Ղրիմի հակամարտության էսկալացիան հասնում է ահագնացող տեմպերի: Ժամ առ ժամ տեղի են ունենում փոփոխություններ: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանրաքվեի անցկացման օրը կրկին տեղափոխվել է և այն կլինի մարտի 16-ին, այլ ոչ թե մարտի 30-ին, և Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառաջարկվի պատասխանել երկու հարցի` պե՞տք է այն մնա Ուկրաինայի կազմում, բայց վերադառնա 1992թ.-ի սահմանադրությանը, թե պետք է ներառվի Ռուսաստանի Դաշնության կազմում: Այս մասին հայտարարել է ինքնավարության փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը: Ըստ վերջինիս, համապատասխան որոշում է կայացրել Գերագույն խորհուրդը, որին կողմ է քվեարկել 100 պատգամավորից 80-ը: Ի դեպ նշեմ, որ 1992թ.-ի սահմանադրության համաձայն, հանրապետությունը մնում է Ուկրաինայի կազմի մեջ, բայց երկու սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով և համաձայնագրերով:
Փաստորեն, Ղրիմի իշխանությունների կողմից վերջերս արած ակնարկները, կապված Ուկրաինայի կազմից դուրս գալու հետ, դառնում են իրականություն: Այստեղ ինձ համար ամենահետաքրքիր հարցն այն է, թե ինչու են անընդհատ կրճատվում Ղրիմում անցկացվելիք հանրաքվեի ժամկետները: Այլ կերպ ասած, ո՞ւր է շտապում Ռուսաստանը: Այս հարցին հստակ պատասխանելու համար թերևս պետք է մտնել Պուտինի գլխի մեջ, թեև այդ դեպքում ևս գուցե դժվար լինի հասկանալ այդ գործընթացների իրական պատճառները: Սակայն ենթադրել միշտ էլ կարելի է:
Հնարավոր է, որ Ռուսաստանն այլևս հասկանում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները նահանջող չեն և վստահ չեն պատրաստվում վերադարձնել խնդիրը «իրավական հարթություն», ինչը որ անընդհատ պահանջում է Կրեմլը: Նկատի ունեմ՝ այլևս անհնար է դառնում երկիրը պահել միասնական`ձևավորելով ազգային կառավարություն, որը կկարողանա բալանսավորել Արևմուտքի և Ռուսաստանի շահերը, իսկ այս պարագայում ռուսները փորձում են արագ տեմպերով պոկել այն, ինչ կարող են: Հաջորդ տարբերակը կարող է լինել այն, որ Ռուսաստանն ու Արևմուտքը արդեն իսկ եկել են համաձայնություն և այժմ փորձում են արագ վերջ տալ այս հակամարտությանը, որի շարունակական ընթացքը չի բխում ոչ մեկի շահերից: Իսկ գուցե Ռուսաստանն այլևս չի՞ կարողանում դիմադրել արտաքին ճնշումներին, որոնք վտանգել են վերջինիս արտարժույթի կայունությունը և հետևաբար տնտեսական կայունությունը և փորձում է կրկին արագացնել հակամարտության ավարտը` վերցնելով այն, ինչ կարող է: Ո՞վ գիտե, գուցե նաև Ռուսաստանն ուզում է արագ լուծել Ղրիմի խնդիրը, որպեսզի հանկարծ Թուրքիան ևս ակտիվորեն չխառնվի այդ խնդրին՝ առաջ տանելով իր շահերը, որտեղից ի դեպ, վերջին շրջանում այս խնդրի առնչությամբ ամենաբարձ մակարդակներով արվում են հայտարարություններ:
Ինչպես և քիչ առաջ ասացի, հստակ պատճառներ ասել չեմ կարող, բայց այստեղ կա ևս մեկ հարց, որը ևս չափազանց կարևոր է` ի՞նչ է լինելու մնացած ռուսական շրջանների հետ, արդյո՞ք դրանցից ոմանք կմտնեն Ղրիմի կազմի մեջ, թե՝ ոչ: Կարծում եմ՝ այժմ արդեն պետք է կենտրոնանալ հենց այս խնդրի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/661812217219292?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել