Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շատ ուշագրավ հայտարարություն է արել՝ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Նա ասել է, որ այլևս հնարավոր չէ «տարածքներ հավաքագրել» այնպես, ինչպես դա արվում էր նախորդ հարյուրամյակներում: Վերջինիս պարզաբանելով այդ միտքը` ասել է, որ տարածքներն այժմ ոչ թե «հավաքագրվում և համախմբվում են» մեկ պետության նախաձեռնությամբ, այլ միանում են մագնիսի սկզբունքով: Պեսկովի խոսքերով, հենց ինչ-որ պետություն դառնում է բավական ուժեղ ու կայուն, և ակնհայտ է դառնում այդ երկրի զարգացման հեռանկարը, շրջակայքում բոլորը սկսում են մագնիսի պես ձգվել դեպի այդ պետությունը: Ըստ Պուտինի խոսնակի՝ առաջին հերթին այդ պետությանը (նկատի ունենալով Ռուսաստանին) ձգվում են իրենց հայրենակիցները: Այս կապացությամբ համեմատական տանելով Ղրիմի հետ` պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանին միանալու գաղափարը ոչ թե Կրեմլի նախաձեռնությունն է, այլ իրենց հայրենակիցների բնական ցանկությունը՝ միավորվել իրենց կենտրոնի` պատմական հայրենիքի շուրջ:


Սա իսկական աբսուրդ է: Նախ ի՞նչ ասել է, թե բնական գործընթաց է, որ բոլորը ձգտում են զարգացած և կայուն երկրների մաս կազմել: Այս տրամաբանությամբ աշխարհի կեսը կլիներ ԱՄՆ-ի կազմում, Եվրոպան կկիսվեր սկանդինավյան պետությունների և Գերմանիայի միջև, իսկ ասենք, Ասիական աշխարհամասը կկլանեին Չինաստանն ու Ճապոնիան: Մնացած տարածաշրջանների մասին չեմ էլ խոսում, քանի որ դա իրականությունից կտրված մոտեցում է: Սրանից ավելի լկտի, ցինիկ միտք ես չէի լսել: Բայց եթե մի կողմ թողնենք էմոցիաները, սա իրական սպառնալիք է Ռուսաստանի կողմից՝ առնվազն ուղղված իր անմիջական հարևաններին:

Չի բացառվում, որ վաղը, ենթադրենք, Բելառուսում ևս «որոշեն միանալ կենտրոնին»: Կամ մնացած այլ սլավոնական ծագում ունեցող ազգերը քնեն-արթնանան և նման որոշում «կայացնեն»: Չնայած բոլոր սլավոնական ծագում ունեցողներին դեռ մի կողմ թողնենք: Ինչո՞ւ ենք հեռուն գնում: Ի՞նչ կլինի, եթե վաղը Ռուսաստանը որոշի, որ Հայաստանն էլ է «ցանկանում» միանալ կենտրոնին: Ճիշտ է, մենք իրենց «հայրենակիցները» չենք, բայց «եղբայրական ժողովուրդ» ենք, որը լիովին կարող է Պուտինի տրամաբանության շրջանակներում ձգտել դեպի «կենտրոն»: 

Գիտեք՝ ինչ, Ղրիմի հարցով ես միշտ էլ կարծել եմ, որ Ռուսաստանը այդ թերակղզին իրեն վերադարձնելու թե՛ պատմական, թե՛ բարոյական, իրավունք ունի: Բայց դրա պաշտոնական մակարդակով հիմնավորումը, որ մենք այսօր լսում ենք Ռուսաստանի կողմից, ամենաթողության զգացումի տպավորություն է թողնում: Ռուսաստանն իր ցինիկությամբ սկսում է գերազանցել անգամ Արևմուտքին:

Հ.Գ. Հարված այսօրվա աշխարհակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել