Մարտի 6-ին Ղրիմի Գերագույն խորհրդի հանրապետությունը Ռուսաստանի կազմ մտցնելու կապակցությանբ որոշում կայացրեց: Այնուհետև, Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովն ասաց, որ գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում և պետք է հասկանալ, թե արդյո՞ք ռուսներն ուզում են Ղրիմը տեսնել իրենց կազմի մեջ, թե՝ ոչ: Այսօր, ինչպես և նախատեսված էր, Կոնստանտինովը ժամանեց Ռուսաստան և հանդիպեց իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիոնկոյին: Արդեն հայտնի է, որ Մատվիենկոն իր զորակցությունն է հայտնել Ղրիմի իշխանություններին և ժողովրդին` ասելով, որ ՌԴ Վերին պալատը միանշանակ կաջակցի Ղրիմի ժողովրդի ցանկացած որոշում: Այլ կերպ ասած, Ղրիմը, ի վերջո, իր հարցի պատասխանը ստացավ: Ի դեպ նշեմ, որ Ղրիմի պատվիրակությանը Դաշնային խորհրդում ողջունել են ծափահարություններով:
Շատ չխորանալով հանդիպման մանրամասների մեջ (առավել ևս, երբ հիմնական ուղերձը քիչ առաջ նշեցի)՝ ասեմ, որ սա միանշանակ պատմական որոշում է, որն ուղղված է հենց պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Ղրիմի և ՌԴ իշխանությունների միջև հանդիպմանը, և նրան, թե իբր Ղրիմը պատասխանի էր սպասում Ռուսաստանից՝ իրենց որոշման կապացությամբ, ժպիտից բացի, ինձ մոտ ուրիշ ոչինչ չառաջացրեց: Սա թատերական ներկայացում է, որն արվում է, որպեսզի այսօր Ղրիմում տեղի ունեցող ամբողջ գործընթացին հնարավորինս հաղորդվի լեգիտիմություն:
Բանն այն է, որ Ռուսաստանը շատ զգույշ է և բծախնդրորեն փորձում է չխախտել միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշվելու ընթացակարգը: Ճիշտ է, այս գործընթացը որոշ մարդկանց համար կարող է ֆարս թվալ, ասել է, թե դժվար չէ ենթադրել, որ այս հանրաքվեի արդյունքները միանշանակ կարտացոլեն այն, ինչը ձեռնտու է Ռուսաստանին` հաշվի առնելով Ղրիմի թե՛ ժողովրդագրական պատկերը, թե՛ այնտեղ առկա ռուսական ռազմական ներկայությունը, սակայն, մյուս կողմից դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը կարող է արգելել թերակղզու ժողովրդին որոշելու իր ճակատագիրը` հիմնվելով միջազգային հանրահայտ նորմերի վրա:
Ղրիմի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կասկածների բացակայության համատեքստում նշեմ, որ այսօր նույնիսկ առաջարկներ են հնչում մարտի 17-ը ազգային տոնացույցում հռչակել «վերամիավորման վերականգնման օր»: Փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանում և, ամենայն հավանականությամբ, աշխարհի որևէ ծայրում ոչ ոք կասկած չունենա, որ մարտի 17-ին մենք ականատեսը կլինենք միանգամայն այլ իրականության: Փաստորեն, Ռուսաստանը կվերականգնի պատմական արդարությունը` հիմնվելով միջազգային նորմերի վրա: Կկարողանա՞ դա մարսել, թե ոչ, և թե ինչ կլինի դրանից հետո, մեծ հարց է, բայց այդ երկիրը փաստացի գնում է հենց պատմական արդարության վերականգման ուղղությամբ: Սա, ի դեպ, կարող է նաև դառնալ նախադեպ՝ ներկայիս միջազգային հարաբերություններում: Մի բան, որից մեծ հաճույքով կցանկանային օգտվել մի շարք տերություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մի խոսքով, միտումը ամեն դեպքում վտանգավոր է, բայց՝ իրականություն:
Շատերը այստեղ կարող են ասել, որ նման նախաձեռնողականությունն ու քաղաքականությունը հասու է միայն մեծ տերություններին, այլ ոչ թե թույլերին, և ես դրա հետ կհամաձայնեմ, բայց նրանց հետո, ովքեր կհամարձակվեն դասել այդ շարքում, օրինակ, Հայաստանին, չեմ համաձայնի, քանի որ Հայաստանն էլ իր հերթին կարողացավ 25 տարի առաջ վերականգնել պատմական արդարարությունը այնքանով, որքանով որ կարողացավ: Կարևորն այն է, որ կարողացավ և դեռ կարողանում է: Այնպես որ, աշխարհում Հայաստանի նման օրինակ ևս գրանցվել է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1399689926962664?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել