռուսաստանի և հատկապես Պուտինի համար, բնավ էլ անմեղ մի բան չէր, որ մշակվել էր հենց Մոսկվայում, սոցիալական պատվերը եղել էր Մոսկվայից։ Եվ գուցե «հոնորարի» չափն էլ որոշվել էր Մոսկվայից՝ ի վնաս մեր պետական բյուջեի։

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել