PPGalatv.am-ը գրում է.

Վլադիմիր Պուտինը այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ հայտարարեց Ուկրաինա զորք մտցնելու անհրաժեշտության բացակայության մասին: Նրա որոշումից էր կախված եղբայրական Ուկրաինայի երկու մասի բաժանվելու վտանգը և տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական վերադասավորումների հավանական մեկնարկը: Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը լսելու անհրաժեշտությունն անհամեմատ մեծացավ, երբ նա Դաշնային խորհրդին դիմելուց հետո ստացավ վերջինիս թույլտվությունը Ուկրաինա զորք մտցնելու համար: Ենթադրվում էր, որ, այնուամենայնիվ, Պուտինն իրեն բնորոշ վճռականությամբ զորքերը կմտցնի Ուկրաինա: Սակայն գուցե պրագմատիկ  հաշվարկներ կատարելով, Դաշնային խորհրդի թույլտվությունից հետո միքանիօրյա ընդմիջում վերցնելով, Պուտինը ռեալ գնահատեց ստեղծված իրավիճակը և հետ կանգնեց ի սկզբանե որդեգրած քաղաքականությունից:

Բարաք Օբամայի, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հեռախոսային զրույցներից հետո, երբ Պուտինը վստահեցնում էր, որ Ռուսաստանը գործում է իր շահերին համապատասխան և չի պատրաստվում անպաշտպան թողնել իր քաղաքացիներին ու ռուսալեզու բնակչությանը, շատերը վստահ էին ռուսական զորքերի` Ուկրաինայի ազգային ինքնիշխանությունը խախտելու մեջ: Հատկապես այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին տեղեկություններ Անգելա Մերկելի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցի վերաբերյալ, որում Մերկելը ասել էր, թե «Պուտինը կորցրել է կապն իրականության հետ», ռուսական զորքի ագրեսիայի հավանականությունը կտրուկ բարձրացավ:

Համաշխարհային հանրության արձագանքը երկար սպասեցնել չտվեց: ԱՄՆ-ն սպառնաց սառեցնել Ռուսաստանի բոլոր դոլարային ակտիվները, խզել ռազմական համագործակցությունը, հասնել նրա միջազգային մեկուսացմանը: Եվրոպական միությունն իր հերթին խոստացավ չեղյալ հայտարարել վիզային ռեժիմի շուրջ ընթացող բանակցությունները և ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Հնչեցրած սպառնալիքներն իրենց ազդեցությունն, իհարկե, ունեցան և՛ Պուտինի վերջնական որոշման վրա, և՛ ռուսական՝ նավթից ու գազից կախված տնտեսության վրա: Դեռ օլիմպիադայից առաջ սկսված ռուբլու արժեզրկումը կտրուկ արագացավ և հասավ ռեկորդային ցուցանիշի, իսկ հնարավոր ֆինանսական պատժամիջոցների կիրառման դեպքում տնտեսությանը կհասցվեր անդառնալի հարված:

Այստեղ հարկ է նշել, որ Ռուսաստանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, անկասկած, կանդրադառնային նաև Հայաստանի վրա ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես, քանի որ մենք վերջերս համաձայնեցինք մտնել Մաքսային միություն: Այս առումով անհանգստացած էին նաև ՄՄ մյուս անդամները, որոնք պաշտոնապես ոչ մի դիրքորոշում չհայտնեցին Ուկրաինայում իրավիճակի և ռուսական զորքերի հնարավոր միջամտության վերաբերյալ: Ի դեպ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպման առաջարկով արդեն դիմել է ՄՄ անդամ-երկրների ղեկավարներին:

Եվ այսպես, Պուտինը որոշում կայացրեց պաշտոնապես չմիջամտել Ուկրաինայում տիրող իրավիճակին, սակայն նա վերջնականապես չբացառեց ռազմական միջամտությունը: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանը, իր զորքերի օգնությամբ վերահսկողություն հաստատելով իր համար այդքան կարևոր Ղրիմի թերակղզու վրա, վստահ լինելով, որ տեղի բնակչության օգնությամբ չի կորցնի այն, համաձայնեց բավարարվել ձեռք բերվածով և նոր զորքեր չմտցնել Ուկրաինա, քանի դեռ բացակայում է դրա անհրաժեշտությունը: Իսկ Ղրիմի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտներն իրենց հսկողության տակ վերցրած  հազարավոր զինվորները (որոնց համազգեստներին չկան տարբերանշաններ), ըստ Պուտինի, «տեղի ինքնապաշտպանական ուժերն են»:

Պուտինը բացառեց Ղրիմի հնարավոր միացումը Ռուսաստանին, սակայն հայտարարեց, որ խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին: Նա պաշտոնապես դեմ արտահայտվեց անջատողական շարժումներին՝ նշելով, սակայն, որ «ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»: Այսինքն Պուտինը նուրբ ձևով ակնարկում է, որ եթե Ղրիմում Ռուսաստանի ազգային շահերին ինչ-որ բան սպառնա, ապա որպես երկրորդ տարբերակ հնարավոր է՝ Ղրիմի բնակչությունը ինքնորոշման ցանկություն «հայտնի»: Այսպիսի քաղաքականությունը բացատրվում է նրանով, որ Պուտինը պաշտոնապես չի կարող աջակցել Ղրիմի անջատմանը Ուկրաինայից, քանի որ այն օրինակ կծառայի սեփական երկրում այնպիսի պոտենցիալ անջատողական շարժումների համար, ինչպիսին են Ռուսաստանի կազմում ընդգրկված Հյուսիսային Կովկասի հանրապետությունները, Թաթարստանը և այլն:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել