Ապշեցնում է մեր հասարակական ու քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի շատ ներկայացուցիչների՝ մանկամտությո՞ւնը, ասեմ, թե տկարամտությունը, թե բացահայտ դավաճանական ու կեղծավոր կեցվածքը:
Մայդանը, իր բոլոր առավելություննեով հանդերձ, որոնցից առանցքայինը, թերևս, ժողովրդական լայն մասսաների պայքարի դուրս գալն էր ու իրենց հայեցողությամբ արդար հասարակարգ ստեղծելու մղումը, այնուամենայնիվ, կանգնեցրեց իրենց երկիրը կործանման ու տրոհման եզրին: 
Հիմա, երբ Մայդանը կորցրել է իր հեղափոխական ռոմանտիկայի շղարշը ու օրըստորե նորանոր կեղտոտ բացահայտումներ են արվում դրա առաջնորդների ու իրական կազմակերպիչների մութ գործերի մասին, միևնույն է, մեր ընդդիմադիրները ավելի պինդ են բռնվում իրենց այն աբսուրդային մտքից, որ պետք է նման մի բան էլ մեզ մոտ լինի, իսկ Ուկրաինայում ցանկացած հակամայդանական դրսևորում որակում են որպես ռուսական ինտերվենցիա ու դավադրություն:
Օրինակ՝ համաձայնեք, որ բավականին տարօրինակ է, երբ նույն այն մարդիկ, ովքեր ծափահարում էին, երբ Մայդանի ակտիվիստները գրավում էին Կիևի ու այլ քաղաքների ադմինիստրատիվ կենտրոնները ու հեղափոխական կարգեր հաստատում այդտեղ, նույն ջանասիրությամբ, ինչ գովերգում էին ազատության առաջամարտիկներին, հիմա քլնգում են Ուկրաինայի արևելյան ու հարավարևելյան շրջանների բնակիչներին, ովքեր լրիվ նույն տրամաբանությամբ ու լրիվ նույն մեթոդներով անում են նույնն իրենց քաղաքներում, բայց Եվրոպային հավատարմության երդումներ տալու փոխարեն հայտարարում են, որ ուզում են ավելի լայն ինքնավարություն կամ էլ վերամիավորում, ըստ էության, ոչ միայն եղբայրական ու այլ միևնույն ազգը հանդիսացող ռուսների հետ:
Մի խոսքով, ինչքան ասես կարելի է խոսել մեր ընդդիմադիրների կողմից պաշտվող ու կիրառվող երկակի ստանդարտների և դեմագոգիայի մասին, սակայն դրանից բան չի փոխվի նրանց ոււղեղներում, որովհետև իրականում նրանց ողջ այս ոգևորությունը պայմանավորված է սեփական քաղաքական դաշտում դրսևորվող իմպոտենտ կեցվածքով և այն կոմպենսացնելու ենթագիտակցական մղումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել