«Չորրորդ ինքնիշխանությունում» օրերս մի հոդված կարդացի «Կեղծ պատգամավորին սպառնում է չորս տարի ազատազրկում» վերտառությամբ, որում հանգամանալից ներկայացված էր, որ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից Աժ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը կեղծ փաստաթղթի հիման վրա է գրանցվել, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Այդ տեղեկանքը նրան տվել է Վանաձորի անձնագրային բաժինը, ուստի քրեական հետապնդում է սպառնում նաև անձնագրային բաժնի աշխատակիցներին: Նյութը բավական ծավալուն է և ամբողջությամբ ներկայացնել չեմ պատրաստվում, ուղղակի կներկայացնեմ «լինքը», նա ով ցանկություն կունենա կարող է ծանոթանալ:
http://chi.am/index.cfm?objectid=BEE36470-C6B1-11E1-BFCBF6327207157C
Վերջին ամսվա ընթացքում թեմային վերաբերող մի քանի նյութերի եմ հանդիպել տարբեր թերթերում, իսկ այս մեկին որոշեցի անդրադառնամ, քանի որ լուր ստացա, որ Վանաձորի անձնագրային բաժնի պետ Միսկարյանին ազատել են աշխատանքից ու նաև քրեական գործ հարուցել նրա նկատմամբ: Ուշագրավ է նրանով, որ հայտնի է դարձել, որ այդ կեղծ տեղեկանքը անձնագրային բաժնի պետ Միսկարյանը Մարուքյանին տվել է Վանաձորի դառախազի միջնորդությամբ: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր ընտրված Վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի ընկերն է ու Էդմոն Մարուքյանի թևութիկունքը: Դե պասպորտ սեղանի խեղճ պետը քանի գլխանի էր, որ չկատարեր այդ խնդրանքը: Չէ որ չկատարելը հղի էր անկանխատեսելի հետևանքներով, բայց հիմա էլ պարզվեց, որ կատարելն էլ հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով: Մինչդեռ, երբ Խաչատուր Սուքիասյանն էր առաջադրվում ու ձեռք էր բերել համապատասխան տեղեկանքը, հենց որոշում կայացվեց, որ նրա դեմ առաջադրվի գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի խնամին, անիմիջապես չեղյալ հայտարարվեց Սուքիասյանին տրված տեղեկանքը: Այնպես որ դատախազությունը նույն իրավիճակում մեկի դեպքում միջամտում է, որպեսզի մերժեն տեղեկանքի տրամադրումը, մեկ այլ դեպքում միջնորդում, որպեսզի տրամադրեն, և երկու դեպքում էլ իրենց հովանավորյալները դառնում են պատգամավորներ: Իսկ հիմա, երբ արդեն քրեական գործ է հարուցված դժվար չէ հասկանալ, որ ցանկացած պահի կարող են գործ հարուցել նաև պատգամավոր Էդմոն Մուրուքյանի դեմ, ու հիմա նա հլուհնազանդ ծառայելու է իշխանություններին, որ նման բախտի չարժանանա, քանի որ այդ դեպքում կզրկվի նաև պատգամավորական մանդատից: Պատահական չէ, որ հենց առաջին քվեարկության ժամանակ «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության ծրագրին կողմ քվեարկեց: Եվ սա դեռ ամենը չէ՝ նա ավելի կախյալ է լինելու իշխանություններից, քան անգամ իշխանական պատգամավորները, քանի որ նրանք ինչ որ բանի հասել են ու նաև իրենց սեփական թիմն են ստեղծել իշխանության ներսում:
Ինչո՞վ է սա վտանգավոր: Ամեն օր խոսում ենք, որ իշխանությունները խորհրդարան են բերում կիսագրագետ, կրիմինալ ու ֆինանսական մեքենայությունների մեջ թաթախված անձանց, որպեսզի նրանք կառավարելի լինեն: Հասարակարության դժգոհությանը տեղիք տալով ու նրանց աչքերին թոզ փչելով հիմա էլ ասում են տեսեք Մարուքյանն էլ հո գրագետ է, իրավաբան, միջազգային բարձրակարգ գիտելիքներ ու փորձ ձեռք բերած, ՀՀ փաստաբանական պալատի անդամ, հասարակական սեկտորի ներկայացուցիչ, բայց շարքային հանցագործ՝ էլ ի՞նչ տարբերություն սրա ու մյուսների միջև: