Newsbook.am-ը գրում է.

Կառավարությունն այսօր իր նիստի ժամանակ նոր որոշում է կայացրել՝ վերանայելով նորածիններին հատկացվող նպաստների չափերը: Ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում կտրվի 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ: Կառավարությունը, երևի, այս որոշումը կայացնելուց հետո, գոհ-գոհ հեռացել է նիստերի դահլիճից՝ մտածելով, թե ազգօգուտ գործ է արել: Կուշտ ու գոհ նախարարներն էլ երևի գլուխ են գովել, թե նպաստել են ծնելիության աճին: Բայց… առաջին երեխայի համար տրվող 50 հազար դրամը, որը ծնողները ստանում են մեծ ուշացումով, արդյո՞ք այն խթանն է, որը պիտի ոգևորի և ոգեշնչի մարդկանց, երբ ցանկացած ծննդատան մեկ օրվա համար վարձ է սահմանված 5 հազար դրամը: Սա, ասենք, երևացող կողմն է, մինչդեռ բժիշկների, բուժքույրերի պահանջներն էլ է հարկավոր բավարարել: Այսքանից հետո, նաև նորածնի համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումը: Հաստատ, մեր ցանկացած նախարար 50 հազար դրամ ծախսում է իր ընտանիքի մեկ-երկու օրվա ճաշասեղանին, հաստատ որևէ մեկի համար՝ այս որոշումը կայացնողներից, 50 հազար դրամը փող չէ, բայց նրանք, մեծահարուստի քամահրանքով, ազգիս լավություն են անում: Սա կարող է պարզապես ցինիզմ կոչվել, իսկ ցինիզմը մեր կառավարության համար գործելաձև ու մենթալիտետ է դարձել:

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել