Կիևն ավելի է բարդացնում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ կարծես Ուկրաինայի նոր իշխանությունները միտումնավոր ջուր լցնեն Ռուսաստանի ջրաղացին: Համենայն դեպս, իշխանության գալուց ի վեր իրենց գործողությունները, և դրանց ի հավուլմն, վերջին երկու լուրերը գալիս են ապացուցելու այդ տարօրինակ միտման հավանականությունը: Առաջինն այն է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի ձերբակալի Դմիտրի Յարոշին և առավելևս չի փոխանցի Ռուսաստանին, և երկրորդ` Գերագույն ռադան կարող է օրենք ընդունել՝ ըստ որի, Ուկրաինայի այբուբենը կփոխվի` Կիրիլիցայից դառնալով լատինատառ:
Եկեք սկսենք առաջինից: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ծայրահեղական-ֆաշիստական «Աջ սեկտոր»-ի առաջնորդ Դմիտրիյ Յարոշի նկատմամբ` վերջինիս մեղադրելով հրապարակայնորեն ահաբեկչության կոչեր անելու մեջ: Սրա պատճառ էր հանդիսացել այն, որ վերընշված անձը թվիթերյան իր էջի միջոցով «աջակցություն էր խնդրել» չեչեն ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովից`«Ռուսաստանի դեմ պայքարելու համար»: Այս կապակցությամբ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առայժմ ոչ մի խնդրագիր չեն ստացել ռուսական կողմից, և եթե նույնիսկ ստանան էլ, ապա Յարոշին չեն հանձնի Ռուսաստանի իրավապահ մարմիններին, քանի որ դա կհակասի Ուկրաինայի օրենսդրությանը:
Չգիտեմ՝ ինչքանով է Ուկրաինայի օրենսդրությանը հակասում ահաբեկիչներին և հանցագործներին ձերբակալելն ու դատապարտելը, բայց արդյունքում դա ոչ միայն կհանգեցնի ռուսական կողմի հետ հարաբերությունների բարդացմանը, այլև հավելյալ անգամ կապացուցի այն թեզը, որ ծայրահեղական բենդերականները ներկայիս իշխանության դաշնակիցներն են և ազդեցություն ունեն այդ իշխանության վրա: Մի բան, որը շարունակ հերքում են նոր իշխանությունները:
Այժմ անդրադառնանք Կիրիլիցայից հրաժարվելու մասին տեղեկատվությանը: Ինչպես հիշում եք, Գերագույն ռադայի կողմից «Լեզուների մասին օրենքը» չեղյալ հայտարարելուց հետո իշխանական պատգամավորները խոստացան, որ կմշակեն մեկ այլ օրենք, որն ավելի «ընդունելի» կլինի: Այժմ ռադայի համապատասխան հանձնաժողովում տարվում են աշխատանքներ՝ նոր օրենք ընդունելու ուղղությամբ: Կա տեղեկություն, որ փորձ է կատարվում այդ օրենքում մտցնել մի կետ, ըստ որի, ժամանակի ընթացքում հարկ կլինի հրաժարվել Կիրիլիցայից և անցում կատարել լատինատառ այբուբենի: Տվյալ խնդրին անդրադարձել է անգամ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Վերջինս նախևառաջ ասել է, որ տվյալ թեման իր մանդատի շրջանակներում չէ, այնուհետև արտահայտել է իր սեփական կարծիքը` ասելով, որ նման որոշման ընդունումը սխալ կլինի:
Անձամբ իմ կարծիքով, այդ որոշումը «սխալ» որակելը չափացանց մեղմ է: Ես կասեի, որ դա կլինի «ճակատագրական սխալ» Ուկրաինայի իշխանությունների կողմից, որը վերջնականապես իր դեմ կհանի առնվազն երկրի հարավը և արևելքը: Ասում եմ առնվազն, քանի որ մեծ հարց է, թե ինչքանով սա դուր կգա Ուկրաինայի մնացած շրջաններին, որտեղ ևս ապրում են ռուսներ, թեկուզև ոչ մեծամասամբ, և ի վերջո, հասարակ ուկրաինացիներին, ովքեր կարող են ևս չցանկանալ վերջնականապես խզել Ռուսաստանի հետ իրենց լեզվամշակութային կապերը:
Կարծում եմ, հիմնվելով նման բացասական միտման վրա, կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի իշխանությունները կա՛մ բաղկացած են կատարյալ տխմարներից, ովքեր քաղաքականությունից բան չեն հասկանում, կամ առաջին պլանում երևացող իշխանավորների վրա ծայրահեղականների ազդեցությունը չափազանց մեծ է, և նրանք ստիպված են գնալ ֆաշիստներին ընդառաջ, կա՛մ էլ պարզապես Ուկրաինայի ներկայիս իշխանությունները այնքան են վառված Ռուսաստանից, որ պատրաստ են երկրի կեսի գնով ազատվել վերջինից` ռուսներին սադրելով իրենց գործողություններով: Անկեղծ ասած, ես արդեն հակված եմ մտածել վերջին տարբերակի հնարավորության մասին: Ըստ երևույթին, թերևս հենց այդպես էլ լինի` երկրի կեսը անցնի ռուսական ազդեցության տակ, իսկ մնացած մասը Արևմուտքի` ամբողջությամբ ազատվելով «ռուսական բոլոր մնացորդներից»:
Հ.Գ. Հանգչիր խաղաղությամբ, Ուկրաինայի Հանրապետություն