1in.am-ը գրում է.
Քիչ առաջ Ազգային ժողովը 66 դեմ, 46 կողմ և 1 ձեռպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախագիծը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն կողմ է Մարտի մեկի դեպքերի բացահայտմանը, ուստի իրենք կողմ են քվեարկելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու, ապա նշեց, որ ամենից լուրջ մոտեցումն այս հարցին հենց իրենց կողմից է, դրա ամբողջական պատասխանատվությունը հենց իրենց վրա է, իսկ եթե մարդիկ կան, ովքեր մտածում են, որ կկարողանան շոուներ ստեղծել, ապա իրենց համար այդ ճանապարհներն ընդունելի չեն:
«Մենք քննարկել ենք, եկել այն եզրակացության, որ նպատակահարմար չէ հանձնաժողող ստեղծելը, մենք դեմ ենք քվեարկելու»,- ասաց Գ. Սահակյանը: Օրինագծի հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տեղից հակադարձեց Գալուստ Սահակյանին՝ նշելով, որ ինքը , որպես հիմնական զեկուցող, շոուի նպատակ չի հետապնդել:
Ջհանգիրյանը ցավով նկատեց, որ նախագծի քննարկման ժամանակ որևէ բովանդակային առաջարկ չի հնչել: Զարամանում եմ՝ բոլորը կողմ են, որ գործը բացահայտվի, մարդասպանները պատժվեն, իրավապահները ոչինչ չեն անում, մենք էլ մենք ձեռքից եկածը չենք անում: Մենք էլ պատասխանատու ենք այս երկրում կատարված սպանությունների, վիրավորների համար»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենք որևէ շոու չեն հետապնդում, ինչին հետևեց ԱԺ նախագահի հորդորը՝ անջատել Հակոբյանի խոսափողը:



