Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` լրագրողների հետ երեկվա հանդիպումը բավական հետաքրքիր էր: Վերջին շրջանում Պուտինը հիմնականում գործում էր կուլիսների ետևից, և Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների մասին մենք լսում էինք տարբեր կալիբրի իշխանավորների կողմից, իսկ երեկ Պուտինը, կարելի է ասել, ամեն ինչ հստակեցրեց ամենաբարձր մակարդակով: Այս ասուլիսը կարելի է մանրամասն վերլուծել և կանգ առնել ցանկացած հարցի և դրան տված պատասխանի վրա, բայց այսօր մենք ոչ այնքան կխոսենք Ուկրաինայի մասին, որքան կկենտրոնանանք մի շատ ուշագրավ, առնվազն մեզ համար շատ ուշագրավ, դրվագի վրա: Խոսքը «Mосковский комсомолец» թերթի լրագրողի հարցի մասին է կապված Ղրիմի ապագայի հետ:
Այսպիսով, «Mосковский комсомолец»-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահը պատկերացնում Ղրիմի ապագան և արդյո՞ք քննարկվում է այդ շրջանի հնարավոր միացումը Ռուսաստանին, Պուտինը պատասխանեց շատ հստակ` ասելով մասնավորապես հետևյալը. «Ոչ, չենք քննարկում միացնել այն Ռուսաստանին: Մենք կարծում ենք, որ Ղրիմի ապագայի մասին պետք է մտածեն և որոշում կայացնեն բացառապես թերակզղու բնակիչները` հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքի վրա, և առհասարակ մենք համոզված ենք, որ տարբեր տարածքներում ապրող մարդիկ իրենք պետք է որոշեն իրենց ապագան»: Այժմ եկեք փորձենք հասկանալ, թե ինչ կարելի այսքանից հետո եզրակացնել:
Առաջին հերթին սկսենք նրանից, որ պետք է հաշվի առնել «երկակի ստանդարտներ» երևույթի հավանականությունը: Այլ կերպ ասած, այստեղ մենք` հայերս, ոչ թե պետք է հալվենք, որ Պուտինը փաստացի ավելի վեր է դասում ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականությունից, այլև շատ լավ գիտակցենք, որ սա կարող է և հավանաբար իրավիճակային որոշում է: Չմոռանանք, որ Պուտինն իր խոսքում ասաց նաև այն, որ եթե «ինչ-որ մեկին մի բան թույլատրելի է, ուրեմն դա թույլատրելի է բոլորին»: Ես սրանից եզրակացնում եմ, որ Պուտինը, ընդունելով միջազգային հարաբերություններում առկա խաղի կանոնները, փորձում է դրանք մանիպուլացնել ճիշտ այնպես, ինչպես որ դա արել և շարունակում է անել Արևմուտքը: Իսկ Ռուսաստանին դա անել թույլ է տալիս իր դիրքն ու կարգավիճակը միջազգային քաղաքական հարթակում:
Հիմա տեսեք, եթե նույնիսկ մենք ընդունենք, որ Պուտինը նման հայտարարություն է անում բացառապես կոնկրետ դեպքի համար, օրինակ, այնպես, ինչպես որ Արևմուտքը արեց` ճանաչելով Կոսովոն, և հետևաբար ընդունենք, որ այսուհետ Պուտինը չի պատրաստվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ջահակիր դառնալ ամբողջ աշխարհում, հենց միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ինքն ունի տարածքային ամբողջականության պահպանման պոտենցիալ խնդիր, ես այնուամենայնիվ, կարծում եմ, որ Արցախի դիրքերը միջազգային ճանաչման ուղղությամբ կարող են ամրապնդվել, եթե Ղրիմը կարողանա ինքնորոշվել և դա մարսել, անկախ նրանից, շրջանը հետո կմնա՞ անկախ, թե որոշում կկայացնի միանալ Ռուսաստանին: Փորձենք մի քիչ ավելի պարզաբանել:
Ենթադրենք, որ Ղրիմը որոշում է կայացնում միանալ Ռուսաստանին` հիմնվելով հենց նույն ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքի վրա, որն ի դեպ, միայն նրա համար չէ, որպեսզի ինչ-որ սուբյեկտ անկախանա, այլև նրա համար է, որպեսզի տվյալ սուբեյկտը որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ: Այդ դեպքում դա դառնում է շատ լուրջ փորձություն Ռուսաստանի համար, քանի որ այդ ժամանակ պետք է տեսնենք՝ արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա դա մարսել և չդիտվել որպես ագրեսոր միջազգային հանրության կողմից, թե ոչ: Այս կապացությամբ կարելի է ընդամենն ասել հետևյալը`Ռուսաստանը ոչ Հայաստան է, ոչ էլ Ադրբեջան, և միջազգային իրավունքը շահարկելը, ճիշտ ու սխալի մասին խոսելը, իմ կարծիքով, նրանց մոտ շատ ավելի լավ կստացվի, քան այնպես, ինչպես մինչ օրս ստացվում է Արցախյան հակամարտության կողմերի մոտ:
Վերադառնալով նրան, թե ինչ կարող ենք մենք ակնկալել Ռուսաստանից, եթե այդ երկրի նախագահը բարձրաձայնում և պաշտպանում է ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքը` պետք է կրկին ասեմ, որ մեծ հույսեր այս ամենի հետ չկապել, ասել է թե, Ռուսաստանը հաստատ կտրուկ չի փոխի իր դիրքորոշումը Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ՝ մենք պետք է աչալրջորեն հետևենք Ուկրաինայում ընթացող զարգացումներին և, կներեք արտահայտությանս համար, բայց քթներս չմտցնենք այնտեղ, որտեղ պետք չէ, և կտրուկ դիրքորոշում չհայտնենք այնպես, ինչպես չենք հայտնում մինչ օրս: Իսկ եթե հակամարտության ավարտին Ղրիմն ինքնորոշվի, ապա Հայաստանն այդ ժամանակ պետք դա ողջունի, և ինտենսիվորեն աշխատի ադ հանգամանքն օգտագործել հօգուտ Արցախի դիրքերի ամրապնդմանը, քանի որ աշխարհում կգրանցվի հերթական նախադեպը, որն իր հերթին քիչ թե շատ կամրապնդի վերընշված նորմի դիրքերը միջազգային հարաբերություններում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/661178437282670?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել