Tert.am-ը գրում է.
Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԵԺԿ գագաթնաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Մեծարգո Նախագա՛հ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման և հրաշալի հյուրընկալության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման և կայացման գործում, առաջնորդեց այն բազմաթիվ հաղթանակների ճանապարհով: Վստահ ենք, որ Նախագահ Դոլի փորձառու ղեկավարությամբ ԵԺԿ ընտանիքը կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:
Մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարևոր հանգրվան են Եվրոպայի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը և կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԵԺԿ-ի հաղթանակը թույլ կտա նոր եռանդով լծվել խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա կառուցելու կարևոր գործին:
Պարո՛ն Նախագահ,
Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:
Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարհում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում:
Պարո՛ն Նախագահ,
Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ








