Օրերս ուկրաինական ճգնաժամին էր անդրադարձել նաև աշխարհահռչակ ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսինջերը: Լեգենդար դիվանագետը նախ քննադատել է Ռուսաստանին և Արևմուտքին իրենց որդեգրած դիրքորոշումների համար, այնուհետև հայտնել է իր մոտեցումը հակամարտության լուծման ուղղությամբ: Մինչ կետ առ կետ ներկայացնելը Քիսինջերի տեսլականը իրավիճակի կայունացման և հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ, նշենք նրա հիմնական ուղերձը շահագրգիրռ բոլոր կողմերին: Վերջինս ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի ամենամեծ սխալը այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է իր ազդեցության տակ առնել Ուկրաինան: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այդ երկիրը չպետք է կանգնի Արևելքի և Արևմուտքի ընտրության առջև, այլ պետք է դառնա կամուրջ երկու բևեռների միջև: Այժմ եկեք ի անդրադառնանք այն չորս կետերին, որոնց իրականցման միջոցով Քիսինջերի տեսնում է իրավիճակի կարգավորումը:
1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազատորեն ընտրել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները (ասոցացումը)՝ ներառյալ Եվրոպայի հետ:
2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին:
3. Ուկրաինան պետք է ձևավորի այնպիսի կառավարություն, որը կարտացոլի իր ամբողջ ժողովրդի կամքը: Այնուհետև խոհեմ ուկրաինացի ղեկավարները պետք է վարեն հաշտեցման, հարաբերությունների կարգավորման քաղաքականություն՝ երկրի բոլոր շրջանների միջև:
4. Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան ոչ մի կերպ հնարավոր չէ համատեղել առկա միջազգային նորմերի հետ: Միևնույն ժամանակ Ուկրաինայի և Ղրիմի միջև լարվածությունը պետք է թուլացնել: Հետևաբար, Ռուսաստանը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ուկրաինայի մաս, իսկ վերջինս պետք է ընդլայնի Ղրիմի Ինքնավար Հանրապետության լիազորությունները: Այս գործընթացի ընթացքում պետք է նաև բացառել ցանկացած անորոշություն Սևաստոպոլում գտնվող սևծովյան նավատորմի կարգավիճակի վերաբերյալ:
Ահա թե ինչպես է Հենրի Քիսինջերը պատկերացնում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, և Ուկրաինա պետության ապագա քաղաքականությունը: Դիվանագետի խոսքերով այսպիսի տարբերակը ոչ բոլորի սրտով կլինի, սակայն նպատակը ոչ թե բացարձակ բավարարվածությունն է, այլ հավասարակշռված անբավարարվածությունը:
Կարծում եմ՝ սա շատ լավ բանակցությունների հիմք կարող էր դառնալ կողմերի համար: Ասեմ ավելին, սա դեռ կարող է ևս իրականություն դառնալ, քանի որ դեռ կա ժամանակ մինչև Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն, բայց Քիսինջերի առաջարկած կետերից մեկը, այնուամենայնիվ, կարող է չընդունվել: Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ինձ համար մի փոքր անհասկանալի է դիվանագետի առաջարկած առաջին կետը: Խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ, ես բնավ ինձ իրավունք չեմ վերապահում քննադատել 20-րդ դարի մեծագույն դիվանագետներից մեկին, բայց կան հարցեր, որոնք ակամայից առաջանում են:
Տեսեք, առաջին կետը, որը նախատեսում է, որ Ուկրաինան կարող է «ազատորեն ընտրել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները» արդեն իսկ կարծես ջուրը գցի բոլոր այն ջանքերը, որոնք տեսականորեն «խոհեմ ուկրաինացիների ղեկավարների» կողմից կուղղվեն դեպի տարբեր շրջանների միջև ներդաշնակություն և համերաշխություն հաստատելուն:
Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանները երբևէ կհամաձայնեն ուկրաինական իշխանությունների հետ, եթե, ասենք, այդ իշխանությունները «ազատորեն ընտրեն» տնտեսապես ասոցացվել Եվրոպայի հետ, և միևնուն ժամանակ չեմ պատկերացնում, թե ինչպես Ուկրաինայի արևմտյան շրջանները կհաշտվեն այն մտքին, որ ենթադրենք, Կիևը որոշի ասոցացվել կամ էլ ինտեգրվել Մաքսային միությանը, կամ էլ ապագա Եվրասիական միությանը:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Քիսինջերը, ներկայացնելով առաջին և երկրորդ կետերը, փորձել է փոխզիջումային տարբերակ գնտել Ռուսաստանի և Արևմուտք միջև: Այլ կերպ ասած, ռազմական համագործակցության տեսանկյունից Ուկրաինան ինտեգրվում է Ռուսաստանին կամ էլ առնվազն չի ինտեգրվում Արևմուտքին, իսկ զուտ տնտեսական առումով ինտեգրվում է կոնկրետ Արևմուտքին: Իմ կարծիքով, եթե Ուկրաինան տնտեսական հարթության վրա ինտեգրվի Արևմուտքին` ժամանակի ընթացքում նվազեցնելով Ռուսասանի ազդեցությունն իր տնտեսության վրա (որն այսօր չափազանց մեծ է), դա ժամանակի ընթացքում կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացման, իսկ դրա տրամաբանական հետևանքը կարող է լինել նաև այն, որ Ուկրաինան կամաց-կամաց սկսի նաև ինտեգրվել արևմտյան ռազմա-քաղաքական դաշինքների, բլոկների մեջ:
Այնպես չէ, որ ապագայում ռուսներ կամ էլ ռուսախոսներ այլևս չեն լինի Ուկրաինայի տարածքում, որպեսզի կրկին փորձեն խոչընդոտել այդ ծրագրերին, բայց գիտեք՝ ինչ, այդ ժամանակ, այդ երկրում Ռուսաստանի լծակները կլինեն շատ ավելի քիչ: Մարդիկ այլևս ավելի շատ ինտեգրված կլինեն ԵՄ-ին, էլ չեմ ասում, եթե այդ ուղղությամբ տարվեն ռազմավարական ծրագրեր: Երկրում կգերիշխի (համենայնդեպս կարող է) արևմտյան, այլ ոչ թե ռուսական կապիտալը, գազից կախվածությունը կթուլանա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի տարածքում այժմ հայտնաբերված են սլանցային գազի պաշարներ, որոնք ապագայում կարող են շահագործվել, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան միջնաժամկետ հեռանկարում կկարողանա ներկրել գազ նաև ԱՄՆ-ից: Սրանք ճիշտ է տեսական օրինակներ են, բայց, բնավ, ոչ անհավանական:
Այնպես որ, իմ կարծիքով Քիսինջերի նշված կետերից կարելի է հանել առաջինը և փոխարենը նշել, որ Ուկրաինան չպետք է ինտեգրվի ոչ ԵՄ-ին, ոչ էլ Եվրասիական միությանը, այլ ինչպես Քիսինջերն է իր հոդվածում նշել, պետք է դառնա «կամուրջ» այդ երկուսի միջև: Համենայնդեպս, կամուրջի իմ պատկերացումներն այդպիսին են: