Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը շեշտակիորեն կորցրեց իր ԽՍՀՄ երբեմնի հզորության մեծ մասը, իսկ Պուտինի իշխանության տարիներին թերևս միակ բանը, որ փոխվեց, դա ուժերի ու պոտենցիալի անկման դինամիկան էր: Այլ կերպ ասած, եթե Ելցինի ժամանակաշրջանի անկման կորը 90 աստիճանով էր իջնում դեպի 0, ապա Պուտինի ժամանակ այդ կորի անկյունն աճեց, բայց ոչ այնքան, որ կորը վեր բարձրանա:

Այս տարիների ընթացքում Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ, սրընթաց հզորանում էր ու շարունակում է հզորանալ Չինաստանը, ու այժմ կա տարածված հայեցակարգ, որ որոշ ժամանակ անց Չինաստանը պարզապես կլանելու է Ռուսաստանի ողջ արևելքն ու հյուսիսը. պարզապես դեռ դրա ժամանակը չի եկել: Սակայն, հատկապես վերջին տարիներին, Չինաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են այնպիսի բարձրունքների, որոնք համեմատելի են միայն ստալինյան տարիներին ԽՍՀՄ-Չինաստան փոխհարաբերությունների որակի հետ, ու հիմա էլ այս երկու տերությունները ձեռք ձեռքի են հանդես գալիս անգլոսաքսոնական Արևմուտքին:

Որքանո՞վ է այս դաշինքն ամուր ու մնայուն, և որքանո՞վ է Չինաստանը պատրաստ պահպանել իր լոյալությունը խարխուդ շինություն հիշեցնող Ռուսաստանին: Ոմանց կարծիքով, սա ուղղակի ձև է, որը միտված է իջեցնել Ռուսաստանի ու ռուսների զգոնությունը, որ հետագայում, երբ հարմար պահ ընձեռվի՝ շեշտակի, կամ էլ ժամանակի ընթացքում և աստիճանաբար, կլանել ռուսական Հեռավոր Արևելքը, Հյուսիսը, Սիբիրը և ռուսական ազդեցության գոտի հանդիսացող Միջին Ասիան:

Կարծում եմ, որ Չինաստանը, այնուամենայնիվ, այդպես չի վարվի, համենայն դեպս, քանի դեռ Արևմուտքը հանդիսանում է աշխահրի հակադիր բևեռ, ու չի անի ոչ թե ինչ-որ վեհ ու պաթետիկ պատճառներով, այլ աշխարհաքաղաքական պրագմատիզմից ու երկարաժամկետ հաշվարկներից ելնելով: Այո, այսօրվա Չինաստանը թե՛ տնտեսապես, թե՛ հասարակական, թե՛ քաղաքական առումով շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, և ինչո՞ւ ոչ, առնվազն մրցունակ է ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանն ունի մի բան, որ Չինաստանը չունի ու մոտակա տարիների չի էլ կարող ունենալ՝ աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցը, որը միակ բանն է, որ դեռևս հեռու է պահում ՆԱՏՕ-յին ուղղակի ռազմական ինտերվենցիա կատարելուց: 

Չինաստանը, որպես հին ու զարգացած քաղաքակրթություն ու երկիր, շատ լավ է հասկանում, որ հենց անգլոսաքսերը նեյտրալիզացնեն բացառապես Ռուսաստանից բխող միջուկային ոչնչացման վտանգը, անմիջապես կանցնեն Չինաստանի հարցերը լուծելու, որը, թեև, միջուկային տերություն է, բայց ռազմական տեխնոլոգիաների ու միջոցների այսօրվա մակարդակը ԱՄՆ-ին թույլ է տալիս օպերատիվ կերպով նեյտրալիզացնել Չինաստանի ունեցած ծավալները, իսկ մնացած զորատեսակները որքան էլ ուժեղ լինեն, արդեն չեն օգնի 1.5-միլիարդանոց Չինաստանին, որովհետև միջուկային կրակում նույն արդյունավետության կարելի է վառել ինչպես 10 միլիոն մարդու, այնպես էլ 1.5 միլիարդի, առավել ևս, եթե շոշափելի պատասխան հարված հասցնելու ուժ չկա:

Այլ կերպ ասած, քանի դեռ Չինաստանը ինքը չունի բավարար քանակությամբ զանգվածային խոցման զենք ու դրանք արդյունավետ տեղ հասցնելը երաշխավորող կրիչներ, Չինաստանի կենսական շահերից է բխում, որ Ռուսաստանը ծնկի չգա ու չմասնատվի, ու դա Ռուսաստանին ու Չինաստանին դարձնում է բնական դաշնակիցներ, որոնք անվտանգության առումով վեր են ածվում սիամական երկվորյակների: Այնպես որ, առաջիկա տարիներին Ռուսաստանը կարող է իրեն ապահով զգալ այնքանով, որ Չինաստանը թիկունքից ոչ միայն չի հարվածի, այլև նեցուկ կկանգնի կոնֆլիկտների ու քաղաքական սրացումների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել