Newsbook.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, ինչպես նաև արդեն մեր տոների ու ծեսերի մեջ մտած մեռելոցները ծաղկավաճառների համար բարեբեր ժամանակներ են: Այդ օրերին եռակի-քառակի անգամ թանկանում են ծաղիկների սակագները, ու մարդիկ ստիպված են լինում վճարել պահանջված գումարը՝ օրն իմաստավորելու և արժևորելու համար: Դեռ երեկ մայրաքաղաքի ծաղկավաճառները սպասման մեջ էին: Օրվա երկրորդ կեսին քաղաքի կենտրոնական հատվածներում, որտեղ ծաղկի վաճառքի ավանդական կետերն են, արձանագրվեցին գների թռիչքներ՝ ամենասովորական փնջերի նվազագույն գները սկսելով 5 հազար դրամից: Ինչպես մեզ տեղեկացրեցին Ամիրյան, Թումանյան, Մոսկովյան փողոցներում և բժշկական համալսարանի գետնանցումում գտնվող ծաղկի վաճառակետերից, իրենց սպասումներն ի դերև են ելել, որովհետև օրվա վերջին չափազանց քիչ է եղել եկամուտը, վաճառվել է նվազագույն քանակության ծաղիկ: Այսօր առավոտվանից էլ ինչպես նշյալ կետերում, այնպես էլ Բաղրամյան, Կոմիտաս, Տիգրան Մեծ փողոցներում գտնվող ծաղկի վաճառակետերում մարդիկ գներն են հարցրել, նայել ցուցադրվող ծաղիկներին ու հեռացել: Իհարկե, մեր կանայք առանց ծաղիկ չեն մնացել. շատերը գերադասել են դաշտային ծաղիկները, փոքրիկ թաղարները, որոնք շատ ավելի մատչելի են: Ծաղկավաճառների «գործին խփել» է նաև քաղաքապետարանը, որը, ավանդույթի համաձայն, մի շարք կենտրոնական փողոցներում ծաղիկներ է բաժանել կանանց: Մեզ հետ զրուցած շատ քաղաքացիներ իրենց զայրույթը հայտնեցին այն առթիվ, որ ծաղկավաճառները կորցրել են չափի զգացումը, սահմանել գներ, որոնք որևէ կապ չունեն իրատեսության հետ: Եվ հենց սահմանված գներն էլ խոչընդոտել են ծաղկի վաճառքին: Ի դեպ, Հայաստանում ամեն ինչ հակառակն է արվում: Ողջ աշխարհում Ծննդյան տոների ժամանակ էժանացվում են գները, գների իջեցում է կատարվում նաև Վալենտինի, Կանանց օրերի ժամանակ, մինչդեռ Հայաստանում կատարվում է հակառակը։ Ու հենց աչքածակության պատճառով էլ տուժում են ծաղկավաճառները, որովհետև վաղն արդեն այդ ծաղիկները կորցրած կլինեն իրենց տեսքը, թարմությունը, ու գնորդներ էլ չեն լինի։
Մ. Լևոնյան