Tert.am-ը գրում է.
Նախկին զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անձնական տպավորությամբ՝ Միասնական քննչական կոմիտեի մասին նախագիծը, որն այսօր առաջին ընթերցման ռեժիմով քննարկվում էր ԱԺ-ում, կարծես գրվել է դատախազի կողմից:
Կոալիցիան ներկայացնող պատգամավորներ՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը և նույն խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ևս իրենց ելույթներում նշեցին, որ թեև հսկայական աշխատանք է արված, բայց օրենքում բազմաթիվ բացթողումներ կան:
Նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով նախագծին, որը ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից, հայտարարեց, որ իր տպավորությամբ՝ նախարարությունը միայն վերջին պահին է միացել նախագծի մշակմանը, ապա ավելացրեց. «Իմ անձնական տպավորությունն է, որ պատրաստվել է նախկին դատախազի կողմից: Այսինքն՝ դատախազ է գրել, քանի որ ամբողջությամբ կրկնում է «Դատախազության մասին» օրենքը: Եվ այն միասնականության մասին սկզբունքները, որոնք արտացոլվել են այս օրենքում, եթե ճիշտ են «Դատախազության մասին» օրենքի համար, բայց բացարձակ անընդունելի են Քննչական միասնական կոմիտեի մասին օրենքի հետ կապված:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց Միասնական քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի աշխատանքային խումբ, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ Քննչական միասնական կոմիտեում պետք է միավորվեին Ոստիկանության, Պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունները, սակայն ՊԵԿ-ը ինչ-ինչ նկատառումներով չմիավորվեց, և հիմա ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է նախագիծը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ մի շարք դրույթներ նախագծից հանվել են, բայց էլի մի քանիսը պետք է հանվեն, գործող և ապագա Քրեական դատավարության օրենսգրքի հետ հակասությունների մեջ չմտնելու համար:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իր համար հատկապես կարևոր է քննիչների ինստիտուտը, ապա ավելացրեց. «Խոսում ենք Կոմիտեի ինքնուրույնության մասին, բայց՝ քննիչի՝ անկախության: Քննիչը երբեք չի կարող անկախ լինել»,- հայտարարեց նա՝ բացատրելով, որ խոսքը պետք է լինի քննիչի ինքնուրույնության մասին, որովհետև քննիչը ունի վերադասներ՝ բաժնի պետից մինչև հսկող դատախազ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ դատաիրավական բարեփոխումների համատեքստում Միասնական քննչական կոմիտեի ստեղծման գաղափարը դեռ 90-ականներին՝ իրավաբան Էդվարդ Եգորյանի և իր գլխավորությամբ, բայց այս օրենքը չի կարելի ընդունել:
«Ուզում եմ բարձրացնել 3 հարց, առաջին՝ գիտե՞ք ինչ կա. մինչև 2005 թիվը, երբ Սահմանադրությունում անտեղի հայտնվեց հոդված, որում նախագահին անտեղի հնարավորություն տրվեց քաղաքացիական պաշտոններում մարդկանց նշանակել, Սահմանադրության առավելությունն այն էր, որ նախագահի իրավասություններն ու պարտականությունները սահմանված էին Սահմանադրությամբ, ԱԺ իրավունքներն ու պարտականությունները՝ նույնպես, իսկ այդ Կառավարությանը՝ օրենքներով»,- ասաց Հրանը Բագրատյանը՝ ավելացնելով, որ ամեն տարի հանրապետական մեծամասնությունը այդ սահմանադրական հիմքերը «կոռոզիայի է ենթարկում»:
«Կոռոզիա» ասելով Հրանտ Բագրատյանը նկատի ունի այն, որ գործադիր իշխանության կեսը Կառավարության հետ կապ չունի: Օրինակ՝ ՊԵԿ, Ոստիկանությունը, որոնք ոչ թե Կառավարության մաս են, այլ առընթեր Կառավարությանը:
«Սրանք մաքուր գործադիր մարմիններ են»,- արձանագրեց Հրանտ Բագրատյանը՝ ասելով, որ սրանք աննորմալ զարգացումներ են, որոնք «կոռոզիայի են ենթարկում» Պետական կառավարման համակարգը, և նույնիսկ մեկ մեծամասնության ներսում, նկատելի է, որ տարբեր կառույցներ փորձում են իրար չվստահել: Մինչդեռ, ըստ Բագրատյանի՝ «սենց պետություն չի լինում»:
Հրանտ Բագրատյանը այն կարծիքի է, որ Դատախազությունը ևս «մաքուր գործադիր մարմին է»: «Սա Կառավարության գործն է, ստեղ նախագահն ի՞նչ կապ ունի»-հարցրեց նա և կոչ արեց՝ կա՛մ վերացնել նախագահի ինստիտուտը, կա՛մ՝ Կառավարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



