Գնալով ավելի է ակնհայտ դառնում այն տխուր իրողությունը, որ մեր ժողովուրդը ավելի ու ավելի է հեռանում իր պատմական կերպարից: Պատճառները շատ են, բայց թերևս ամենաառանցքայինը արժեհամակարգի խեղաթյուրումն է, մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարման ու դիրքի մասով:
Անկախության առաջին տարիների ժամանակ հայ ժողովուրդը հոգևոր մեծ զարթոնք էր ապրում և մարդիկ՝ բազմահազար ամբոխներով, իրենց պատմական կապն էին վերահաստատում մեր հարազատ եկեղեցու հետ: Տասնամյակներ շարունակ ապրելով անհավատ հասարակարգում, ժողովուրդը կարծես թե ամուր կապ էր հաստատել Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ դա այդքան էլ այդպես չէ:
Մեր օրերում մենք ականատես ենք լինում թե ինչպես է խեղվել ժողովրդի հոգևոր կերպարը, ինչպես են հազարավոր մարդիկ խեղդվում տարատեսակ աղանդների ճիրաններում, ինչպես են ոմանք բարբաջում հեթանոսությանը վերադառնալու մասին, զառանցում մեր Եկեղեցու հանցավոր լինելու մասին:
Ես պարզապես չեմ հասկանում նմաններին, հրաժարվում եմ ընդունել նրանց մտածելակերպը: Ինչպես է կարելի այդքան հեշտ մոռացությանը մատնել այն հսկայական դերակատարումը, որ ունեցել է Հայ
Առաքելական Եկեղեցին ազգապահպանման իր սուրբ առաքելության մեջ: Ուրիշ որ եկեղեցին է գրեթե մի ամբողջ հազարամյակ իր ուսերին կրել մի ամբողջ ազգի մշակութա-
կրոնական կերպարի պահպանման բեռը և ուրիշ որ եկեղեցին է այս աստիճան զերծ մնացել արատավոր այնպիսի երևույթներից, որոնց համար այսօր սուր քննադատվում է նույն կաթոլիկ եկեղեցին:
Մենք այսօր մեծարում ենք Գարեգին Նժդեհին, որն ինչ խոսք, մեծ հայրենասեր էր և մեծ գործեր է արել մեր հայրենիքի ու մեր ազգի համար, բայց գործել է պատմական մասշտաբներով շատ կարճատև ժամանակահատվածում, բայց չգիտես ինչու մոռանում ենք, որ հայի կերպարի պահպանման ու առհասարակ հայ ժողովրդի համար ոչ պակաս շնորհակալ պետք է լինենք առաջին հերթին եկեղեցական մեր այրերին՝ Ներսես Մեծ, Նարեկացի, Խրիմյան Հայրիկ, Վազգեն Ա…
Ուստի, համոզված եմ, որ չի կարող մարդը լիարժեք հայ լինի, եթե նա հերքում է կամ
պախարակում Հայ Առաքելական Եկեղեցին: Չի կարելի հանդուրժել այնպիսիքին, ովքեր ուրանում են դրա դերակատարումը, ովքեր ցանկանում են այլևայլ այլընտրանքներ մատուցել մեզ մեր եկեղեցու փոխարեն: Ի վերջո, եթե համոզված եք, որ մեր եկեղեցին ընդհանրապես կապ չունի հայ լինել-չլինելու հետ, գնացեք այնտեղ, որտեղ դա
կհանդուրժվի, բայց ես հույս ունեմ, որ այդ տեղը մեր երկրի սահմաններից դուրս կլինի:
Նյութի աղբյուր՝ http://blog.armenianherald.com/2012/02/13/araqelaka/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել