Վերջին օրերի հնչող Ղրիմին վերաբերվող հայտարարություններից կարելի է մատնանշել հետևյալը. ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կոչ են անում Ռուսաստանին բանակցություններ վարել, իրենց արտահայտմամբ, Ուկրաինայի կառավարության հետ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն ու անվանում են ռուսական զորքի ներկայության ավելացումը Ղրիմում օկուպացիա։ Վերջին դրույթը ընդունելի է. Ուկրաինան ինքնավար պետություն է, ռուսական զորքերի մուտքը ու ռազմավարական օբյեկտների գրավումը անխոս անեքսիա է, խոսքը ռուսական բազայի սպասարկման մասին չէ, այլ շրջանի ինքնավարության փոփոխության։
Բայց առաջին երկուսը իմ կարծիքով կիրառվող երկակի ստանդարտների ամենավառ վառ օրինակներից են։ Տրամաբանությունը. «Մենք այստեղ մտածել են ու որոշել ենք, որ...
1. Ղրիմը իրավունք չունի իր կարգավիճակը փոխել: Ոչ թե Ղրիմի ժողովուրդն է որոշել, որ չի ցանկանում անկախանալ/Ռուսաստանի կազմի մեջ մտնել, իսկ ռուսները շարունակում են բռնանալ շրջանին, այլ մենք այստեղ քննարկել ենք ու որոշել, որ Ղրիմի ժողովուրդը իրավունք չունի նույնիսկ հանրաքվեի, խոսքը արտահայտելու իրավունք չունի, ինչպես երեկ հայտարարեց Ֆրանսիայի նախագահը։ Կոսովոյի դեպքում ալբանացիները իրավունք ունեին փաստորեն դատարկել ողջ շրջանը սերբ բնակչությունից ու ստանալ սեփական նորաստեղծ երկրիկի ճանաչում, իսկ Ղրիմը իրավունք չունի, Արցախը իրավունք չունի, իրավունք ունեն միայն նրանք, ում մենք տալիս ենք նման իրավունք։ Այսինքն պետությունների ինքնավարության սկզբունքը, ազգերի կողմնորոշումը, որը հիմնարար սկզբունք է եղել ժամանակակից միջազգային իրավունքը ստեղծելու փուլում Երկրորդ Համաշխարհայինից հետո այլևս չի գործում։ Բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան, օրինակ, Ղրիմը։
2. Ուժով Ուկրաինայի իշխանությունը զավթած ուժերին բոլորը պարտավոր են ընդունել որպես լեգիտիմ ուկրաինական իշխանություն։ Հասկանլի է իրավիճակը. ժամանակին օրինական կերպով իշխանության եկած ղեկավարները ուժով հեռացվել են իշխանությունից, մյուսները նույն ուժային միջոցով եկել են իշխանության։ Չի եղել ոչ հանրաքվե, ոչ նախագահական/խորհրդարանական ընտրություններ, որքան տոկոսն են Ուկրաինայի ճանաչում իշխանության եկածներին ոչ ոք դեռ չգիտի, իշխանության եկածները չունեն լեգիտիմություն, ու այս խառնաշփոթի մեջ ԵՄ-ԱՄՆ-ն որոշում են, որ Ռուսաստանը պարտավոր է բանակցել ոչ լեգիտիմ, սակայն նրանց կողմից ընդունելի իշխանությունը իրականացնող ուժերի հետ։ Չի կարող լինել որևէ միջազգային նորմ, որը կարող է պարտավորեցնել որևէ կողմին ընդունել ոչ լեգիտիմ իշխանությանը։ Սակայն կրկին... մենք այստեղ քննարկել ու որոշել ենք, որ դուք՝ Ռուսաստան, պարտավոր եք բանակցել նրանց հետ՝ փաստացի օրինականացնել ուժային հեղաշրջումը։
Մարդկությունը չի փոխվում երբեք, մարդու էությունը միշտ մնում է նույնը թե՛ քարի դարում, թե՛ այսօր։ Ինչքան ուզում ես համաշխարհայիններ ապրի, ստեղծի օրինական դաշտեր, միջազգային իրավունքներ, քաղաքակրթությունը, միևնույն է կայսերական համաշխարհային համակարգը միակ հնարավոր ձևն է, որը համապատասխանում է մարդկային բնույթին, հասարակական շահին ու իրական մարդկային ցանկություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել